Իրավական 

ՀՀ օրենսդրության մեջ «բժշկական սխալ» հասկացություն գոյություն չունի. փաստաբան

analitik.am

ՀՀ օրենսդրության մեջ «բժշկական սխալ» հասկացություն գոյություն չունի, ինչի հետևանքով հաճախ մասնագիտական սխալ թույլ տված բժիշկները պատասխանատվության չեն ենթարկվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաստաբանների պալատի փաստաբան Գևորգ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ հաճախ նույնիսկ փորձաքննություններից հետո հնարավոր չի լինում պարզել՝ բժիշկը թույլ է տվե՞լ սխալ, թե՞ ոչ:


«Համապատասխան օրենքում ասվում է, որ եթե մասնագիտական պարտավորությունները բժիշկը կամ չի կատարել, կամ անփութորեն է կատարել, ինչի արդյունքում հիվանդի առողջությանը հասցվել է միջին ծանրության կամ ծանր վնասվածքի, ապա բժիշկը պետք է ենթարկվի պատասխանատվության»,- ասաց նա՝ նշելով, որ չի ցանկանում հարցը կենտրոնացնել բժշկի պատասխանատվություն կրելու հարցի շուրջ, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի խուսափեն սխալներից:

 

«Պետությունը պետք է բժշկության բոլոր տեսակները լիցենզավորի և յուրաքանչյուր անձ, որ զբաղվում է բժշկությամբ, պետք է համապատասխան ծառայության համար լիցենզիա ունենա, ինչը որոշ տեսակների դեպքում բացակայում է: Օրինակ՝  ներկայումս սքենար թերապիան լիցենզիա չի պարտավորեցնում, այնինչ մարդիկ գնում են ժամանակ ու փող են վատնում թերապիայի վրա»,- ասաց նա:

 


Փաստաբան  Մուրադ Ասրյանն էլ մի մասնավոր դեպք օրինակ բերեց, երբ «Ռ և Պ սքենար» ընկերությունը, որը Առողջապահության նախարարության կողմից ստացել է լիցենզիա զբաղվելու միայն առաջնային բուժօգնությամբ և ախտորոշմամբ, մատուցել է նաև մասնագիտական բուժօգնություն և կիրառել սքենար թերապիա:

 

«Նախարարությունը վերջերս՝ փետրվարի 25-ին, կասեցրեց ընկերության լիցենզիան, բայց օրերս ընկերության տնօրենը Facebook-յան իր էջում գրել է, որ վերականգնում են իրենց աշխատանքը և շարունակելու են այն»,- ասաց նա։


Հարցին, թե ում կարող է դիմել հիվանդը, երբ բժշկի անփույթ վերաբերմունքի հետևանքով վնասել է առողջությունը, փաստաբան Գևորգ Մկրտչյանն ընդգծեց, որ միակ տարբերակը դատարանն է:

 

Նույն շարքից