Հայաստան Միջազգային Քաղաքականություն 

Մոտ ապագայում Հայաստան-Բելառուս առևտրաշրջանառության ծավալները կավելանան. Իգոր Նազարուկ

analitik.am

Այսօր հայ-բելառուսական գործարար համաժողովի շրջանակում Երևանի առևտրաարդյունաբերական պալատում հայ և բելառուս գործարարները քնարկեցին փոխշահավետ տնտեսական հարցեր: Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը նշեց, որ Հայաստանի ու Բելառուսի միջև առկա առևտրատնտեսական հարաբերություններն իրենց հնարավորությունների ամբողջ պոտենցիալով չեն գործում:

Շուրջ 40 մլն դոլարի ապրանքաշրջանառությունն այս երկու երկրների միջև, ըստ դեսպանի, բավարար չէ: Համաժողովի ընթացքում երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչները խոսեցին տնտեսական գործակցության հնարավորությունների ու ցանկությունների մասին: Գործարարները նշեցին, որ ԵՏՄ անդամակցությունը մեծապես նպաստել է երկու երկրների գործակցության աճին:

Ըստ բելառուս գործարարների՝ հայկական գինիները, հանքային ջրերը, հյութերը, կոնյակը բավականին մեծ պահանջարկ ունեն Բելառուսում: Անշուշտ, Հայաստանն ավելի շատ ապրանքատեսակներ է ներկրում Բելառուսից: Իգոր Նազարուկը հուս հայտնեց, որ առաջիկայում ոչ միայն առևտրաշրջանառության ծավալները կավելանան, այլև շուկաների միջև հավասարակշռություն կլինի:

«Կարծում եմ` հետաքրքրությունների աճ կլինի շուտով` անկախ նրանից, որ կան որոշակի բացասական երևույթներ՝ կապված արժութային և նավթային շուկաների քաոսային վիճակի հետ: Որոշ հոռետեսներ մեր երկրների միջև եղած առևտրաշրջանառության ծավալները չափում են դոլարով արտահայտված թվերով: Բայց մեր երկրների միջև եղած գործակցությանը պետք է նայել առևտրաշրջանառության ծավալների ավելացման տեսանկյունից: Իսկ այդ ոլորտում աճ կա: Դա հաստատ է»,- նշեց Իգոր Նազարուկը:

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ սա արդեն երկրորդ գործարար համաժողովն է, որ անցկացվում է Բելառուսի ու Հայաստնի միջև: Հայաստանը փորձում է արտահանման ծավալներն ավելացնել:

Analitik-ի հարցին, թե բելառուսական ապրանքներից ու արտադրատեսակներից հարկապես որո՞նք ունեն սպառման մեծ ծավալներ, Կարեն Մարտիրոսյանը պատասխանեց.

‹‹Մեր երկրում սպառման մեծ ծավալներ ունեն բելառուսական տարբեր ապրանքատեսակներ: Բայց այս առումով կուզենայի առանձնացնել բելառուսական սննդամթերքը, գյուղատնտեսական տեխնիկան և ‹‹Կոնտե›› ֆիրմայի արտադրանքը››:

Նույն շարքից