Հոգեբանի անկյուն 

Եթե չենք կարողանում վերծանել մարմնի լեզուն, ապա տասը խոսքից լսում ենք ընդամենը երեքը

analitik.am

Եթե մարդ կարողանա հասկանալ զրուցակցի ընդունած դիրքի, ժեստերի ու միմիկաների նշանակությունը, ապա կկարողանա իմանալ նրա իրական մտադրությունները, զգացմունքներն ու մտքերը: Դեռեւս միլիոնավոր տարիներ առաջ արված քարանձավային փորագրություններում հայտնաբերվել են մարմնի  շարժումներով իրենց հույզերն արտահայտող մարդկանց պատկերներ: Սա փաստում է, որ ոչ խոսքային հաղորդակցությունը գոյություն է ունեցել խոսքային հաղորդակցությունից դեռ շատ առաջ, իսկ ավելի ուշ ստեղծված խոսքը դարձել է փաստերի ու երեւույթների ավելի ստույգ փոխանցման միջոց:


Մասնագետների կարծիքով` ժեստերի թիվը տատանվում է մեկից տասը միլիոնի սահմաններում: Օրինակ` եթե ձեռքերի ափերը երեւում են, ապա զրուցակիցն անկեղծ է: Անկեղծության նշան է նաեւ այն, որ խեսելիս ձեռքերը սրտին ավելի մոտ են: Ստելիս մարդ ձեռքը տանում է դեպի քիթը, իսկ երբ չի հավատում զրուցակցին` շոյում է ականջի բլթակը: Ակնոցի հետ խաղալն էլ վկայում է, որ  նա ժամանակ է ուզում շահել: Իսկ եթե մարդ ծխելիս արտաշնչում է դեպի վեր՝ դիմացինի նկատմամբ դրական տրամադրվածության նշան է եւ հակառակը: Կան ժեստեր էլ, որ երկակի նշանակություն ունեն եւ պետք է հասկանալ ըստ իրադրության, օրինակ` ձեռքերը կրծքին խաչելը մի դեպքում նշանակում է, որ մարդ պաշտպանության կարիք ունի, մեկ այլ դեպքում, երբ հանգիստ զրույց է ընթանում` արտահայտում է ինքնավստահություն:

Ապացուցվել է, որ օրվա ընթացքում մարդը խոսելիս ծախսում է միջինը տասը- տասնմեկ րոպե: Ոչ խոսքային հաղորդակցությունը կազմում է հիսունհինգ տոկոս, ձայնային հաղորդակցությունը` էմոցիոնալ բացականչություններ, կոկորդային հնչյուններ, հուզական ազդանշաններ, ձայնի տեմբր, առոգանություն` երեսունութ տոկոս, իսկ խոսքային հաղորդակցությանը` ընդամենը յոթ տոկոս:Կարծիք կա, որ եթե չենք կարողանում վերծանել մարմնի լեզուն, ապա տասը խոսքից լսում ենք ընդամենը երեքը:


Թեև ժեստերն ու միմիկաները մարդկանց համար ընդհանուր նշանակություն  ունեն, բայց մեզնից յուրաքանչյուրի ժեստային համակարգն անհատական է, այն մեր իրական ու բնական պահվածքն է, սովորական, մարդկային անկեղծությունը: Մեր ժեստերն ու միմիկաներրը հենց մենք ենք: 




Զանի Հարոյան

Նույն շարքից