Իրավական 

Կրիմինալի դեմ պայքարում Վանո Սիրադեղյանի մեթոդն ընդունելի էր. Ահարոն Ադիբեկյան

analitik.am

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված ասուլիսին համաձայնվեց, որ երկրում ոչ միայն կրիմինալ վիճակն է ակտիվացել, այլ աղմկահարույց դեպքերն են շատացել.  հայրը որդուն է սպանում, որդին՝ մորը և այլն:

Բանախոսը նկատեց, որ քաղաքականությունն ու տնտեսությունն իրար շատ սերտ են կապված, քաղաքականի տակ միշտ տնտեսական պաստառ կա, և հակառակը: «Հիմա պետք է իմանալ, քաղաքականի՞ց է գալիս, թե՞ տնտեսականից»,- հարցրեց նա:


 

«ՀՀ-ում չգրանցված զենքի մեծ քանակ կա, դա չի վերահսկվում ոչ մեկի կողմից և  պետության նման բաների կանխարգելումը թույլ է»,- ասաց նա և հիշեց 90-ականները, երբ ներքին գործերի այն ժամանակվա նախարար Վանո Սիրադեղյանն ինչպես կարողացավ այս խնդրին լուծում գտնել:


 

«Վանո Սիրադեղյանին հարգում եմ միայն նրա համար, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին 24 ժամ տվեց, որ կամ մտնեն բիզնես և աշխատեն, կամ Հայաստանից գնան: Եվ առ այսօր կազմակերպված հանցագործություն չի գրանցվել»,- ասաց նա, բայց հավելեց, որ դրանից հետո ՀՀ-ից հանցագործության արտահոսք է եղել ՌԴ։


«Հիմա սահմանները, որ բացվել են, դա նշանակում է, որ հոսք կարող է լինել Հայաստան: ԵՏՄ մտնելն իր դրական կողմերի հետ բացասական երևույթներ ունի»,- ասաց նա և նշեց, թե ամեն դեպքում պետությունը կարող է արգելել, թույլ չտալ օրենքով գողերի մուտքը։ «Նրանց ցուցակը հեշտությամբ կարելի է գտնել նույնիսկ ինտերնետում»,- ասաց նա։ 



Հարցին, թե այսօր հնարավոր է նույն մեթոդով կանխել հանցագործ տարրի մուտքը Հայաստան՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, թե ժամանակները տարբեր են։



«Երբ հեղափոխություններ են լինում, քրեական աշխարհը փորձում էր պետքական լինել կամ ընդդիմությանը, կամ իշխանություններին ։ Այսօր ինչ-որ կա և Վանո Սիրադեղյանի ժամանակ, նրանք ժամանակին քայլ արեցին և քրեածին մասը պասիվացավ, բայց ժամանակները ռեժիմային էր, կայացած պետություն չկար, և նոր ստեղծած ուժը ուժային մեթոդներով էր արվում, այսօր ժողովրդավարության արագացման դեպքում պետությունները չեն կարող պարտադրանքով անել:  Պետք է հարգել մարդու իրավունքները»,- նշեց նա:


 

Լեռնիկ Ալեքսանյանն անցնող շաբաթվա թեժ միջադեպերը՝ Գյումրու դեպքեր,սպանություններ, հանցավոր աշխարհի առճակատումներ  և այլն, չի համարում, որ քաղաքական ենթատեքստեր ունեն:  «Քաղաքական ենթատեքստեր պետք չէ փնտրել, հատկապես իշխանություններին բացարձակ պետք չեն նման կրիմինալ դեպքեր, դրա համար բացառում եմ քաղաքական մոտեցումը»,- ասաց նա:

Նույն շարքից