Գլխավոր Տնտեսություն 

Այս տարի ակնկալվում է դրամական փոխանցումների՝ 9-12%-ի նվազում. ԿԲ

analitik.am

ՀՀ տնտեսության վրա հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվող գնանկումային միտումների գերակշռող ազդեցության ներքո 2016 թ-ին տնտեսական աճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում, իսկ 12-ամսյա գնաճը, տարեսկզբին մնալով ցածր, այնուհետև կցուցաբերի աճողական վարքագիծ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցից:

Ըստ հրապարակման՝ 2017թ-ից սկսած՝ տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին, իսկ գնաճը կշարունակի ավելանալ՝ կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

2015 թվականի ընթացքում, ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազման հետևանքով տնային տնտեսությունների տնօրինվող եկամուտների զգալիորեն կրճատմամբ և ընդհանուր գործարար ակտիվության ցածր մակարդակով ու տնտեսության վարկավորման աճի տեմպերի դանդաղմամբ պայմանավորված, մասնավոր սպառումն ու մասնավոր ներդրումները նվազել են (յուրաքանչյուրը գնահատվում է շուրջ 8%), որոնց բացասական ազդեցությունը տնտեսական աճի վրա հիմնականում մեղմվել է Կառավարության կողմից առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ և ԿԲ կողմից դրամավարկային պայմանների զգալիորեն թուլացմամբ:

Ցածր ներքին պահանջարկի պարագայում 2015 թ. արձանագրվել է իրական արտահայտությամբ ապրանքների և ծառայությունների ներմուծման շուրջ 7.0% նվազում, ինչն ուղեկցվել է ապրանքների և ծառայությունների արտահանման տ/տ 14.0% իրական աճով՝ հանգեցնելով զուտ իրական արտահանման բարելավման:

Նշված զարգացումների արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թ. կազմել է տ/տ 3.1%ª հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում թողարկման ծավալների աճով, որի պարագայում տնտեսական աճը գնահատվում է տ/տ 3.1-3.3% միջակայքում:

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2016 թ. արտաքին հատվածում կպահպանվեն տնտեսական աճի դանդաղ տեմպերն ու գնանկումային միջավայրը: Միաժամանակ, Ռուսաստանի տնտեսության անկման նոր կանխատեսումներով և ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ տարվա ընթացքում ակնկալվում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների դոլարային արժեքի՝ նախորդ կանխատեսման համեմատ ավելի մեծ նվազում (9.0-12.0%), որը կանդրադառնա ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման, հետևաբար և մասնավոր սպառման նվազման վրա:

Տարվա ընթացքում ներքին պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը (հաշվարկված նախորդ տարվա նկատմամբ) գնահատվում է 1.4 զսպող, չնայած պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը բարձր է վերջին 5 տարիների միջինից` 3.5%` 2.4%-ի պարագայում: Այս դեպքում մասնավոր սպառումը կնվազի 1.3%-ով, իսկ մասնավոր ներդրումները կպահպանվեն 2015 թվականի մակարդակում: Թույլ պահանջարկով պայմանավորված՝ 2016 թ. կշարունակի նվազել ապրանքների և ծառայությունների իրական ներմուծումը՝ 6.0 - 8.0%-ով, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կանխատեսվում է 2.0 - 4.0% միջակայքում՝արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում ակնկալվող չափավոր աճի շնորհիվ: Այս զարգացումների ներքո 2016 թ. տնտեսական աճը գնահատվում է 1.5 - 2.6% միջակայքում:

2016 թ-ին տնտեսական աճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում, իսկ 12-ամսյա գնաճը, տարեսկզբին մնալով ցածր, այնուհետև կցուցաբերի աճողական վարքագիծ:

2017 թ-ից սկսած՝ տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին, իսկ գնաճը կշարունակի ավելանալ՝ կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

2016 թ. տնտեսական աճը գնահատվում է 1.5 - 2.6% միջակայքում:

2017 թ-ից տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ կրելով արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված Կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, արտաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման և կառուցվածքային բարեփոխումների ազդեցությունը: Վերը նկարագրված զարգացումներով պայմանավորված՝ ակնկալվում է, որ տնտեսական աճը կանխատեսվող հորիզոնի վերջում կկազմի 3.0-4.5%:

Այսպիսով՝ կանխատեսվող հորիզոնում, մասնավոր պահանջարկի կայունացման և հարկաբյուջետային քաղաքականության՝ ընդհանուր առմամբ զսպող ազդեցության արդյունքում, ներքին գների վրա համախառն պահանջարկի ազդեցությունը կլինի որոշակի գնանկումային՝ չեզոքանալով հորիզոնի վերջում:

Նույն շարքից