Հոգեբանի անկյուն 

Սիրեցե'ք ձեզ և ուրիշները կսիրեն ձեզ

analitik.am

Այլ մարդու հանդեպ դժբախտ սիրո պատճառ երբեմն հանդիսանում էսեփական անձի հանդեպ սիրո բացակայությունը։ Տարածված մոլորություն է, որ մարդուն երջանկություն կարող է բերել միայն մեկ այլ` հակառակ սեռի անձը: Անշուշտ, բնության մեջ ամեն ներդաշնակություն զույգերով է և հակառակ սեռի անձը կոչված է լրացնելու մարդու կեսը և երջանկություն պարգևելու նրան, սակայն պետք է հիշել, որ ամենից առաջ մե՛նք պետք է սիրենք մեզ:  Եթե դու քեզ չես սիրում, ապա անիմաստ է զգացմունքներ ակնկալել և առավել ևս`պահանջել ուրիշ մարդուց:    

Երջանկության ոսկե կանոնը հետևյալն է. ես պետք է սիրեմ և ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին ես եմ, այդ դեպքում մնացածի սերը կուրախացնի ինձ, սակայն ես չեմ տանջվի և չարչարվի դրա բացակայության պատճառով։ Ամեն մարդ յուրահատուկ ու անկրկնելի տիեզերք է։ Բայց միաժամանակ ոչ ոք կատարյալ չէ,  և մենք ինքներս ոչ ոքից պակաս չենք անկախ ամեն ինչից։ Մարդը բազմաչափ է, բազում կողմեր ու անճանաչելի հատկություններ ունի, մենք չենք կարող գնահատել նրան։ Եթե մեկը մի վատ բան արեց, մենք չենք կարող նրան վատը համարել, քանի որ չենք կարող իմանալ բոլոր գործոնները, որոնք նրան ստիպեցին այդպես վարվել։ Բացի այդ վատը հարաբերական է՝ մեկի համար անկաշկանդությունը լկտիություն է, իսկ մյուսի համար` ներքին ազատության նշան, վատի հասկացությունը տարբերվում է մշակույթից մշակույթ, մարդուց` մարդ։ Նույնպես և մենք՝ անհնար է «դասակարգել» սեփական անձը (առավել ևս որ այստեղ մենք չենք կարող օբյեկտիվ լինել) անհաջողակլքված, միայնակ ածականներով։ Եթե դու քեզ այդպես չպահես, դու չես լինի ոչ անհաջողակ, ոչ լքված, ոչ էլ միայնակ։

Պետք չէ շփոթել սերը սիրահարվածության հետ։ Ինչպես գրում է հանրահայտ հոգեվերլուծող Իրվին Յալոմը. «Սիրահարվածությունը անհամեմատ հեռու է իրական սիրուց։ Սերը, ավելի շուտ, գոյության ձև է, ոչ այնքան ձգտում, որքան ինքնանվիրում, հարաբերություն ոչ այնքան մեկ մարդու հանդեպ, որքան ողջ աշխարհի»։

Եթե դու քեզ չես սիրում, ապա դժբախտ կամ լքված զգալու առիթ միշտ կգտնվի։ Մարդիկ իրարից տարբերվում են իրենց վերաբերմունքով երևույթներին։ Ինչ-որ մեկի համար դեմքին դուրս տված պզուկը կարող է դեպրեսիայի առիթ դառնալ։Դժբախտության իրական պատճառը մեր վերաբերմունքն է դեպքերի ու մարդկանց հանդեպ։ Հաճախ սիրո առարկան ուղղակի պատահական է ընտրվում, իսկ երբ գալիս է նրա հետ բաժանվելու ժամանակը, դա դառնում է «տիեզերքի կործանման սկիզբը». մարդիկ երբեմն ինքնասպանություն են գործում կամ վնաս պատճառում սիրո օբյեկտին: Դա սխալ վերաբերմուքն է. կյանքը շարունակվում է:

Եթե մարդ ունակ է լիարժեք սիրել, ապա նա սիրում է նաև իրեն: Եթե նա ունակ է սիրել միայն այլոց, ապա նա չի կարող սիրել ընդհանրապես։ Էրիխ Ֆրոմ (մեծ հումանիստ հոգեբան և փիլիսոփա)

Նույն շարքից