Հասարակություն 

ՄԻՊ-ը խախտում է մարդու իրավունքները

analitik.am

Օրերս analitik.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին (ելնելով հայտնի պատճառներից անունը գաղտնի է պահվում) բողոքում էր, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում խախտում են մարդու իրավունքներ: Մասնավորապես քաղաքացին բողոքում էր, որ 2014թվականի օգոստոսի 19-ին (pashtpan.am կայքում) ՄԻՊ գրասենյակը հայտարարել է մրցույթ Գյումրու գրասենյակում իրավաբանի թափուր պաշտոնի համար, սակայն վեց ամիս շարունակ մրցույթ չի անցկացվել:

 

 Պատճառը այն չէ, որ հայտեր չեն եղել, ուղղակի ինչպես որոշ պետական հիմնարկներում, այնպես էլ ՄԻՊ գրասենյակում կա մի չգրված օրենք՝ աշխատանքի վերցնել միայն «յուրայիններին»: Իսկ «յուրայիններ» գտնելու կարևորագույն գործը հանձնարարված է եղել Գյումրու գրասենյակի աշխատակցուհի Քրիստինա Առաքելյանին, ով սկզբում, որպես յուրային առաջարկել է իր ընկերոջ՝ Կառլեն Գրեյանի թեկնածությունը, սակայն վերջինս թե կրթությամբ, թե աշխատանքային փորձառությամբ չի համապատասխանել (պահանջներն էին բարձրագույն իրավաբանական կրթություն, երկու տարվա մասնագիտական փորձառություն): Ապա փորձել են գտնել այլ «յուրային» այս անգամ թեկնածուն եղել է փեսացույի ընկերը՝ Հայկ Թորոյանը: Վերջինս աշխատելիս է եղել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես նիստի քարտուղար:

 

 Հայկի դեպքում կարողացել են գործը գլուխ բերել առանց մրցույթ անցկացնելու, իսկ մյուս մասնակիցներին ՄԻՊ գրասենյակից ինչ-որ Շուշանիկ անընդհատ խաբել է, որ մրցույթը կկայանա ապրիլ ամսին, և բոլոր հավակնորդները անպայման պատշաճ կերպով կտեղեկացվեն: Թորոյանի հարցում Գյումրու գրասենյակի աշխատակցուհին շատ է ջանացել առանց մրցույթ գործը հաջողացնել, քանզի վերջինս էլ խոստացել էր, որ իր գործը ստացվելու դեպքում ինքն էլ ամեն ինչ կանի, որ իր փոխարեն, նորից առանց մրցույթի Գրեյանին կտեղավորի Շիրակի մարզի դատարանում, իր նախկին պաշտոնում:

 

Նշենք, որ Հայկն էլ իր հերթին կարողացել է գործը շատ արագ գլուխ բերել և Կարլենին տեղավորել է դատարանում: Փաստորեն՝ ՄԻՊ-ում ու Դատարանում խախտում են ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և մարդու ամենատարրական իրավունքները ( թեպետ պետք է պաշտպանեյին), չեն անցկացնում բաց և թափանցիկ մրցույթներ՝ իրական մասնագետներին զրկելով դրանց մասնակցելու իրավունքից: Ավելին՝ նյութը պատրաստելու ընթացքում մենք ճշտեցինք, որ այս «փոխշահավետ» գործարքի արդյունքում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որպես դատական նիստերի քարտուղար հայտնված Կարլենը ոչ վաղ անցյալում խուլիգանության  և կանխամտածված այլ հանցագործությունների համար ենթարկվել է քրեական պատասխանատվության (նման անցյալ ունեցող անձին պետական պաշտոններ վստահելը արդեն օրենքի կոպիտ խախտում է):

 

Երևի սրանով էլ սահմանափակվեյինք, եթե պատահաբար չճշտեյինք, որ ՄԻՊ գրասենյակում «յուրայիններ» հավաքելու սովորություն ունեցեղ անձը աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանն է: Վերջինս պարզվում է ԲՀԿ-ական է, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ (այս մասին մենք տեղեկացանք նաև կուսակցության պաշտոնական կայքէջում զետեղված քաղխորհրդի անդամների ցուցակից, որտեղ Արեյանը 33-րդ համարն է):

 

Այս հետքերով մենք ճշտեցինք, որ Գյումրիում «ազատ և  անկողմնակալ» մրցույթի արդյունքում աշխատանքի անցած Հայկ Թորոյանը նույնպես սերտ կապեր ունի ԲՀԿ-ի հետ: Որոշ տեղեկությունների համաձայն Արեյանը միշտ էլ կադրերի ընտրության հարցում նախապատվություն է տվել բհկ-ականներին: Այստեղ նաև այլ հարց է առաջանում, արդյոք ՄԻՊ գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյան իրավունք ունի՞  զբաղվել քաղաքականությամբ և հիմնարկը ծառայեցնել սեփական կուսակցության շահերը սպասարկելու համար:

 

 Շարունակելի

Նույն շարքից