Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Մեկնարկել է «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով միաբանական համագումարը

analitik.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ համագումարը` «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Համագումարին ներկա են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող 93 միաբաններից (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ) 75-ը:


Համագումարը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով: Համագումարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին նաև հավաքին մասնակից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Գուջանյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Հոգեշնորհ Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված միաբաններին հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը կարևորեց համագումարի անցկացումը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ և անդրադարձավ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած աղետալի կորուստներին, որի պատճառով 1.5 միլիոն հայություն մահվան դատապարտվեց, հայրենազրկվեց ազգը, կործանվեցին հազարավոր եկեղեցիներ, ոչնչացվեցին ազգային-մշակութային արժեքներ, խանգարվեց եկեղեցական ու ազգային կյանքը: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ հաստատեց, որ հակառակ այդ ոճրագործության հայ ժողովուրդն առ Աստված ապավինությամբ, հավատով և հույսով ամենուր լծվեց իր կյանքի վերակերտմանը, համախմբվեց ազգային, եկեղեցական կառույցների շուրջ, արդար քրտինքով, տառապանքով դրեց իր անկախ պետականության հիմքերը:

 

Այս համատեքստում անդրադառնալով հայ եկեղեցականի առաքելությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշեց. «Բազում են դժվարությունները, մեր ժողովրդի, պետության ու Եկեղեցու առջև ծառացած խնդիրները, սակայն մենք` որպես Քրիստոսին հավատացող ժողովուրդ, գիտենք հեռու վանել մեզանից վհատությունն ու թերահավատությունը, գիտենք հավատքով ու հույսով դիմագրավել բոլոր դժվարություններն ու փորձությունները: Եվ այս առաքելությունը ծանրացած է հայ եկեղեցականի ուսերին՝ ոգի ներշնչելու դժվարությունների մեջ մեր ժողովրդին, լավատեսություն պարգևելու, գոտեպնդելու, հավատքի հույսի լույսով շողացող ճանապարհների վրա առաջնորդելու մեր ժողովրդի զավակների կյանքը»:

 

Հայոց Հովվապետը հորդորեց միաբաններին, իբրև տերունական պատգամների ու պատվիրանների ճշմարիտ քարոզիչներ, հույսով, հավատքով ու լավատեսության ոգով գոտեպնդել աշխարհասփյուռ հայ ժողովրդին, օգնել հաղթահարելու կյանքի դժվարին իրավիճակները և ազգային միաբանությամբ առավել ամրապնդել մեր հայրերի իրականացած դարավոր տեսիլքը` հայոց անկախ պետականությունը, և կերտել հայության բարօր ու երջանիկ կյանքը:

 

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, հաջողություն մաղթելով համագումարի աշխատանքին, վստահությամբ նշեց, որ անդրադարձը Հայոց Ցեղասպանության ավելի պիտի զորացնի միաբաններին` լավագույնս տեսնելու ուղիղ և ճշմարիտ ճանապարհը հայ եկեղեցականի առաքելության ազգային կյանքից ներս, և առավել կխանդավառի իրականացնելու իրենց հովվական ծառայության վեհ ու աստվածահաճո գործը:

Նույն շարքից