Առողջապահություն 

Մանանեխի օգտակար հատկությունները

analitik.am

Մանանեխը հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես համեմունք։ Կան տեղեկություններ, որ այն հայտնի է եղել Հնդկաստանում 5000 տարի առաջ։ Հին եգիպտական մագաղաթներում դեռևս 3500 տարի առաջ խորհուրդ էր տրվում մանանեխի սերմն ավելացնել ուտեստներին։ Համարվում է, որ սև մանանեխի հայրենիքը Հյուսիսային Աֆրիկան է։ Հին հույներն իմացել են սպիտակ մանանեխի բուժիչ հատկությունների մասին:

Մանանեխ դաշտայինը (sinapis arvensis) այսօր որպես մոլախոտ հանդիպում է ողջ Եվրասիայում և Հյուսիսային Աֆրիկայում, սակայն հայրենիքը Միջերկրականի ափամերձ շրջաններն են։ Հանդիպում է Լոռիում, Գեղարքունիքում, յուղը թունավոր է։ Մշակովի սև և սպիտակ մանանեխը (Brassica nigra և S. alba) և դրանց մշակման բաղադրատոմսերը Եվրոպա են հասցրել հռոմեացիները, իսկ միջնադարում` վանականները։ Միջնադարում մեզ հայտնի համեմունքը պատրաստել են խաղողի հյութով (այս երկու բույսերը հասունանում են գրեթե միաժամանակ) և, քանի որ լատիներեն խաղողը կոչվում է «mustum», ապա այդ անվանումը փոխանցվել է մանանեխին` Moutarde, անգլերեն` Mustard։ Մանանեխը լավ է համադրվում այլ բույսերի և կերակրատեսակների հետ, այդ պատճառով դրա պատրաստման բաղադրատոմսերը գրեթե անսահման են։ Միջնադարում վանական միաբանություններն ունեցել են հատուկ պաշտոն, որի տնօրինողը պարտավոր է ապահովել բույսի մշակման, համեմունքի պատրաստման և, ինչո՞ւ ոչ, վաճառքի բնականոն ընթացքը 

Ընդունված տեսակետ կա, որ լավագույն համեմունքը պատրաստել են ֆրանսիացիները, և այնտեղ էլ 16-րդ դարի վերջում ստեղծել են «Մանանեխ մշակողների ընկերությունը»։ Մեր ժամանակներում այս երկիրն արտադրում է ավելի քան 100 տեսակի մանանեխի համեմունքներ։ Դիժոնում այս մանանեխին խառնում են վայրի խնձորի հյութը, աղ, մեխակ, դարչին և այլն։ Համեմատաբար ավելի «բարի» սպիտակ մանանեխը հարգի է Անգլիայում։ Սննդի մեջ օգտագործել են նաև բույսի մատղաշ կանաչ մասը։ Ռուսաստանում բույսը սկսել են մշակել 18-րդ դարի վերջում։ 1784թ. Կոմս Բեկետովի կալվածքում առաջին անգամ ստացել են մանանեխի ալյուր, իսկ 1810թ. դրվել է դեղին մանանեխի և յուղի արտադրության սկիզբը, 20-րդ դարի սկզբում այժմյան Վոլգոգրադի մարզի Սարեպտա գյուղի երկու գործարանները տվել են մոտ 700 տոննա արտադրանք։ Մանանեխը խաչածաղկավորների ընտանիքի կաղամբազգիների ենթաընտանիքին պատկանող բույս է` 0,5-1 մ բարձրությամբ, ծաղիկները երկտուն են, հավաքված կիսավահանաձև կամ ողկուզաձև ծաղկաբույլերով, ծաղկաթերթերը չորսն են` ոսկեդեղին, պտուղը պատիճ է, սերմերը` մանր գնդաձև։ Առանցքային արմատի երկարությունը հասնում է 2-3 մետրի։ Տարբեր տեսակների քիմիական բաղադրությունը քիչ է տարբերվում, մենք նկարագրելու ենք մեզ ավելի հասանելի սարեպտի կամ «ռուսական» մանանեխի հատկությունները։ Սերմը պարունակում է մինչև 42% ճարպային յուղեր, 20% սպիտակուց, 15% լորձ, 1-2 % եթերային յուղ, գլյուկոզիդ սինիգրին, ֆերմենտ միրոզին։ Տերևը պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, կալցիում, երկաթ։ Մանանեխի յուղը հարուստ է A, B6, E, K, PP վիտամիններով, պարունակում է նաև քոլին, օմեգա-3 ճարպաթթուներ, յուղն ամրացնում է մազարմատները և բարձրացնում առաձգականությունը, նպաստում օրգանիզմի աճին և լակտացիային։ 

 

 

Նույն շարքից