Հասարակություն 

Լ. Գալստյան. Տեղահանված, բռնաբարված ու խոշտանգված քրդերի ու եզդիների շարասյուներն ինձ Դեր Զորում մարող հայոց երթն է հիշեցնում

analitik.am

ՀՅԴ անդամ,քաղաքագետ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այս օրերին Հյուսիսային Իրաքում քրդերի ու եզդիների հանդեպ իրականացվող ոճրագործությանը։ «Տեղահանված, բռնաբարված ու խոշտանգված քրդերի ու եզդիներ շարասյուններն ինձ Դեր Զորում մարող հայոց երթն է հիշեցնում... Մի՞թե կարող է պատմությունն հարյուր տարի անց կրկնվել` այս նույն անողոքությամբ, արյունռուշտ բարբարոսի դեմքով…»,- գրել է նա։

 

Գրառումը՝ ստորև։

 

Պատերազմի ու խաղաղության սահմանագծին ապրող Հայաստանում այս օրերին ամենափնտրված բանը լրահոսն է։ Սահմանից յուրաքանչյուր լուր մերձպատերազմական մթնոլորտին կամաց-կամաց վարժվող հայաստանցիներս թռցնում ենք օդի միջից ու, զարմանալիորեն, և շատերի համար անսպասելի՝ հակառակորդի յուրաքանչուր կրակոց կամ դիվերսիա ավելի է կոփում մեր կամքը, միասնականությունն ու մեր մեջ նիրհող տիրոջ զգացումը։

Օդում հայ զինվորի պաշտամունք կա, և ամեն ինչ չափազանց ճշգրիտ է, այլընտրանք չհանդուրժող։ Այդպես էլ պիտի լիներ՝ մեր անկախությունը, արժանապատվությունը ու նաև շատ հաճախ ժողովրդից երես թեքած իշխանությունն այսօր սահմանին կանգնած տասնութամյա հայ զինվորն է պահում։ Մի քանի օր էր պետք այս ճշմարտությանը հասնելու համար։

Իսկ այս օրերին լրահոսից առհասարակ արյան ու բռնության հոտ է գալիս։ Աշխարհն ավելի քան անհանգիստ է, մարկային նկարագիրը կորցրած՝ Միջին Արևելքից մինչև Արևելյան Եվրոպա…

Ինձ, մեզ ամենամոտը իմ սահմանն է ու սահմանին կանգնած հայ զինվորը, բայց սա չի խանգարում չպապանձվել այն պատկերի առջև, ինչ կատարվում է Հյուսիսային Իրաքում։ Տեղահանված, բռնաբարված ու խոշտանգված քրդերի ու եզդիների շարասյուներն ինձ Դեր Զորում մարող հայոց երթն է հիշեցնում, գաղթի ճանապարհին ընտանիքը կորցրած ու գոյությունը փրկելու համար բարեկամ քուրդ ռեսի կողմից Ստեփան անունը Ֆայաթի փոխած սասունցի պապիս հիշատակը։ Մի՞թե կարող է պատմությունն հարյուր տարի անց կրկնվել` այս նույն անողոքությամբ, արյունռուշտ բարբարոսի դեմքով… Իսկ մեզ թվում էր, թե հարյուր տարին լուրջ ժամանակահատված էր։ Բայց ոչ ՝ ինչպես Թումանյանը կասեր «Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան», իսկ զբաղված, քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը դարձյալ լռում է…

Նույն շարքից