Քաղաքականություն 

Մոսկվան կարող է մոռանալ, որ դու ռազմական դաշնակից ես, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Թևան Պողոսյան

analitik.am

Մեր դիվանագիտությունը հաջողությունների կհասնի մեր շահերը կպաշտպանվեն, երբ Հայաստանը դառնա հզոր երկիր, ունենա հզոր բանակ, տնտեսություն, ժողովրդավարություն: Այսօր՝ ապրիլի 29-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է անի այս օրերին հայկական դիվանագիտությունը և հավելելով, որ մեր շահերի ընկալումը դրսում կլինի այն դեպքում, եթե Հայաստանից լինեն կախվածություններ, իսկ հակառակ դեպքում որևէ արդյունքի սպասել պետք չէ:

«Մենք ունենք փայլուն դիվանագետներ, որոնք կարող են շատ սիրուն խոսել, բայց ուրիշներն ամեն ասված գնահատում են իրենց շահերից ելնելով: Այսինքն, եթե դու տվյալ երկրի շահերի քարտեզի մեջ չկաս, ինչ էլ ուզում է անես, արդյունքի չես հասնելու: Մասնավորապես ԱՄՆ-ին մեր տարածաշրջանում միշտ էլ հետաքրքրելու են էներգետիկ ռեսուրսները, ազդեցությունը, քանի որ այլ խնդիրներ ունի, և դրանից հետո նոր-նոր ժողովրդավարությունը: Իմ կարծիքով՝ մենք այս երեք հարցերում էլ չկանք: Միակ ձևը, որով մենք կարող ենք ազդել ամերիկյան կողմի որոշումների վրա, դա մեր սփյուռքի ազդեցությունն է, քանի որ այդ երկրում որոշումներ կայացնելիս լուրջ ուշադրություն են դարձնում սեփական հասարակությանը: Օրինակ՝ Ռուսաստանում այդպես չէ: Մենք Ռուսաստանում ավելի մեծ համայնք ունենք, սակայն, եթե Կրեմլը որոշի ինչ-որ բան անել, չի նայելու, թե ինչ է ուզում հայկական համայնքը: Ռուսաստանի մասով կարող է դերակատարում ունենալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը, սակայն ամեն պահի Մոսկվան, կարող է մոռանալ, որ դու ռազմական դաշնակից ես, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այս ամենը վկայում են որոշումներ կայացնելու մշակույթների տարբերությունների մասին»,-ասաց պատգամավորը:

Պողոսյանի խոսքերով, մենք այլընտրանք չունենք, պետք է հզոր երկիր կառուցենք՝ հույսներս մեզ վրա դնելով և սեփական շահերն առաջ տանելով.

«Մենք կարողանում ենք հասկանալ, թե որն է ուրիշի շահը, հետևաբար պետք է հաշվարկներ անել և հասկանանք, թե ինչպես կարող ենք առաջ տանել մերը՝ հաշվի առնելով այլոց շահերի համադրումը: Մեզ համար մեր շահը պետք է լինի առաջինը: Մենք չպետք է մտահոգվենք, թե ինչ կասի Ռուսաստանը կամ Ամերիկան, ինչպես հաճախ լինում է: Մտածելակերպը պետք է փոխվի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»:

Անդրդառանալով դիվանագիտությանը՝ բանախոսն ասաց, որ հասարակությունն իրավունք ունի պահանջեր ներկայացնել և տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում այդ դաշտում, քանի որ մարդիկ հարկեր են վճարում, և հենց այդ հարկերից են դիվանագետները աշխատավարձ ստանում.

«Զարգացած երկրներում մամուլի խոսնակի մշակույթ կա: Մեզ մոտ էլ կան մամուլի խոսնակներ, սակայն դա այն չէ, ինչը պետք է: Մամուլի խոսնակները պետք է ավելի հաճախ ներկայացնեն, թե ինչ է կատարվում: Կապ չունի, թե տվյալ հարցում դիրքորոշման փոփոխություն եղել է, թե՝ ոչ, պետք է ամեն ինչի մասին ավելի հաճախ խոսվի: Այսօր Զախարովան Հայաստանում ավելի շատ է ցիտվում, քան մի շարք գերատեսչությունների խոսնակներ: Իհարկե մեր խոսնակներն աշխատում են լրագրողների հետ, հանդիպումներ են ունենում և այլն: Բայց սրա հետ պետք է լինի նաև առաջինը, քանի որ ոչ բոլոր քաղաքացիները կան համացանցում և այլն, իսկ մարդիկ ցանկանում են ու իրավունք ունեն տեղեկացված լինել»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հիմա ժամանակը չէ, որ Հայաստանը ճանաչի Արցախը, պատգամավորն ասաց, որ կարելի է խոսել այդ մասին, կարելի է խոսել նաև ռազմական փոխօգնության պայմանագիր ստորագրելու մասին, սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ.

«Ես գիտեմ մի բան՝ եթե պատերազմ սկսվի հենց հաջորդ րոպեին Արցախը կճանաչվի: Հարց կարող է առաջանալ՝ ապրիլյան պատերազմը բավարա՞ր չէր դրա համար: Պատասխանն այն է, որ բանակցողներն ավելի լավ են տեղեկացված իրավիճակին, քան՝ մենք: Ամեն դեպքում պետք է մի բան հասկանալ՝ Արցախը ճանաչելուց հետո այն հայտարարելու է Հայաստանին միանալու մասին, դրան հաջորդելու է բանակցային գործընթացի ավարտը, ապա լինելու է պատերազմը, պետք է որոշենք, թե ինչ ենք ուզում: Այս պարագայում մենք կարող ենք նախ ռազմական փոխօգնության պայմանագիրը ստորագրել, այսինքն միանգամից չկրակենք բոլոր փամփուշտները: Չնայած ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը սիմվոլիկ բնույթ է կրում, քանի որ մենք Արցախին միջպետական վարկ ենք տրամադրում, այսինքն ճանաչում ենք»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ երկխոսությանը, ապա Պողոսյանի խոսքերով՝ դրա համար պետք է ստիպել Բաքվին բանակցային սենյակ մտնել, ինչպես օրինակ արվեց 94 թվականին պատերազմում հաղթելով, կամ ապրիլի 5-ին, երբ Ադրբեջանն ինքը խնդրեց զինադադար հաստատել:

Նույն շարքից