Հասարակություն 

Դժվար է պահանջել, որ բոլորը մի օր արթնանան որպես Հրանտ Դինք կամ Կարո Փայլյան. Հովհաննես Մանուկյան

analitik.am

Համաշխարհային անարդարությունը փոքր երկիր լինելու հանգամանքով բացատրելով ու համակերպվելով ապրելը թույլերի շնորհն է և չպետք է հատուկ լինի մեզ: Ակնհայտ է, որ ձեռքներս ծալած չենք նստում ու սպասում մեզ բնաջնջման ու հայրենազրկման ենթարկածի խղճի արթնանալուն կամ հրաշքին հավասար հումանիզմին, որ մի օր կճանաչի ու կընդունի իրականությունը: Այս տարիների ընթացքում գրված գրքերը, նկարահանված ֆիլմներն ու ռեպորտաժները, լուսանկարներն ու զոհվածների հիշատակը միջազգայնորեն խնկարկելու մեր ջանքերը փոխել են քաղաքակիրթ շատ հասարակությունների մոտեցումը: Այնուամենայնիվ, մեր բազմակողմանի երկխոսությունն ու հաղորդակցման եղանակներն անգամ ոճիրից հարյուր տարի անց էլ դեռ չունեն վերջակետ: Ժամանակակից Թուրքիան իր մտածելակերպով ոչ միայն հեռացնում, այլև, հայկական և միջազգային հիշողության մարելուն ապավինելով, ժամանակ է ձգում՝ իր երկրում վերացնելով արյունահեղության և հայկականության հետքերն ու «նոր թուրքերի» համար կեղծում սեփական պատմության ամոթալի էջը: Պահպանողական խլություն, ժխտողականություն և անտարբերություն. այսպես է բնութագրվում այսօրվա թուրք հասարակությունը, իսկ մտավորականները ծայրահեղության և ազգայնականության թելն են թելում: Այս ֆոնին, իհարկե, չի կարելի անտեսել ծպտյալ հայերի հրապարակային խոստովանությունները և սակավաթիվ իրական մտավորականների ներողությունները: Սակայն, եթե մի երկրում վախի մթնոլորտն ու դավաճանությունը չեն շրջանցում անգամ հայ հոգևորականությանը, դժվար է ակնկալել, առավել ևս պահանջել, որ բոլորը մի օր արթնանան որպես Հրանտ Դինք կամ Կարո Փայլյան… Ճակատագրի ծաղրով էլ խելացի թուրքերը ներողության հաշվին Նոբելյան մրցանակի են հավակնում կամ քաղաքական ապաստան են ստանում, ու անորոշ է դրանից մեր օգուտի և վնասի հարաբերակցությունը…
Հերթական անգամ հասկանում ենք, որ մեր հույսը մենք ենք, մեր ԱՅՍՕՐԸ կերտող առօրյա աշխատանքով՝ համեմված հայրենասիրությամբ ու արժանապատիվ ապրելու ազատ մարդու անհրաժեշտությամբ: Տենդագին մազոխիզմով գերհզոր երկրի նախագահից ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառի արտասանման փափագը հաջորդ տարվան փոխանցելը լավագույն սպասելիքը չէ… Կարևորը հարյուր տարի անց արժանապատիվ ապրելն է՝ կյանքի շարունակականության և սեփական գրագիտության մեջ որոնելով ճշմարտացի լուծումներ հանուն նոր սերնդի…

Նույն շարքից