Բարի օր 

Ի՞նչ կարդալ այս կիրակի

analitik.am

Կոբո Աբե «Ավազուտների կինը»

 

Կնոջ համար այնքան դժվար է լինել միայնակ: Բայց տղամարդու հետ ավելի դժվար է: Քանի որ տղամարդն այնքան շատ է գնահատում ազատությունը: Սակայն օրերից մի օր թակարդը փակվում է, և տղամարդը մնում է մեն-մենակ կնոջ հետ: Կյանքն ավազի պես հոսում է մատերի արանքով:


Եվ միայն սերը ու կինն են օգնում ապրել…

Կոբո Աբեի «Ավազուտների կինը» վեպը կարելի է անվանել հակիրճ, բայց բազմազան: Այն լցնում է հոգիդ այնպես, ինչպես ավազն է լցնում կիսադատարկ բաժակը: Եվ դու լի ես, ամբողջական, սակայն ներսումդ ավազ է: Միգուցե դա ավազ չէ, այլ գունավոր խճանկարի մասնիկներ, հսկայական ամբողջության մասնիկներ, որոնք տեսանելի են միայն հեռավորության վրա:

 

Վեպում իրադարձությունները տեղի են ունենում Ճապոնիայում 20-րդ դարի կեսերին: Միջատներին ուսումնասիրող երիտասարդը մի քանի օրով գնում  է ծով` իր ավազի ճանճերի հավաքածուն համալրելու մտադրությամբ: Հերոսի գնալն ուշագրավ է նրանով, որ նա ուղղակի փախչում է առօրյա կյանքից` ոչ ոքի չասելով, թե ուր է գնում և ինչքան ժամանակով: Հասնելով ավազաթումբերին` հերոսը միջատներ է փնտրում, չգիտակցելով, որ շուտով կդառնա ավազում բնակվող թրթուրներից մեկը: Նա ուշանում է ավտոբուսից և ստիպված է լինում գիշերել մի տան` ավազաթումբերում թաքնված գյուղում: Տունը գտնվում է փոսի մեջ, և նա իջնում է այնտեղ պարանից սանդուղքով: Գիշերը հերոսը գոռոզ հայացքով նայում է կնոջը, ով ամբողջ գիշեր մաքրում է ավազները: Նա դեռ չգիտի, որ առավոտյան պարան չի լինելու: Միջատներ հավաքողն ինքն է հայտնվում թակարդում:

 

Վեպի հերոսը փորձում է պայքարել հարկադիր մեկուսացման դեմ, ինչը նրան թույլ է տալիս տեսնել, որ գյուղի բնակիչները ճակատագրով կոտրված, լքված չեն, նրանք այն մարդիկ են, ովքեր պայքարում են և դրա մեջ գտնում իրենց կյանքի իմաստը: Հերոսին պարզ է դառնում քաղաքում նրա ձանձրալի, անիմաստ գոյության պատճառը: Նա դադարում է պայքարել ավազի` հասարակության դեմ և միլիոնավոր մարդկանց նման դառնում է ավազահատիկ, հետևելով ավազին` հզորացնելով դրա ուժն ու մարդկանց հպատակեցնելու կարողությունը:

 

Ավազի խորհրդանիշի բազմիմաստ օգտագործումը Կոբո Աբեի հայտնի վեպը վեր է ածում փոխաբերական իմաստով լի մի պատմության: Ավազը վեպում ոչ միայն խորհրդանիշ է, այլև ստեղծագործության հերոս: Ավազն ամեն ինչ ու բոլորին հպատակեցնող հասարակության խորհրդանիշն է: Այն թույլ է տալիս գրքի հեղինակին ցույց տալ իրականության բացասական կողմերը, որոնք թաքնված են սովորական երևույթների և պատկերների հետևում: «Ավազն ամուլ է, և այս հանգամանքը բացատրվում է ոչ միայն սոսկ չորությամբ, ինչպես սովորաբար պատկերացնում ենք, այլև նրա անդադար շարժումով, որին չի դիմանում ոչ մի կենդանի արարած:


Ինչ նման է դա մարդկանց վհատ կյանքին: Մարդկանց, ովքեր օրեցօր ավելի ու ավելի են փորձում կառչել միմյանցից»:
Կնոջ կերպարը վեպում ներկայացված է բավականին մակերեսային, սխեմատիկ կերպով: Վերջինիս դերն է թույլ տալ հերոսին հաղթահարել մենությունը և օգնել գտնել կյանքի իմաստը:
«Ավազուտների կինը» վեպը լույս է տեսել 1962թ., իսկ 1964թ. ռեժիսոր Հիրոսի Թեսիգահարայի կողմից նկարահանվել է համանուն ֆիլմը:

Նույն շարքից