Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս ավելի ինքնավստահ դառնալ

analitik.am
Սեփական անձն ու հնարավորությունները վերագնահատելը հեշտ գործ չէ: Այստեղ շատ կարևոր է մի կողմից բացահայտել սեփական հնարավորությունների սահմանը, մյուս կողմից չանցնել այդ սահմանը ու դառնալ ինքնասիրահարված ու ինքնահավան մի էգոիստ: Այստեղ, կարծում եմ, ձեզ օգնության պետք է հասնի ձեր ոգին, խիղճը, այն իսկական ներքին ձայնը, որին ժամանակ առ ժամանակ լսում կամ արհամարհում ենք բոլորս` կախված իրադրությունից: Այսպես թե այնպես ցանկացած մարդ կարիք ունի ժամանակ առ ժամանակ այսպես ասած «իրականության վերստուգման» /reality check/` մոլորությունից խուսափելու համար:
 
Նախ, եթե ցանկանում եք պահպանել ձեր իսկական դեմքը, լինել ինքնավստահ, բայց նաև խոնարհ ու պարկեշտ, առաջին հերթին խորհուրդ եմ տալիս դիմացինի հետ վերաբերվել ինչպես հավասարի, «չգցել», «աչոկներ» չհավաքել, հեռու մնալ «պոնտերից» ու նման անազնիվ քայլերից: Հավատացեք, ձեր անձն ու վստահությունը բարձրացնելու միակ տարբերակը դիմացինի անձն ու հեղինակությունը իջեցնելը չեն: Միգուցե կզարմանաք, բայց կան ավելի արդյունավետ ու հարգալից, ժամանակակից մեթոդներ:
 
Ժպտացեք հաճախ: Ժպիտն ու բարեհոգությունը դարձնում են ձեզ անասելիորեն ձգողական, տալիս են վստահելության զգացում: Պահպանեք զրուցակցի հետ շփումն ու անգամ երկխոսությունն աչքերի միջոցով, քանի որ նման շփումը կամ դրա բացակայությունը շատ բան կարող են ասել ձեր իրական նկատառումների մասին:
 
Պետք չէ նպատակներին հասնել «ինչպես էլ որ պատահի»: Իհարկե, կան խնդիրներ, որոնց մարդիկ հասնում են անգամ կյանքի գնով, սակայն նման հիրավի կարևոր պրոբլեմներն իրականում այդքան էլ շատ չեն: Ամեն օր չենք գնում պաշտպանելու հայրենիքը, բարի անունն ու ընտանիքը օտարներից: Սեփական բարօրությունը պահպանելը հիմնականում կախված չէ ամենօրյա տանջալից ու անդադրում ջանքերից: Մի փորձեք ամեն ինչին հասնել արագորեն և ամեն գնով: Մի եղեք անտանելիորեն կատարելամոլ: Դուք կատարյալ չեք, այլ ընդհամենը մարդ, սխալվելն ու սայթաքելը նույնպես մարդկային են, միգուցե այսօրվա սայթաքումը վաղը կծառայի ձեզ որպես ընկալված խորհո՞ւրդ: Հավատացեք, հիմնականում այդպես էլ լինում է: Վստահ եղեք, ամեն ինչ հնարավոր է, եթե դուք ժամանակ ու տարածություն եք տրամադրում այդ հնարավորությանը, որպեսզի այն տեղի ունենա:
 
Դադարեք հետևել ու մտապահել միայն վատ նորությունները: Վերջին լուրերին հետևելը մի բան է, այլ բան` երբ կենտրոնանում եք բացասական, այսպես կոչված՝ «ցնցող» լուրերի վրա: Այդ ցնցող լուրերը նման են այն արագ ու անառողջ կերակրատեսակներին, որոնց վտանգավորության մասին մենք այնքան լսում ենք: Նույնը վերաբերում է ոչ պակաս ցնցող, սակայն հիմնականում դատարկ ու անբարո սերիալներին ու դրամաներին: Դրանք ցանկալի են, ստեղծում են ժամանակավոր էմոցիա, սակայն դրա հետ մեկտեղ առաջացնում հոգեկան աննկարագրելի ռեզոնանս, իսկապես որ ցնցում: Առաջին հայացքից դուք մտածում եք, թե ցնցումն անցավ, ու ամեն ինչ կարգավորվեց, սակայն հիշեք՝ ենթագիտակցությունն ունի իր սեփական հիշողությունը, սեփական վախն ու կարծիքը: Այն հաճախ չի ենթարկվում սթափ դատողություններին ու շատ ավելի հաճախ, քան դուք կմտածեիք` ենթագիտակցորեն ազդում է ձեր հետագա անելիքների ու վարքի վրա:
 
Փորձեք մարդկանց հետ լինել լավատես: Սա կապված է առաջին պայմանի հետ: Միշտ չէ, որ պարզապես արտացոլելով դիմացինի վարքը իր իսկ ուղղությամբ` կհասնեք հաջողության: Ինքս իմ օրինակով եմ պարզել, որ երբ անգամ ամենավատ կամ բացասական տրամադրության ժամանակ դիմացինը փորձում է ներկայանալ դրական ու կիրթ վարքով, ապա դա ոչ միայն լիցքաթափում է բացասական էներգիան մեր միջև, այլև ստեղծում է դիմացինի նկատմամբ ենթագիտակցական շնորհակալության և հանգստության զգացմունք, որը հաճախ փոխակերպվում է հարգանքի: Իսկ նման շրջադարձը, իհարկե, անմիջապես բերում է ոչ միայն ձեր ինքնավստահության բարձրացման, այլ նաև դիմացինի` ձեր իսկ նկատմամբ վստահության, որը, կարծում եմ, անգնահատելի դրական առաջխաղացում է ձեզ համար:

Նույն շարքից