Հոգեբանի անկյուն 

Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ

analitik.am

Ավելի քան մեկ դար առաջ Ֆրիդրիխ Նիցշեն ասել է. "Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ": Եվ ավելի քան մեկ դար շատերը փորձում են ընդդիմանալ այդ մտքին, մասնավորապես հոգեբանները, ովքեր փորձում են ապացուցել, որ  բացասական փորձը փոխում է մարդուն դեպի վատը:  Տարբեր ուսումնասիրությունների արդյունքում ծնվեց տեսությունը` համաձայն որի  ետտրավմատիկ սինդրոմը հենց այնպես չի անցնում, եւ մարդը նման վիճակից հետո դժվար է վերականգնվում: Սակայն հոգեբանների ասոցիացիայի ուսումնասիրությունը, որ հրապարակվել է Current Directions in Psychological Science ամսագրում, զարմացրել է գիտական հանրությանը:

 

Բաֆֆալոյի համալսարանի պրոֆեսոր Մարկ Սիրին  վստահեցնում է, որ բարդ փորձությունները ամրացնում են մարդուն` նրան հոգեբանորեն ավելի կայուն դարձնելով:  Պրոֆեսորն ուսումնասիրել է մարդկանց , ովքեր վերապրել են, օրինակ` հարազատի մահը, ֆիզիկական եւ սեռական բռնությունները,  բաժանումը ծնողներից կամ բնական աղետները: 

Հոգեբանը պարզել է, որ նա, ով շատ տխուր դեպքերի է հանդիպել իր կյանքում, ծանր դեպրեսիա է անցել եւ հոգեբանական տրավմա տարել:  Սակայն զարմանալի է, նրանք, ում կյանքը շատ թեթեւ է անցել եւ առանց ցնցումների, բախվել են նույն խնդիրներին: Ավելի լավ է եղել այն մարդկանց վիճակը, ովքեր չափավոր դժվարություններ են հաղթահարել:

Ըստ երեւույթին մարդիկ  սովորում են կառավարել իրավիճակը` անցնելով դժբախտությունների միջով:

Միեւնույն ժամանակ նրանց կյանքում միայն դժբախտություններ չի, որ եղել են, դրա համար նրանք չեն կորցրել լավատեսությունը: 

"Բացասական կենսափորձը  նրանց բարոյապես ամրացրել է, եւ նրանք դժվարությունների միջով ավելի հեշտ են անցնում: Բացի այդ, նրանք սոցիալական  հմտություններ են ձեռք բերում, քանի որ օգնության համար դիմում են  ընկերներին ու հարազատներին",- բացատրում է Մարկ Սիրին:  

"Եվ այդուհանդերձ,  այդ դառը փորձը մարդուն պետք չէ: Ես չէի ցանկանա, որ մարդիկ հատուկ գնային դեպի դժվարությունները եւ հատկապես երեխաներին դաստիարակեին խիստ պայմաններում` թրծելով բնավորությունը:  Խոսքն այն մասին է, որ  նույնիսկ ամենամեծ ողբերգությունը կարելի է հաղթահարել",- նշում է հոգեբանը:

Մեկ այլ հետազոտության համաձայն` ոչ թե լավատեսությունը, այլ հենց վատատեսությունն է ապահովում երկարատեւ ու խաղաղ կյանքը:  Շուրջ կես դար առաջ  ամերիկացի հոգեբան Լյուիս Թերմանը  լայնածավալ ուսումնասիրություն սկսեց: Նա կազմում է հազար հինգ հարյուր կամավորների  ցուցակ, որոնց տասը տարեկանը լրացել է 1921 թվականին: Փորձի նպատակն էր ուսումնասիրել էմոցիոնալ վիճակի անդրադարձն անհատականության եւ կյանքի տեւողության վրա: Գիտնականը կազմել է փորձի մասնակիցների բնութագիրը, որը լրացվել է ամեն տասնամյակ:  Եվ բոլորովին վերջերս ավարտվել է այդ փորձի արդյունքների ամփոփումը: Պարզվել է, որ ավելի վաղ մահացել են նրանք, ովքեր ավելի կենսախինդ ու լավատես են եղել եւ ունեցել են հումորի զգացում:   

Մինչեւ պատկառելի տարիքը ապրել են նրանք, ովքեր եղել են փնթնթան հոռետեսներ: Խնդիրն այն է, որ  լավատեսական հայացքը շատ հաճախ վերածվում է չափից դուրս ինքնավստահության: Արդյունքում  լավատեսները  կորցնում են խելամտությունը` սիրում են խմել, ծխել եւ չմտահոգվել առողջության մասին, եւ ստացվում է, որ լավատեսությունը վնասում է առողջությանը:

Նույն շարքից