Հոգեբանի անկյուն 

Ինչպես պայքարել սթրեսի և ապատիայի դեմ

analitik.am

Այսօր մենք ապրում ենք հագեցած կյանքով,  որը լի է վերելքներով, վայրէջքներով, լի է փոփոխություններով և այդ ամենը ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա: Մի խոսքով՝ մարդը ապրում է լարված, տագնապալի կյանքով:

Այսօր շատերի բառապաշարում ավելի ու ավելի շատ է հնչում հետևյալ նախադասությունը. «ես սթրեսի մեջ եմ»: Ի՞նչ է իրականում սթրեսը, ի՞նչն է հանգեցնում սթրեսի և ինչպե՞ս պայքարել դրա դեմ:

Սթրեսը մեր օրգանիզմի հակազդեցությունն է արտաքին և ներքին ազդեցություններին: Մարդու վրա ազդում են և սթրեսի կարողն են հանգեցնել, մարդիկ, շրջապատող աշխարհը, իրադարձությունները, մտքերը, կոնֆլիկտները ընտանիքում, հարազատի կորուստը, ամուսնալուծությունը, որքան էլ զարմանալի է` նաև ամուսնությունը, առաջխաղացումը աշխատանքում և այլն, այսինքն` օրգանիզմի համար ոչ սովորական պայմանները առաջ են բերում լարվածություն: Սկզբնական շրջանում մարդն իր ուժերը կենտրոնացնում է և թվում է, թե կարողանում է ղեկավարել իր հույզերը և ամեն ինչ բարեհաջող է ընթանում, բայց որոշ ժամանակ անց օրգանիզմի ռեսուրսները սպառվում են, լարված վիճակը փոխարինվում է  ապատիայով, որը տանում է դեպի դեպրեսիայի: Ապատիայի (արտաքին աշխարհի նկատմամբ հետաքրքրության կորուստ) դեպքում նկատվում է աշխատունակության անկում, թուլություն, քնելու ցանկություն, վատանում է առողջությունը:

Երկարատև սթրեսը կարող է հանգեցնել հոգեկան տրավմաների և նևրոզների: Բոլորի կյանքում էլ լինում են այնպիսի իրավիճակներ, որ թվում է` այլևս ոչինչ չի կարելի փոխել: Մարդը իրեն զգում է անելանելի վիճակում:

Սթրեսը ընթանում է 3 փուլով`

  1. Տագնապ
  2. Դիմադրություն, ուժերի լարում
  3. Հյուծում

Տագնապի փուլում մարդն առնչվում է սթրեսն առաջացնող գործոնին՝ դժբախտ պատահար, վատ լուր, անսպասելի իրադարձություն և այլն: Դիմադրության և ուժերի լարման  փուլում սկսում է ելք փնտրել ստեղված իրավիճակից: Եթե կարողանում է մոբիլիզացնել ուժերն ու հաղթահարել ստեղծած իրավիճակն, ապա սթրեսն  անցյալում է մնում, իսկ եթե չի կարողանում մոբիլիզացնել ուժերն ու հաղթահարել այն առաջանում է հյուծման փուլը՝ թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական առումով: Սթրեսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է  արտահայտվում. մի մասը սկսում է շատ ուտել, որը հանգեցնում է գիրության, մյուս մասը՝ հակառակը, սկսում են քիչ ուտել, ախորժակի բացակայություն է նկատվում, ինչն էլ հանգեցնում է ուժերի պակասի, որոշ մարդիկ դառնում են գերզգայուն, մյուսներն՝ ավելի լարված, նյարդային, տեղի անտեղի կարող են վիրավորել դիմացինին: Պետք չէ մոռանալ, որ շատերը իրենք են իրենց սթրեսի ենթարկում: Պետք չէ սեփական անձից և ուրիշներից շատ բան պահանջել: Այստեղ կարևոր է, որ մարդը մի պահ կանգ առնի,  ինքն իրեն հարցնի` ինչ է կատարվում, որն է իր սթրեսի պատճառը: Եթե հնարավոր է սթրեսածին իրավիճակը փոխել, առաջինը պետք է դիմել այդ քայլին: Եթե ոչ, պետք է  փոխել վերաբերմունքը ստեղծված անհարմար կամ ոչ նպաստավոր իրավիճակի հանդեպ: Սթրեսից դուրս գալուն նպաստում է սպորտով զբաղվելը, երաժշտությունը, արվեստի հետ շփումը, նկարելը:

 

Նույն շարքից