Իրավական 

Ի՞նչն է կապում հունվար-փետրվար ամիսներին դեռահասների շրջանում տեղի ունեցած ինքնասպանության և անհետացման դեպքերն իրար

analitik.am

Սովորական է դարձել վերջին շրջանում արդեն ՙԻնքնասպանության փորձ կամ ինքնասպանություն 14-16 տարեկան դեռահասների շրջանում՚ կամ ՙկորել է անչափահաս՚ արտահայտությունները: ԶԼՄ-ների հաղորդումները, որ այս անհետացումներն ու ինքնասպանությունները կապված են դեռահասների շրջանում տարածված ՙԷՄՈ՚-ների շարժման հետ, իրականությունից հեռու չեն:



Հունվար-փետրվար ամիսներին Էմոների շարժման մասնակիցների ակտիվությունը ակնհայտ է: Հունվարին Կիևյան կամրջից ցած նետվեց Պռոշյանցի 15-ամյա աղջիկը, փետրվարի 9-ին Գյումրիում տանը ինքնասպան եղավ ուսանող Ժենյա Սարիբեկյանը, փետրվարի 17-ին գյումրեցի Քրիստինայի անհետացումը, ով խոստովանել է, որ գնացել էր մարզերով զբոսնելու համացանցում ծանոթացած անձանց հետ:



Հավաստի աղբյուրներից տեղեկություններ կան վերոնշյալ երեք դեպքերից երկուսի մասով, որ աղջիկները պատկանել են ՙԷՄՈ՚ աղանդին: Նախաքննությունը ընթացքի մեջ է և նախաքննության ավարտին կհրապարակվեն գաղտնի նյութերը:


Փոքր-ինչ ՙԷՄՈ՚-ների մասին…


ՙԷՄՈ՚ -ն հապավում է անգլերեն emotional բառից, այսինքն՝ զգացմունքային: ՙԷՄՈ՚ -ները պնդում են, որ Էմո լինելը դա զգացմունքային և մտավոր կարգավիճակ է ԱՄՆ-ում:


 ՙԷՄՈ՚ -ն համարվում է ենթամշակույթ, որտեղ կան ուրույն բարքեր, երաժշտություն, հագուստ, բայց ամենակարևորը գաղափարներ ու հոգևոր վիճակ, ինչն էլ հանդիսանում է ՙԷՄՈ՚ կնքվելու կարևորագույն հիմքը: Այս ուսմունքի հիմքն է հանդիսանում երիտասարդների շրջանում դեպրեսիվ վարքագիծը, ինքնասպանության վերաբերյալ մտորումները և ի վերջո, բուն ինքնասպանությունը:


Ի տարբերություն այլ դեռահաս ենթամշակույթների ՙէմո՚-ները առաջին մշակութային շարժումն է համացանցում (ստեղծվել է Քելլիի և Սիմոնի կողմից 2007թ.-ին): Զարգացումը սոցիալական կայքերում թույլ է տվել դեռահաս էմոներին գտնել միմյանց առցանց եւ կիսվել իրենց մտքերով, ցավերով, ապրումներով և երաժշտությամբ: Ամենալայն Facebook սոցիալական ցանցում գրանցված են ավելի քան 500 խմբեր, որոնք վերաբերում են ՙԷՄՈ՚-ների ապրելակերպին, մշակույթին և ստեղծված են հենց այդ  համատեքստում:


Դեպրեսիան ՙԷՄՈ՚-ների շարժման հիմնական հատկանիշն է, ինչն էլ հանդիսանում է առաջատար պատճառներից մեկը դեռահասների ինքնասպանության գործում: էմոների զարգացումը և տարածումը համացանցում նրանց շփումը հիմնականում դարձրել է առցանց, մասնավորապես սոցիալական ցանցերի միջոցով: Այսպիսով, դեռահաս էմոները սոցիալական ցանցերում ձևավորում են հարթակ դեպրեսիայի, ինքնասպանության և սուիցիդալ վարքագծի արտահայտման համար:


Մի շարք կայքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Էմոները ատում են իրենք իրենց, իսկ Գոթերը ատում բոլորին: Սեփական անձը վնասելը, երակները կտրելը, ինքնասպանությունը և անորեքսիան  համատարած են Էմոների շրջանում:


Տարբեր հարցումների շնորհիվ հնարավոր է եղել պարզել ինքնավնասման պատճառները դեռահասների շրջանում: Այսպես, իրենց խոսքերով, դա հոգու ցավը և ապրումները իրենց միջից դուրս մղելու միջոց է: Էմոները նշում են, որ իրենք տարբեր են հասարակության այլ անդամներից, իրենց չեն հասկանում և իրենց կարծիքները մերժվում են ծնողների ու այլոց կողմից և հենց դա է դառնում իրենց դեպրեսիայի պատճառը, որն էլ հետագայում հանգեցնում է ինքնավնասման:


Ծնողներին մեղադրելը, որ չեն հետևում իրենց երեխաներին, անիմաստ է: Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ դեռահասներին արգելել օգտվել համակարգչից, համացանցից և սոցիալական կայքերից: Այս չարիքի դեմ պայքարի հիմնական միջոցը պետք է լինի մեր երիտասարդության հոգևոր արժեքների ձևավորումը, Հայ Առաքելական եկեղեցուն մոտիկ լինելը, կայուն հոգեկան աշխարհի ձևավորումը հատկապես դեռահասության շրջանում:


ՙԵրեխաների իրավունքների մասին՚ Կոնվենեցիայի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իր կրոնը կամ հավատը դավանելու ազատությունը կարող է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության բարոյականության և առողջության կամ այլ անձանց հիմնարար իրավունքների կամ ազատությունների պաշտպանության համար: ՙԵրեխայի իրավունքների՚ մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:


Պետությունը ևս պարտականություններ ունի երեխաների իրավունքնեի պաշտպանության ոլորտում: ՙԵրեխայի իրավունքների մասին՚ ՄԱԿ-ի կոնվենցիայի 17-րդ հոդվածը պարտավորեցնում է Անդամ պետություններին խրախուսել երեխայի բարեկեցությանը վնասող տեղեկատվությունից և նյութերից երեխային պաշտպանելու համապատասխան ուղենիշների զարգացումը: ՙԵրեխայի իրավունքների՚ մասին ՀՀ օրենքի 33, 34-րդ հոդվածների համաձայն էլ Երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և կարգով: Ծրագիրը այլ խնդիրների հետ միասին ներառում է նաև երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները:


Հ.Գ. Վերջին շրջանում դեռահասների շրջանում աճող ինքնասպանության փորձերն ու անհետացումները, պետության համար լուրջ ազդակ է անդրադառնալու այս կարևորագույն խնդրին՝ ելնելով ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենսդրությամբ ստանձնած պարտավորություններից:


Անուշ Հարությունյան

 

Նույն շարքից