Մշակույթ 

Հայկական եկեղեցիները` Զառա Մանուչարյանի աբստրակտ կտավներում

analitik.am

Վերջերս Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ Զառա Մանուչարյանի «Հիերոտոպիա» (սակրալ տարածք) խորհագրով կոնցեպտուալ ցուցահանդեսը, որին ներկայացվեցին հեղինակի հայկական, միստիկ շարքի աբստրակտ կտավները: Զառա Մանուչարյանը իր կտավների միջոցով ներկայացրել է երեք հայկական եկեղեցիների՝ Անիի Մայր տաճարը, Սանահինը և Զվարթնոցը` ավանգարդ ոճում: Զառա Մանուչարյանը գծերի, գույների, պատկերների միջոցով արտահայտել է հայկական ինքնությունը, սակայն ոչ դասական, ավանդական միջոցներով: Կտավներում եկեղեցիների հատակագծերն են, ներդաշնակված հայկական հոգևոր կյանքին:

13250411_1672859952977632_2102860947_nՆկարչուհու խոսքով` նախապես որոշված չէր նախագիծը «Հիերոտոպիա» անվանելը: «Աշխատանքներն արվել են մոտավորապես հինգ տարվա ընթացքում: Այդ շրջանում տեղափոխվեցի և սկսեցի ապրել Եվրոպայում, իսկ ամենամեծ գործերի պատվերներն եղան հենց այնտեղ: Այնտեղ ունեցա երեք անհատական ցուցահանդես, որոնցից մեկը տեղի ունեցավ Սոֆիայում: Ինձ պատվիրվեց երկու մետրանոց գործ և քանի որ տարածք չունեի նկարելու համար, հայկական եկեղեցի տրամադրեցին, որի ներսում էլ նկարել եմ և մեծ աշխատանքներս, և փոքրերը: Եկեղեցու ներսում նկարելն անչափ հետաքրքրաշարժ, աստվածային և ոգեշնչող գործընթաց էր»,- պատմում է Զառա Մանուչարյանը:

13292865_1672858609644433_1600759000_nՆշենք, որ ցուցահանդեսը ուղեկցվել է հանրահայտ դաշնակահար Տիգրան Համասյանի դեռ չհրապարակված երաժշտությամբ և Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության»-ից հատվածով՝ դերասան Արտաշես Ալեքսանյանի կատարմամբ:

Նկարչուհու խոսքով՝ ամեն մի կտավը ստեղծելիս շատ է ուսումնասիրել հայկական եկեղեցիները և, հատկապես, դրանց հատակագծերը.

«Նախ մեր հատակագծերը շատ առեղծվածային են, էսթետիկական մեծ գեղեցկություն և կառուցվածք ունեն: Ամեն մի կտավ ավարտելիս այնպիսի տպավորություն էր, որ ինչ որ ծիսական արարողակարգ էր կատարվել այդ կտավի վրա: Այդ ընթացքում հաճախ առեղծվածային երազներ էի տեսնում: Շատ եմ ուսումնասիրել էներգետիկ կուտակման կետերը եկեղեցիներում և ոչ միայն: Մի խոսքով, հոգեպես մեծ փոթորիկների միջով եմ անցել, և կարծում եմ` այդ զգացողություններն ամբողջովին երևում են կտավներում»:

 

Նույն շարքից