Հիշում եմ և պահանջում 

Քաղցրահամ ջուրը նույնիսկ նավթից է թանկ, իսկ Սևանա լիճը ճահճացման եզրին է. բնապահպան

analitik.am

Սևանի վիճակն այսօր կրկին տագնապալի է, քանի որ Կառավարությունը որոշում է Սևանից հավելյալ 70 մլն խմ ջուր բաց թողնել՝ խախտելով Սևանի մասին օրենքը, այսօր լրագրողների հետ իր մտահոգությունը կիսեց «Սևան» Ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանը:

«Պարզ չի, թե Կառավարությունն ինչ մեթոդներով է հաշվարկել, որ 5 տարի հետո արարատյան դաշտավայրում երաշտ է լինելու, ու դրանից ելնելով էլ որոշել է հավելյալ ջուր բաց թողնել»,- ասաց բնապահպանը, շարունակելով, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արփա-Սևան ջրատարը նորոգման փուլում է, ապա առաջիկա 5 տարվա կտրվածքով Սևանի մակարդակի անկում ենք ունենալու: Այսպիսով, ըստ բնապահպանի, Սևանին սպառնում է ճահճացման վտանգ:

Գագիկ Սուխուդյանն ասաց, թե Կառավարությունը և ջրային տնտեսության կոմիտեն նախատեսվածից ավելի ջրի բացթողումը պայմանավորում են նրանով, որ Արարատյան դաշտում ջուր չկա և մոտ 8000 տնտեսություն զրկած են իրենց այգիները ոռոգելուց:

«Սա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Սևանի մեղքով չէ, որ Արարատյան դաշտի գյուղացիները ջուր չունեն, այլ այն ապօրինի խորքային հորերի պատճառով է, որ Արարատյան դաշտում օգտագործվում է ձկնային տնտեսություններ զարգացնելու համար: Պաշտոնական տվյալներով՝ 500-ից ավելի ապօրինի հորեր կան այնտեղ»,- նշեց բնապահպանը, հավելելով, թե այդ հորերի փակման դեպքում Արարատյան դաշտը կունենա թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջուր:

Գագիկ Սուխուդյանի համոզմամբ՝ շատ երկրներում քաղցրահամ ջուրը նույնիսկ նավթից է թանկ, և եթե մենք կարողանանք ջուր ավելացնելու ճանապարհով բարձրացնել Սևանի մակարդակը, կկարողանանք տարածաշրջանում իշխող, որոշիչ դեր ունենալ:

«Եթե կտրուկ վերաբերմունք չցուցաբերենք և չհասկանանք, որ Սևանից թանկ բան չունենք, մեր մոտ ոչ մի բան չի ստացվի: Չկա պետական մի կազմակերպություն, որը պաշտպանում է Սևանի շահերը, Սևանի «կաշվի» մեջ ոչ ոք չի մտնում»,- նկատեց բնապահպանը։

Նա նաև ավելացնելով, թե հասարակությունը պետք է ավելի պահանջատեր լինի իր բնական ռեսուրսների նկատմամբ և միայն քաղաքական հարցերի շուրջ չէ, որ պետք է պահանջներ ներկայացնի:

Նույն շարքից