Հոգեբանի անկյուն 

Հոգեկան առողջության հիմքում ընկած է աշխարհին վստահելու կարողությունը

analitik.am

Հոգեբանները վստահեցնում են, որ որպես անձնային որակ կասկածամտությունը պետք է կապենք հավատի եւ վստահության հետ, թե ինչքան է մարդ հավատում ու վստահում շրջապատող աշխարհի երեւույթներին: Ինչպես բնավորության ցանկացած գիծ, կասկածամտությունը եւս հարմարվողական գործառույթ է իրականացում: Այն դեպքում, երբ իրոք իրավիճակը կասկածի տեղիք է տալիս, այն ծառայում է մարդու հարմարմանը:



Սակայն լինում են իրավիճակներ, երբ կասկածամտությունն անտեղի է եւ դրսեւորվում է բոլորի նկատմամբ, բոլոր պայմաններում, սրանք արդեն կասկածամտության հիվանդագին դրսեւորումներ են: Կասկածամտությունը կարող է լինել հոգեվիճակ, կարող է լինել բնավորության գիծ, դիրքորոշում, կարող է լինել նաեւ իրադրային կասկածամտություն եւ անձնային որակ: Իրադրային դրսեւորումը մարդու մեջ տվյալ պահին ինչ-որ բանի նկատմամբ թերահավատությունն է: Երբ այն հանդես է գալիս որպես անձնային որակ, ապա մարդը միշտ կասկածում է ամեն ինչին ու ամեն մեկին:

 

«Կասկածամտությունն անհրաժեշտ որակ է, բայց չափի մեջ, այնպես, ինչպես դյուրահավատությունն ու վստահելու կարողությունը: Երկուսն է հավասարապես կարեւոր են մարդու կենսագործունեության ու հարմարման համար: Զրոյից մեկ տարեկանում երեխայի մեջ ձեւավորվում է աշխարհի նկատմամբ արմատական վստահություն կամ անվստահություն: Այդ երեւույթը պայմանավորված է նրանով, թե ինչքանով է մայրը կանխատեսելի երեխայի համար և զգայուն նրա պահանջմունքների նկատմամբ` տեղին ու ժամանակին բավարարելու դրանք: Երբ մայրը կանխատեսելի է, ապա, երբ երեխան ինչ-որ պահանջմունքներ ունի, օրինակ` սոված է, նա վստահ է, որ իր մայրը գալու է, իրեն կերակրելու է, եւ ինքը կենդանի է մնալու, ու ամեն ինչ լավ է լինելու: Այս մայրերը երեխայի մեջ ձեւավորում են լավատեսություն աշխարհի նկատմամբ»,- վստահեցնում է ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դասախոս Մանե Հակոբյանը: Նրա կարծիքով, եթե մոր մեջ մայրական բնազդը չի գործում, կամ երեխան իր համար նշանակալից չէ այնքան, որ նա իր ողջ ուշադրությունը երեխայի վրա սեւեռի, եթե մայրիկը դեպրեսիայի մեջ է կամ շատ տագնապած և տեղին ու ժամանակին չի հակազդում երեխայի պահանջմունքներին, երեխան ունենում է անվստահության զգացողություն, և այն ամրակայվելով վերածվում է աշխարհի և մարդկանց նկատմամբ անվստահության, վատատեսության և կասկածամտության: Խոսքը զգացողության մասին է, որովհետեւ գիտակցության մասին այս տարիքում խոսք լինել չի կարող: Երեխան չգիտի, թե ինչ սպասի աշխարհից, դառնում է անվստահ եւ անտեղի կասկածամիտ:

 

 

«Կարելի է ասել, որ 0-1 տարեկանում երեխայի մեջ ձեւավորվում է այնպիսի որակ, ինչպիսին հույսն է և լավատեսությունը, որին զարգացման հաջորդ փուլում հաջորդում է հավատը: Երբ երեխան սկսում է քայլել, ինքնուրույն է, տեղաշարժվում է, սկսում են սահմանափակել նրա գործողութունները, սովորեցնել ու դաստիարակել սոցիալական նորմեր: Եթե այս ամենն արվում է հանգիստ, երեխայի գործողություններին ու սխալներին չեն տալիս հուզական կտրուկ հակազդումներ, ապա աստիճանաբար երեխան ձեռք է բերում ինքնակարգավորման ընդունակություններ, հարաբերական ինքնավարություն, հավատ իր ուժերի նկատմամբ, ինքնավստահություն»,-նշում է հոգեբանը: Ըստ նրա՝ այս ամենը հիմք է դառնում մեր հետագա դյուրահավատ կամ թերահավատ լինելուն: Ցանկացած դեպքում, երբ մենք կասկածում ենք աշխարհին, կասկածում ենք մեզ` առաջին հերթին: Եթե մենք վստահ ենք մեզ վրա, աշխարհի վրա էլ ենք վստահ: Բայց կյանքում լինում են անորոշ իրավիճակներ, որոնք ծնում են կասկածամտության զգացողություն, որից պետք չէ խուսափել, որովհետեւ դա կողմնորոշիչ է: Բայց ամեն դեպքում հոգեկան առողջության հիմքում ընկած է աշխարհին վստահելու կարողությունը:



Զանի Հարոյան

Նույն շարքից