Գլխավոր Հասարակություն 

«Քեթրին» ընկերության հետ առնչություն չունեմ. Միհրան Պողոսյան

analitik.am

Այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հանդիպեց լրագրողների հետ: Վերջինս լրագրողներին հայտնեց, որ 2015 թվականին ԴԱՀԿ-ի կողմից բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 միլիարդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 893.222 կատարողական վարույթ:

2015 թվականին պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 24.955.765.343 դրամ, մասնավորապես՝ պետական բյուջեի օգտին՝ 7.190.192.380 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 13.676.112.023 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.601.220.616 դրամ: Ոչ գույքային բնույթով հարուցվել և ընթացք է տրվել 27.348 կատարողական վարույթ։

Պարզվում է, որ 890 հազար ընդհանուր վարույթներից 660 հազարը պետավտոտեսչության վարչական ակտերն են:
Խոսելով բռնագանձումների ծավալների մասին՝ Միհրան Պողոսյանը նշեց. «Մենք կարող ենք արձանագրել, որ կամովին չկատարված գործառույթներն ավելանում են, և այս տարի մեր բռնագանձումների ծավալը կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ: Անցյալ տարի դա կազմել է 37 միլիարդ դրամ, եթե համեմատենք անցյալ տարվա հետ, այս տարի նվազել է»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ բռնագանձումների ծավալներն այնքան մեծ են, ստացվում է՝ Հայաստանի բնակիչների կեսից բռնագանձումներ են կատարվում:

Միհրան Պողոսյանը, սակայն, չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը. «Այդպիսի մաթեմատիկական հաշվարն այս պարագայում ճիշտ չէ: Ակտերը մեկ-մեկ բաշխված չեն մարդկանց վրա: Այսօր կա պարտապան, որ քառասուն միլիոն դրամի վարչական ակտ ունի»:

Գաղտնիք չէ, որ ԴԱՀԿ-ի գործունեության արդյունքում մարդիկ երբեմն սնանկանում են, կամ դառնում են տնանկ: Արդյո՞ք նախատեսվում է ստեղծել օրենսդրական այնպիսի ակտ, որն օգնության կհասնի այսպիսի մարդկանց:

Անդրադառնալով այս խնդրին՝ Միհրան Պողոսյանը նշեց, որ այդպիսի նախաձեռնություն արդեն կա. «Դուք խնդրին միայն պարտապանի կողմից եք նայում, բայց պետք է նաև պահանջատիրոջ դիտանկյունից նայել, չէ՞ որ մենք այսօր պահանջատիրոջ իրավունքներն ենք փորձում վերականգնել։ Մենք ունեցանք որոշակի նախաձեռնություններ և վերջին կացարանից չզրկելու խնդիր առաջադրեցինք, ցավոք, մինչև այսօր մենք դեռ դրա լուծումը չունենք: Շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել ու փորձել պարտապանին չզրկել վերջին կացարանից: Պետք չէ ԴԱՀԿ ծառայությունը դիտարկել որպես ֆաշիստական կառույց»:

Analitik.am-ի լրագրողը հարց ուղղեց բանախոսին՝ փորձելով հստակեցնել՝ սահմանադրական փոփոխությունների արդյուքում ի՞նչ փոփոխություններ կլինեն ԴԱՀԿ ծառայությունում: Մոտ ապագայում ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները կավելանա՞ն, թե՞ կպակասեն:

«Առայժմ այդ մասին ոչինչ ասել չեմ կարող: Փաստաթղթերը պատրաստ կլինեն ու միայն այդ ժամանակ ամեն ինչ հստակ կլինի», - նշեց Միհրան Պողոսյանը:

Առիթից օգտվելով՝ լրագրողները Միհրան Պողոսյանին հարցեր ուղղեցին նաև վերջինիս անձնական կարողության մասին: Հարցեր հնչեցին հատկապես «Քեթրին» ընկերության մասին:

«Եթե մի քիչ ուշադիր լինեք Միհրան Պողոսյանի կենսագրությանը կարդալիս, կտեսնեք, որ այսօր գործող «Քեթրին» ընկերությունը 1997 թվականին հիմնել է Միհրան Պողոսյանը: Որոշակի ժամանակահատված կառավարել եմ այդ ընկերությունը: Ինչ ստանձնել են այս պաշտոնը, «Քեթրին» ընկերության հետ առնչություն չունեմ: Իմ ընտանիքը ևս առնչություն չունի այդ ընկերության հետ;

Նույն շարքից