Գլխավոր Հասարակություն 

Հայաստանում առաջիկա օրերին ցրտահարություն է սպասվում. ինչպե՞ս նվազեցնել ազդեցությունը. մասնագետներ

analitik.am

Հանրապետության հովտային հատվածներում առաջիկա երեք օրերի գիշերը ցրտահարություն է սպասվում: Այս մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ինչպես կանխատեսվել էր, երեկ ցերեկվանից սկսած Սկանդինավյան երկրներից Հայաստան էին ներթափանցել բավականին ցուրտ արկտիկական օդային զանգվածներ: Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նվազել է 8-ից 10 աստիճանով: Նույնքան նվազելու է նաև առաջիկա գիշերը: Հովտային շրջաններում ջերմաստիճանը գիշերն արդեն գրանցվել է -1-ից -2 աստիճան, իսկ Արարատյան դաշտավայրում, Արմավիրում, Արարատում և Արտաշատում եղել է 2 աստիճան, Զվարթնոցի հատվածում` -1, Երևանի հատվածում եղել է 0-ից 1 աստիճանի սահմաններում: Հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն», -ասաց Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա գիշերն արկտիկական օդի ներհոսքը ՀՀ տարածքում շարունակվելու է և ակնկալվում է, որ ամպամածությունն առաջիկա գիշերվա ընթացքում զգալիորեն կնոսրանա: Սակայն եղանակի լիարժեք պարզեցում չի կանխատեսվում, ուստի այսօր գիշերը Տավուշի հովտային հատվածներում, Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովտային հատվածներում ակնկալվում է 0-ից 2 աստիճան ցուրտ: Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին մոտենում է անտիցիկլոն, որի պայմաններում նկատվում է եղանակի լիարժեք պարզեցում և մենք սպասում ենք, որ մարտի 18-ի գիշերն օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի և կպահպանվի 19-ի գիշերը »,-ասաց Սուրենյանը հավելելով, որ մարտի 17,18 և 19-ին հանրապետությունում սպասվում է ցրտահարություն:

Բանախոսը կարծում է, որ ցրտահարության ինտենսիվությունը կախված է ամպամածության պատկերից:

«Մենք հուսով ենք, որ ամպամածության որոշակի քանակը կպահպանվի և օդի ջերմաստիճանը նման ինտեսիվ արժեքներ չի ունենա»,-նշեց Սուրենյանն ավելացնելով, որ մարտի 20-ին ՀՀ տարածքին է մոտենում հաջորդ ցիկլոնը, որը կրկին սառն է, կսկսվեն տեղումներ` լեռնային շրջաններում առատ ձյան տեսքով, սպասվում է նաև բուք:

Մարտի 21-ին կրկին կլինի եղանակի պարզեցում և չի բացառվում, որ ցրտահարությունը կրկնվի: Մասնագետը նշեց, որ տվյալները ճշգրտման կարիք ունեն և իրենք անընդհատ նոր տվյալներ կփոխանցեն ազգաբնակչությանը:

Հանդիպման մյուս բանախոս ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը կարծում է, որ այդ կանխատեսումները անակնկալ չեն և իրենք ևս հետևում են եղանակային կանխատեսումներին ու այդ մասին տեղեկացնում ազգաբնակչությանը:

«Այս մտահոգությունը մենք ունեինք դեռևս փետրվար ամսին, երբ հանրապետության ցածրադիր վայրերում դիտվում էին բարձր ջերմաստիճաններ, որոնք պահպանվեցին հետագայում նաև գիշերային ժամերին: Բույսերի մոտ սկսվեց ակտիվ կենսական պրոցեսներ ընթանալ, ինչի արդյունքում մարտի առաջին տասնօրյակին տեղի ունեցավ ծիրանենու ծաղկում, որը շարունակվում է, հետևաբար կա հնարավոր միջոցներ, որոնք կարելի է օգտագործել և հնարավորինս նվազեցնել ցրտահարության ազդեցությունը»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Մասնագետը կարծում է, որ հնարավոր է` կանխատեսումները չիրականանան և եղանակային պայմաններն ավելի մեղմ լինեն:

«Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, պատրաստեն ծխակույտեր, մարտի 18-ի և 19-ի գիշերային ժամերին էլ միանշանակ պետք է դիմել այդ միջոցին: Այն վայրերում, որտեղ կա ոռոգման հնարավորություն, խորհուրդ ենք տալիս այգիները գիշերային ժամերին ոռոգել: Տարիների փորձը ցույց է տվել, որ եթե գրանցվի -6,7 աստիճան,առանձնապես արդյունքի հնարավոր չէ հասնել, սակայն հնարավոր է, որ չիրականանա այդ կանխատեսումը և ավելի մեղմ լինի».-ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը:

Գ. Պետրոսյանը կարծում է, որ, հաճախ երեկոյան ժամերին, երբ ցրտահարության վտանգ դեռևս չկա, այրում են մնացորդները, որոնք բոցավառվում են, դա անօգուտ է: Պետք է ծխակույտերը ծխեցնել այն պահին, երբ ջերմաստիճանը մոտենում է 0 աստիճանին, որը կարող է տեղի ունենալ գիշերվա ժամը 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում և չպետք է թույլ տալ, որ դրանք բոցավառվեն, որովհետև դա բացարձակ արդյունք չի տալիս: Ավելի դյուրավառ նյութերը պետք է ներքին հատվածում տեղավորել և ծածկել թաց նյութերով կամ հողով և ծխեցնել:

«Շատ լավ կլինի, որ կազմակերպված արվի, հարևան այգիները նույնպես համատեղ ջանքեր ներդնեն և համախմբված պայքարեն ու ստեղծեն տասնյակ ծխակույտեր, որոնք պետք է տեղադրել քամուն դեմ առ դեմ: Մենք հույս ունենք, որ դեղձենին և այլ կորիզավորներ առանձնապես շատ չեն տուժի: Արդյունաբերական նշանակություն ունեցող տեսակներից ամենախոցելին ծիրանենին է և մեր անհանգստությունը կապված է ծիրանենու այգիների հետ»,-անհանգստություն հայտնեց Գառնիկ Պետրոսյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ իրենք պարբերաբար համագործակցում են հիդրոմետ ծառայության հետ և յուրաքանչյուր 3 ժամը մեկ տեղեկություններ են ստանում ՀՀ տարբեր մարզերից և այդ մասին: անհրաժեշտությունից ելնելով, տալիս են նաև նման տեղեկատվություն:

«Նախարարությունում գործում է թեժ գիծ հեռախոսային ծառայությունը 055 54- 19- 68 հեռախոսահամարով և, անհրաժեշտության դեպքում, այգեգործները կարող են զանգահարել և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և խորհրդատվություններ»,-եզրափակեց պարոն Պետրոսյանը:

Նույն շարքից