Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։

Ռուսական  դիվանագիտական աղբյուրը Коммерсантъ-ին հայտնել է, որ Մոսկվայում լրջորեն անհանգստացած են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպերի թվի աճով։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պարբերականին տված հարցազրույցում պատմել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վատթարացման պատճառների և խնդրի կարգավորման հեռանկարների մասին։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

-Երևան կատարած վերջին այցի ընթացքում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի և հանդես եկավ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբին ու մադրիդյան սկզբունքներին։ Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի աշխատանքի հեռանկարը։

-ԵՄ-ն բազմիցս աջակցություն է հայտնել Մինսկի խմբի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ջանքերին ու ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Տիկին Մոգերինին ևս մեկ անգամ հաստատեց այդ դիրքորոշումը։ Մենք միշտ բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Ցավոք,  հակամարտության կողմերից մեկն այլ կարծիք ունի։

Այն, որ լուծումը դեռ չի գտնվել, ո՛չ Հայաստանի մեղքն է, ո՛չ էլ համանախագահներինը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորման գնալ համանախագահների առաջ քաշած առաջարկների հիման վրա։ Իսկ Ադրբեջանն այդ առաջարկների համար քննադատում է հենց համանախագահներին։ Բաքուն նրանց անգամ իսլամաֆոբիայի համար է մեղադրում՝ հայտարարելով, թե անիմաստ է նրանց հետ հանդիպելը, քանի որ նրանք Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում։

Միջնորդների ջանքերը պետք է ուղղված լինեն նախ երկխոսության հաստատմանը, հանդիպումներ կազմակերպելուն, կողմերի դիրքորոշումները մոտեցնելուն, այլ ոչ  այս կամ այն կողմին ճնշելուն։

Ղարաբաղյան հակամարտությունն այն եզակի դեպքն է, երբ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, միասնական մոտեցում ունեն կարգավորման հարցում։ Նրանք հստակ առաջարկությամբ են հանդես եկել, որոնց հիման վրա կարելի է գտնել հակամարտության լուծումը։ Այդ առաջարկներն արտահայտված են Լեռնային Ղարաբաղի հարցով 5 հայտնի հայտարարությունների միջոցով, որոնք արվել են այդ երկրների ղեկավարների կողմից։

Հայաստանը ողջունել է դրանք ու նշել, որ դրանց հիման վրա պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հակամարտության լուծումը գտնելու համար։ Ադրբեջանը դեռ դա չի անում ու ձևացնում է, թե այդ հայտարարություններն ընդհանրապես գոյություն չունեն։

Բանակցություններն այլընտրանք չունեն, և  մենք, համանախագահների հետ, շարունակելու ենք ջանքերը՝ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար։

-Ինչպե՞ս եք մեկնաբանում ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարությունը, թե «ինչպես Հայաստանին, այդպես էլ Ադրբեջանին սպառազինության ցանկացած մատակարարում իրականացվում է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»։

-Մենք ստիպված ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու և նոր սրացում թույլ չտալու համար։ Վերջին տարիներին Ադրբեջանը բազմիցս ավելացրել է իր ռազմական ծախսերը։ Մենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, սերտ ռազմական, այդ թվում՝ նաև ռազմատեխնիկական համագործակցություն։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում նախ մեր ռազմավարական դաշնակցից, և հետագայում ևս ռազմա-տեխնիկական հարցերում սերտորեն համագործակցելու ենք Ռուսաստանի հետ։

Այն, որ Ռուսաստանը, որպես զենքի խոշորագույն արտադրող, դրանք վաճառում է տարբեր երկրների, բնական է։ Սակայն մենք չենք կարող հիացմունքի մեջ լինել, որ Ադրբեջանը զենք է գնում՝ գրեթե ամեն օր նոր պատերազմով սպառնալով։

Եվ մեզ չի կարող դուր գալ, որ զենքերը գնում է մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է ներդնում Հայաստանի հետ՝ այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության համար։

Նույն շարքից