Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Գործարար հանրույթին անհրաժեշտ է ի մի բերել ջանքերը. Տիգրան Սարգսյան

analitik.am

Մարտի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հանդիպելով Ռուսաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության անդամների և միության նախագահ Ալեքսանդր Շոխինի ու փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևի հետ, հայտնել է, որ մեծ հույսեր է կապում գործարար հանրույթի հետ, որը կդառնա ինտեգրացիոն գործընթացների շարժիչ ուժը, այդ թվում նաև՝ չորս ազատությունների իրացման: Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մեծ հույսեր եմ կապում գործարար հանրույթի հետ, որը կդառնա ինտեգրացիոն գործընթացների շարժիչ ուժը, այդ թվում նաև`  չորս ազատությունների իրացման գործում: Այդ չորս «ազատություններն» են` ապրանքների, ծառայությունների տեղաշարժի, կապիտալի ու աշխատուժի ազատությունները»:

ԵՏՄ բարձր պաշտոնյան հավելել է, որ այս հարցում ԵՏՀ-ն գործարար հանրույթից ակնկալում է առկա խնդիրների ու բիզնեսին հանդիպող խութերի վերաբերյալ օպերատիվ իրազեկում:  Ըստ նրա` ԵՏՀ-ն բաց է համակարգաստեղծ հենքի վրա ազգային բիզնես հանրույթների հետ երկխոսության համար։

Տիգրան Սարգսյանի կարծիքով` գործարար հանրույթին անհրաժեշտ է ի մի բերել ջանքերը` անդամ երկրներում համատեղ նախագծերի ծրագրերի իրականացման ճանապարհին`  երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար, քանի որ հենց բիզնեսն է երրորդ երկրների հետ առևտրի ազատականացման հիմնական շահառուն:

Ալեքսանդր Շոխինն, իր հերթին, ընդգծել է Եվրասիական տնտեսական միության և Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի համատեղ աշխատանքի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում ռուսաստանցի գործարարն առաջարկել է, որ 2 կառույցները հնարավորինս արագ ստորագրեն այդ մասին հուշագիր և հնարավոր մոտ ժամկետներում սկսեն համատեղ աշխատանքը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային նոր ուղղություններից է ԵԱՏՄ անդամ երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների` միության տիրույթում զարգացումը:

Ալեքսանդր Շոխինը Տիգրան Սարգսյանին ներկայացրել է «Գործարար 20-յակի» և միության համագործակցության փորձը: Ըստ նրա` ԵՏՄ-ի և միջազգային բիզնես հանրույթի երկխոսության համար կարևոր հարթակ կարող է դառնալ Գլոբալ բիզնեսի գագաթնաժողովը (Global CEO Summit), որն անցկացվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

Տիգրան Սարգսյանն էլ, իր հերթին, ընդգծել է Եվրոպական միության հետ երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունը:

Նույն շարքից