Վերլուծական 

Էներգակիրների տարանցման պայքարը և Սիրական հակամարտությունը

analitik.am

Քեսաբում տեղի ունեցած ողբերգությունը մեծ արձագանք գտավ հայ հասարակության շրջանակներում:

 

Այն փաստը, որ ահաբեկչական խմբավորումներին աջակցել են թուրքական հատուկ ծառայությունները` տրամադրելով նյութատեխնիկական աջակցություն, իսկ թուրքական հրետանային և հակաօդային զինուժը կաշկանդել է սիրական բանակի պաշտոնական գործողությունները, բազմաթիվ մեկնաբանությունների առիթ հանդիսացան:

 

Հասկանալի է, որ Թուրքիան աջակցելով ահաբեկչական խմբավորումների գործողություններին, ցանկանում է ալավիներով, շիաներով և քրիստոնյաներով բնակեցված Սիրան վերածել սունիական պետության, որը կլինի Անկարայի քաղաքական և տնտեսական ազդեցության ներքո: Ռազմական գործողությունների ընդլայնումն  ալավիներով բնակեցված տարածքներում թուլացնում է Բաշար Ասադի դիրքերը:

 

Այլ կանխավարկածի համաձայն Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից առաջ Քեսաբի գրավումը պետք է նպաստեր Էրդողանի վարկանիշի բարձրացմանը: Մեկ այլ եզրակացությունով Թուրքիան ասսիմետրիկ պատասխան տվեց Ռուսաստանին` Ղրիմը միավորելու համար, որի հետևանքով թուլացավ Անկարայի քաղաքական ազդեցությունը թերակղզում: Ռուսական ռադիոլակացիոն կայանների գտնվելու փաստը Լաթաքիայում և Տարտուսում, ռուսական ռազմածովային բազայի տեղեկացված լինելու հանգամանքը, ամրապնդում է այն կարծիքը, որի հատվածն ուղղված էր ռուսական ազդեցության դեմ: Սակայն կա ևս մեկ կարևոր գործոն, որի մասին քիչ է խոսվում:

 

Հայտնի է, որ Թուրքիան ցանկանում է Եվրոպայի համար դառնալ միջինասիական  և կասպյան ավազանի էներգակիրների գլխավոր տարանցիկ երկիր: 90-ականների վերջում, երբ կյանքի էր կոչվում Բաքու-Ջեյհան նավթամուղը, ակտիվորեն սկսվեց խոսվել «Նաբուկկո» նախագծի մասին: «Նաբուկկո» գազամուղով պետք է իրականացվեր Թուրքիայի տարածքով բնական գազի տեղափոխումը Կասպիական և կենտրոնական Ասիական տարածաշրջանից դեպի Եվրոպա: Այս նախագիծը կուժեղացներ Թուրքիայի ազդեցությունը և կբարձրացներ քաղաքական կշիռը ամբողջ տարածաշրջանում: Նախագծի ֆինանսական և իրավաբանական հիմնավորումն իրականացվեց 2004թ, սակայն մինչ օրս ոչ մի գործնական քայլ չի  արվել այն կյանքի կոչելու համար:

 

Իր հերթին 2011թ. հուլիսի վերջին Թեհրանը պաշտոնապես հայտարարեց նոր գազամուղի կառուցման մասին, որի շնորհիվ թուրքմենական և իրանական գազը Իրաքի տարածքով հասնելու է Սիրիայի Լաթաքիա նավահանգիստը:

 

Եթե մինչ այս հայտարարությունը Դամասկոսում, Հոմսում, Հալեպում և Դերսա քաղաքներում տեղի էին ունենում հակակառավարական խաղաղ ցույցեր, ապա այդ հայտարարությունից հետո Սիրայում սկսվեցին զինված բախումներ, որին ակտիվորեն ներգրավվեց Թուրքիան:

 

Արդեն օգոստոսի 6-ին Էրդողանը` դատապարտելով Ասադին և պահանջելով նրանից դադարեցնել կրակը, կոչ արեց միջազգային հանրությանը միջամտել սիրական հակամարտությանը: Սիրիայում սկսված ռազմական հակամարտությունն իրանական նախագծի տեսլականը հօդս ցնդեցրեց, եթե այն իրականացվեր, ապա մեծ հարված կլիներ Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցությանը:

Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների թուլացումը, իրանա-ամերիկյան հարաբերությունների ջերմացումը, որի արդյունքում Թեհրանը դուրս է գալիս քաղաքական և տնտեսական մեկուսացումից, լուրջ անհանգստություն է առաջացնում Անկարայում:

 

Թուրքիան մինչ օրս էլ ցանկանում է կյանքի կոչել «Նաբուկկո» նախագիծը, սակայն Իրանը նույնպես ցանկանում է դուրս գալ եվրոպական շուկա: Սիրիայի ափամերձ տարածքներում ռազմական գործողությունների ծավալումը նվազեցնում է այս շրջանը էներգակիր տարանցիկ գոտի դարձնելու հավանականությունը: Այնպես որ Քեսաբի զավթումը, ոչ միայն Ասադի և արևմտահայերի դեմ ուղղված գործողությունն էր, այլ նաև հարված էր Իրանի տնտեսական նկրտումերին:  

                                                                                                               

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից