Հասարակություն Հարցազրույց Մամուլի տեսություն 

Մարտի մեկը փոփոխված Սահմանադրության դիմաց ոչինչ է. Աշոտ Մանուչարյան. «Անալիտիկ» շաբաթաթերթ

analitik.am

«Քսան տարուց ավել է, ինչ Հայաստանը արտաքին կառավարման ներքո է հայտնվել: Այստեղ օրենսդրական կառավարում է իրականացվում, մեր օրենսդրությունը՝ այդ թվում նաեւ Սահմանադրությունը, ստեղծվում է մեզանից դուրս»,- նման մտահոգություն է հայտնում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ մի մարդ, ով կանգնած էր Հայաստանի անկախացման  ակունքներում: Քաղաքական գործիչը  համոզված է, որ Սահմանադրությունը հանրաքվեից պետք է հանվի, քանի որ երկիրը այսօր գտնվում է ծանրագույն արտաքին եւ ներքին  իրավիճակում: «Այսօր ավելացել է նաեւ «Իսլամական պետության» սպառնալիքը եւ քրեաօլիգարխիկ իշխանության եւ «դեղնակտուց» ընդդիմության պարագայում անհրաժեշտություն է առաջանում լուծել երկրի կառավարման հարցը: Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ հանրաքվեն պետք է կայանա՝ հանցագործ են, երկրի հանդեպ ոճրագործություն են կատարում»: Այս թեմայով զրուցեցինք Աշոտ Մանուչարյանի հետ.

Պասիվ չե՞ն արդյոք երկրի առաջին եւ  երկրորդ նախագահները առաջիկա հանրաքվեին ընդառաջ: Արդյո՞ք ավելի լուրջ մոտեցում չպետք է ցուցաբերեին  երկրի Մայր օրենքի փոփոխության հանդեպ:

-Այսօր այնպիսի իրավիճակ է, որ ՀՀ յուրաքանչյո՛ւր քաղաքացի պետք է լուրջ վերաբերվի այս խնդրին: Ամեն մարդ ինքը պետք է որոշի, թե ինչ անի, որպեսզի իր քայլերով չվնասի երկրին եւ  կարողանա օգնել դուրս գալու այս իրավիճակից:

Լուրեր են պտտվում, որ ՀՀԿ-ն սկսել է ձայներ հավաքելու գործընթացը: Ինչ-որ մարդիկ են շրջում տնետուն եւ ցուցակագրում   քաղաքացիներին «Այո»-ի ճամբարում: Հաշվի առնելով, որ տարիների ընթացքում ձեւավորվել է ընտրակաշառքների «ավանդույթ», վտանգ չկա՞, որ այս անգամ էլ քաղաքացիների մի մասը՝ չգիտակցելով ընտրության կարեւորությունը, կարող է գումարի դիմաց կողմ քվեարկել փոփոխված Սահմանադրությանը:

-Կարող է եւ չգիտակցեն, որովհետեւ թույլ չեն տալիս, որ մարդկանց բացատրեն: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ կհասցնենք մարդկանց տեղեկացնել: Բացի այդ, բոլոր դեպքերում այդ փոփոխված Սահմանադրությունը չի գործելու Հայաստանում. հիմա դա կհասկանան, թե ավելի ուշ՝ միեւնույնն է, մարդիկ ի վերջո հասկանալու են, թե սա ինչ է: Նրանք բոլորը պատասխանատվություն են կրելու դրա համար, ու դա չեզոքացվելու է: Ինչի եմ ասում պատասխանատվություն են կրելու, որովհետեւ մարդիկ արդեն կարծում են, որ ինչ ուզեն կարող են անել, ոնց ուզեն կարող են անել, բայց սա հանցագործություն է, որը նույնիսկ սպանություն չի՝ մարտի մեկը սրա դիմաց ոչինչ է, ոչի՛նչ:

«Նոր Հայաստան» «Ո՛չ»-ի ճակատը, որի քարտուղարն է Ժիրայր Սեֆիլյանը, մտադիր է քաղաքացիական անհնազանդության միջոցով խափանել հանրաքվեն: Համամի՞տ եք նման մոտեցման հետ:

-Բոլոր տիպի ընդվզումները, որ հիմա կան, շատ կարեւոր են եւ այդ իմաստով նրանց գործողություններն էլ են շատ կարեւոր: Նրանք կարող են նաեւ սխալվել որոշ հարցերում, բայց ընդվզելու եւ ժողովրդին դեմ հանելու ուղղությունը, անկասկած,  ողջունելի է:

«Ոչ»-ի պայքարի ճամբարում արդյո՞ք ներգրավված են սփյուռքից հայեր, հաշվի առնելով, որ Հայաստանը ողջ հայության հայրենիքն է:

-Այո: Սփյուռքի հետ կապված մեկ հարց կա: Այստեղ կա Հայոց եկեղեցու հարցը: Հայոց եկեղեցին  ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այլ ողջ հայության խնդիրն է: Մեր եկեղեցին գրեթե երկու հազարամյակ մեզ համար ամեն ինչ է եղել: Մենք մեր պետականությունն անդադար կորցրել ենք, իսկ երբ որ մի վայրում վերականգնել ենք, մնացած տեղերում հայության կյանքը կարգավորողը եղել է եկեղեցին: Եկեղեցին հսկայական պարտավորություններ է իր մեջ պարունակում, իսկ այսօր այս փոփոխված Սահմանադրության մեջ մեր եկեղեցին վերցրել ու դրել են մյուս կրոնական կազմակերպությունների կողքին եւ  ընդամենը մեկ նախադասությամբ գրել են, որ եկեղեցին շատ կարեւոր է:  Ուրիշ ոչինչ: Երկու հազար տարի պետության դեր տարած եկեղեցին դեն է շպրտված, իսկ դա մեծագույն հանցագործություն է: Օսմանյան կայսրության բոլոր պարտավորությունները  մեր ժողովրդի հանդեպ, արածն ու չարածը, եկեղեցու միջոցով պետք է կարգավորվի: Կայսրությունում մեր ժողովրդի Սահմանադրությունը գրում էր եկեղեցին: Հինգ հարյուր տարի մենք այդ օրենքով ենք ապրել, պետականությունը դրանով է դրսեւորված եղել: Հիմա, երբ դա դեն են նետում, այդ բոլոր հարցերը տալիս են ուրիշների տնօրինությանը: Սա եւս մի խոշորագույն հանցագործություն է, սրանով  լծակները տալիս ենք արտաքին ուժերին: Մեր այստեղի իշխող օլիգարխիան լծակները տալիս է դրսի օլիգարխիային, որպեսզի պահպանի իր թալանի իրավունքը, մյուս կաղմից էլ խելքները չի հասնում այս ամենին: Սփյուռքը եւս պետք է գիտակցի այս հարցերը: Նրանք ավելի ազատ են եւ  եթե նրանք գիտակցեցին, ապա այս հարցերի վերաբերյալ  կլինի շատ մեծ ըմբոստություն:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից