Վերլուծական Քաղաքականություն 

Ռուսաստանը մեր դաշնակիցը ՉԷ’, ՉԻ ԵՂԵԼ և ՉԻ ԿԱՐՈՂ լինել, առավել ևս` մեր պաշտանը և փրկիչը. Հայկազն Ղահրիյան

analitik.am

Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ Մոդեստ Կոլերովն ասում է, որ ՌԴ վարչապետ Մեդվեդևն ու փոխվարչապետ Ռոգոզինն իրենց հայտարարություններով ջուրը գցեցին Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում: Հիմա Հայաստանում խորն անվստահություն է Ռուսաստանի հանդեպ, և դա շատ դժվար է հաղթահարել, ասում է Կոլերովը, գրում է lragir.am-ը:

«Մոսկվայից հիմա փաղաքշում են հայերին, փորձում սիրաշահել, տանկ են տալիս, խոստանում էժան գազ ու զենք: Երևի հույս ունեն փոխել տրամադրությունները: Մեդվեդևն ու Ռոգոզինն իրականում բացել են հայերի աչքերը, և Հայաստանում ոչ թե անվստահություն է առաջացել Ռուսաստանի հանդեպ, այլ տեղի է ունեցել ավելի կարևոր բան՝ հայերը սկսել են հասկանալ Ռուսաստանի քաղաքականության էությունը Հայաստանի հանդեպ: Երբեմն հնչում են դավաճանություն, վիրավորանք և այս տիպի այլ էմոցիոնալ արտահայտություններ, սակայն, ընդհանուր առմամբ, տեղի է ունենում քաղաքականության գիտակցում, ընդ որում՝ ոչ թե պարզունակ հակառուսականության ու առասպելաբանության բազայի վրա, ինչի մասին կերազեին ռուս քարոզիչներն ու հայաստանյան նրանց մասնաճյուղերը, այլ՝ իրողությունների գիտակցման: Քառօրյա պատերազմի կարևորագույն արդյունքներից մեկն էլ հենց դա էր: Եվ, ով գիտե, գուցե այդ պատերազմի ամենակարևոր արդյունքը:

Ի՞նչ է գիտակցվել: Այն, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, չի եղել և չի կարող լինել: Առավել ևս, չի կարող լինել մեր պաշտանը և փրկիչը: Քառօրյա պատերազմը վերջ դրեց այս առասպելաբանությանը: Ռուսաստանի համար Ադրբեջանն ավելի կարևոր երկիր է, և նրան իր կողմը քաշելու համար հայերին օգտագործում է որպես մահակ ու մանրադրամ, նրա հետ առևտուր անելով հայկական տարածքներով: Վերջին հարյուրամյակում Ռուսաստանի քաղաքականության արդյունքում հայաբնակ բնիկ տարածքները կրճատվել են մի քանի անգամ, Ռուսաստանը Թուրքիային ու Ադրբեջանին է նվիրել Կարսը, Արդահանը, Նախիջևանը, Ղարաբաղը: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ռուսական բանակը հայաթափել է Հյուսիսային Արցախը, Արցախի տասնյակ բնակավայրեր, պատժիչ արշավ ձեռնարկելով հայերի դեմ, որոնք իրենց ծավալներով ու դաժանությամբ չէին զիջում 1915-23 թ. իրադարձություններին: Գիտակցվել է, որ հայերը հաղթում են միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը հեռանում է այստեղից: Այդպես էր 1918-ին, 1990-ականներին: Ադրբեջանցիները երբեք առանց Ռուսաստանի աջակցության հայերի վրա չեն հարձակվել: Թե' Մոսկվայում, թե' Բաքվում շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում, երբ հայ ու ադրբեջանցի զինվորները մնում են դեմ առ դեմ: Ադրբեջանցիները փախչում են խուճապահար, առանց դիմադրության: Ադրբեջանցիները հաջողություն են ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը օգնում է նրանց, զուգահեռ` կապում հայերի ձեռքերը, թուլացնում Հայաստանը տնտեսապես ու սպառազինության առումով: Դա հստակ երևաց քառօրյա պատերազմի ժամանակ: Այն պահին, երբ հայկական զինուժը պետք է անցներ հակահարձակման, Մոսկվան գործադրեց իր ողջ ազդեցությունը՝ այն կանգնեցնելու համար: Մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունը ենթարկվեց այդ ճնշմանը: Հակառակ պարագայում, դա առիթ էր՝ վերջապես ավարտին հասցնելու պատերազմը և խաղաղություն պարտադրելու Ադրբեջանին:

Ռուսաստանը զո՞րք կհաներ Հայաստանի դեմ՝ դա կլիներ արդեն Ռուսաստանի փլուզման արագացումը: Իրականում, ըստ էության, հայ-ադրբեջանական պատերազմ չկա, կա հայ-ռուսական պատերազմ: Եվ այդ պատերազմից հայերը երկու անգամ հաղթող են դուրս եկել: Սա Մոսկվայում շատ լավ գիտեն, հայերը սկսում են սա հասկանալ : Հակահարձակման արդյունքում հայկական ուժերը կվերցնեին երկու քաղաք հյուսիս-արևելքում և արևելքում, որից հետո Ադրբեջանը կդադարեցներ իր գոյությունը Կուր գետից այս կողմ: Սակայն Ռուսաստանը ինչպես 1994-ին, այնպես էլ քառօրյա պատերազմում փրկեց Ադրբեջանին: Հայերը հասկացան, թե ում փրկիչն է Ռուսաստանը: Ցավոք, դա կատարվեց հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության վախկոտության, Ռուսաստանի շանտաժի հանդեպ անզորության, իրենց անձնական խնդիրները վեր դասելու արդյունքում: Բանն այն է, որ հայկական հակագրոհից հետո Ռուսաստանը կավարտվեր Հարավային Կովկասում: Հիմա հայկական կողմը հայտնվել է փակուղում, ամեն օր զոհեր ենք տալիս: Սա այդ քաղաքականության, շանտաժին տրվելու հետևանքն է:

Հայերը հասկացան, որ լինել ռուսամետ, լինել ռուսական քաղաքականության ծիրում՝ նշանակում է ծառայել Ադրբեջանի շահերին: Զինադադարի մասին որոշումը դրա ապացույցն էր: Հայերը հասկացան պատմական օրինաչփությունը՝ երբ Ռուսաստանը հաստավում է տարածաշրջանում, դա արվում է հայերի հաշվին, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում ներկա գտնվելու համար 1921 թ. մարտի 16-ի պայմանագրով պարտավոր է ծառայել թուրք-ադրբեջանական շահերին ու կատարել նրանց պայմանները: Իսկ երբ Ռուսաստանը հեռանում է՝ հայերը հաղթում են և վերականգնում իրենց քաղաքական ու պատմական իրավունքը:

Հայերը գիտակցել են, որ հայ զինվորներն աշխարհի ամենաքաջ մարտիկերն են: Նրանք պատմական տարբեր փուլերում կռել են մի քանի կայսրությունների ռազմական հաղթանակները և հիմա սկսել են կռել հայկական հաղթանակը:

Հայերը հասկացել են, որ չի կարելի նման հզոր ռեսուրսը ծառայեցնել ուրիշներին, հասկացել են, որ ունենալով նման զինվոր՝ չի կարելի հույս դնել այլոց վրա: Հայ զինվորը հաջորդ անգամ չի տրվելու անօրինական հրամաններին ու այլոց շանտաժին: Այդ ժամանակ Ռուսաստանը հավաքելու է Ադրբեջանի մնացորդներն ու հեռանալու է այստեղից, և դա լինելու է հայկական անկախ պետականության վերականգնման, զարգացման ու հզորացման սկիզբը»:

Նույն շարքից