Գլխավոր Հասարակություն 

Չեմ բացառել, որ Անի Հովհաննիսյանի գործը քաղաքական ենթատեքստ և արտաքին պատվիրատու ունի. Ստյոպա Սաֆարյան

analitik.am

«Ալյանս» կուսակցությունը և Տիգրան Ուրիխանյանը ՀՀ դատարաններում ունեն 21 դատական գործ: Ինչո՞վ է զբաղված այս կուսակցությունը Հայաստանի Հանրապետության դատարանններում և ինչո՞ւ  է միակը, որ այսքան շատ պատմությունների մեջ է ներքաշված: Analitik.amի թղթակցի հետ զրույցում այսօր այս մասին խոսեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյան: Սաֆարյանը նաև անդրադարձավ այն դատական գործերին, որոնց շրջանակներում վերոնշյալ ուժը  հայց է ներկայացրել իր դեմ:

-Պարոն Սաֆարյան, կա տեսակետ, որ Մոսկվան ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական դաշտի վրա: Կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանն ազդեցություն ունի նաև Հայաստանի դատական համակարգի վրաԴուք երևի գիտեք, որ արդեն  7 ամսից ավել Անալիտիկ լրատվականի գլխավոր խմբագիր և տնօրեն Անի Հովհաննիսյանը գտնվում է անազատության մեջ, նրան մեղադրում եմ շորթման մեջ: Եվ սա չնայած այն բանին, որ վերջինս բազմիցս հայտարարել է, որ իրեն ազատությունից զրկել են ՎՏԲ բանկի դեմ դուրս գալու համար Հայաստանում ՌԴ դեսպանի նախաձեռնությամբ և ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձեռքով: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռուսաստանն այսպիսի ազդեցություն ունենա մեր իրավապահ համակարգի վրա:

-Ունի...Պերմյակովի դատավարությունը դրա վառ ապացույցն է... Եթե կարող են դատական պրոցես բեմականացնել Հայաստանի տարածքում, հայ դատավորի մասնակցությամբ, բայց ռուսական պահանջներով, թերևս պետք չէ զարմանալ, որ կարող են ՀՀ քաղաքացիների գլխին սարքել ռուսական պատվերի շրջանակներում:

Ես ցավ եմ ապրում, որ Հայաստանն այդպես էլ չգնաց լյուստրացիայի: Ես՝ ինքս, հանդիսանում եմ գաղտնազերծման մասին օրենքի հեղինակը: 2011թվականին այն մշակեցի և մեր խմբակցությունն օրինագիծը շրջանառության մեջ դրեց: Ցավոք մեր իշխանությունները համարձակություն չունեցան լյուստրացիայի գնալու համար:

Սա կարևոր օրենք է, քանի որ բացառում է որոշումների ընդունման մակարդակում օտար պետության և նրան ծառայող անձանց ազդեցությունը,  բացահայտում է այլ երկրների հատուկ ծառայությունների հետ նախկինում համագործակցած անձնանց՝ արգելելով վերջիններիս զբաղվել քաղաքականությամբ, զբաղեցնել որոշակի պաշտոններ:

Ինչ վերաբերում է կոնկրետ Անի Հովհաննիսյանի գործին, ապա այն վերին աստիճանի կասկածահարույց է եղել հենց սկզբից: Տեսանյութը, որը որպես ապացույց հրապարակվեց, նույնիսկ ակնարկ չէր պարունակում պայմանավորվածության առարկայի վերաբերյալ: Թվում էր թե կար գումարի մասին  խոսակցություն, սակայն թե կոնկրետ ինչի մասին էր խոսքը, հասկանալի չէր: Ուղղակի Տիգրան Ուրիխանյանը պնդեց, որ դա շանտաժ է իր անձի նկատմամբ:

Ես հիմա վիճակագրություն եմ հրապարակում. «Ալյանս» կուսակցությունը և Տիգրան Ուրիխանյանը ՀՀ դատարաններում ունեն 21 դատական գործ: Հիմա հարց եմ տալիս՝  ինչո՞վ է զբաղված այս կուսակցությունը Հայաստանի Հանրապետության դատարանններում և ինչո՞ւ  է միակը, որ այսքան շատ պատմությունների մեջ է ներքաշված:

Նշեմ, որ այդ դատական գործերից 4-ն էլ իմ դեմ է: Ես վստահաբար պնդում եմ, որ դա կապ ունի Ռուսաստանի վարած քաղաքականության մասով իմ կողմից տրված գնահատականների հետ: Իմ գնահատականներից հետո կամ դատական հայցեր են ներկայացվում, կամ պատվիրված հոդվածներ են լինում, որոնք պարունակում են անձնական վիրավորանք:

Եթե այդ կուսակցությունը որևէ առնչություն չունի արտաքին դերակատարների հետ, ինչո՞ւ են դրա գործողություններն այդպես սինխրոն համընկնում բոլոր այն անձնաց դեմ գործեր հարուցելու հետ, ովքեր այս կամ այն կերպ խոսում են կամ գործում Ռուսաստանի դեմ:

Ի դեպ, ասեմ, որ ուսումնասիրել եմ Անալիտիկում Ուրիխանյանի մասով հրապարակումներին և պետք է նշեմ, որ որևէ հրապարակում չեմ հայտնաբերել նրա դեմ: Ճիշտ հակառակը՝ Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում և Analitik.am-ում մինչև վերջինիս ձերբակալվելը տեղադրված են ՎՏԲ բանկի թեմայով հենց Ուրիխանյանի ելույթները: Հետևաբար հարց է ծագում՝ ինչո՞ւ է Տիգրան Ուրիխանյանը Անի Հովհաննիսյանի հետ զրույցը ներկայացնում որպես շորթում:

-Ինչո՞ւ Հայաստանի Հարապետության համապատասխան մարմինները ինչ-որ քայլեր չեն ձեռնարկում: Տպավորություն է ստեղծվում, որ Ուրիխանյանն ինչ ուզում անում է, ում ցանկանում մեղադրում է:

-Ես այդ կարծիքին չեմ, քանի որ որքան խնդիրներ Ուրիխանյանը հարուցում է դիմացինի համար, նույնքան խնդիրներ էլ ստեղծում է հենց իր համար: Այնպես չէ, որ իրենց թուրն աջ ու ձախ կտրում է: Ես վստահ եմ, որ Անիի դեմ այս կեղծ մեղադրանքով գործի դատաքննության արդյունքում իրականությունը դուրս կգա ջրի երես: Իհարկե Անին անձնապես տուժում է, քանի որ գտնվում է անազատության մեջ, բայց եթե իրականությունը ջրի երես դուրս գա, դրանից կտուժի հենց «Ալյանսը»:

Ի դեպ, կա տպավորություն, որ բոլոր գործերում, որոնցում կա «Ալյանսը», ինչ-որ փողային պատմություններ կան, և ես պատահական չեմ համարում, որ այս կուսակցության փոխնախագահը վերջերս ազատազրկման դատապարտվեց խարդախության մեղադրանքով:

Չեմ կարծում թե պատմություններ հորինելը շարունակական կլինի, ժողովրդական խոսք կա՝ փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում:

Որպես ապացույց, որ այդ կուսակցությունը քաղաքական հայացքների համար է թիրախավորում մարդկանց, կարող եմ նշել իմ կողմից հիմնադրված հիմնադրամի դեմ նրանց արած հայտարարությունը: Անցած տարի նոյեմբերին «Ալյանսի» վարչության անդամը հրապարակավ դիմեց ոստիկանությանը՝ պահանջելով ֆինանսական ստուգումներ անցկացնել իմ կողմից հիմնադրված հիմնադրամում այն կասկածով, որ հինադիրը 4 միլիոն դրամի չափով յուրացում է կատարել: Ոստիկանության համապատասխան վարչությունը մի քանի շաբաթ ամբողջ ծավալով  ուսումնասիրեց բոլոր փաստաթղթերը, հաշվետվությունները: Արդյունքում որևէ բան չհայտնաբերվեց, և «Ալյանսի» դիմումը մերժվեց:

Թերևս պետք է հիշեցնել, որ «Ալյանսի» թիրախում եղել է ամերիկյան հայտնի կազմակերպություններից մեկը, որը հետազոտական ծրագրերից մեկով մեր գործընկերն է: Խոսքը վերաբերում է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամին: Սա հեղինակավոր կազմակերպություն է, որի հետ մեր համագործակցությունը եղել է «Ալյանսի»  թիրախը:

Հիմա ինքներդ եզրակացություններ արեք՝ «Ալյանսի» կողմից ներակայացված դատական և այլ կարգի զրպարտագրերը ունե՞ն քաղաքական ենթատեքստ, թե՝ ոչ: Ես վստահ եմ, որ ունեն: Հետևաբար ես չեմ բացառել, որ նույնկերպ քաղաքական ենթատեքստ ունի նաև Անի Հովհաննիսյանի դեմ հյուսված մեղադրանքը, և այն ունի արտաքին պատվիրատու:

Մանրամասն՝ analitik.am

Նույն շարքից