Վերլուծական 

Թուրքիայի նոր մարտավարությունն ընդդեմ Հայոց Ցեղասպանության հարցի

analitik.am

Թուրքիայի նոր դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցի նկատմամբ առաջին անգամ կտրուկ շրջադարձ կատարեց նախորդ տարի դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի Երևան կատարած այցի ժամանակ: Հյուրանոցում հայ լրագրողների համար փակ և միայն թուրք լրագրողների համար նախատեսված մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, թե. «1915թ.-ին հայերի տեղահանությունն անմարդկային էր, և Թուրքիան երբեք չի աջակցել այդ քայլին»:


Այս շարքում հերթական «առաջ քայլը» դիտարկվեց արդեն այս տարի ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը 1915 թվականի զոհերի ժառանգներին: Որքան էլ այն հայերիս կողմից դիտարկվեց որպես անհոդաբաշխ ու երկակի իմաստային վերծանությամբ խոսք, հենց Թուրքիայում դա նորություն էր: Սակայն Էրդողանի ուղերձը, որին «ուշադրությամբ ծանոթացավ» պաշտոնական Երևանը, որևէ առաջընթաց քայլ չնշմարեց: Դեռ ավելին, իր խոսքերում 1915 թվականի դեպքերում զոհերին ու դրանց պատճառներն ընդհանրացվեցին՝ վերածվելով համակայսրական դժբախտության, որի մաս են կազմել նաև Օսմանական տերության մյուս ժողովուրդները, ըստ էության նաև հենց քրդերն ու թուրքերը:


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի պատասխան ուղերձը Թուրքիայի վարչապետին եղան հետևյալ խոսքերը. «Կարդացի ապրիլի 24-ի առիթով Թուրքիայի վարչապետի «պատգամը»՝ հայությանն ուղղված: ... Հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի սպասում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում»: Սակայն հայկական իրականությունն այլ է, իսկ միջազհային հանրությունն՝ այլ: ԱՄՆ Պետդեպը, Պետ քարտուղարը, բարձրաստիճան եվրոպացի ներկայացուցիչները շտապեցին ողջունել Թուրքիայի վարչապետի քայլը՝ դա նշան համարելով նրա, որ պաշտոնական Անկարան, այդուհանդերձ, փորձում է առերեսվել սեփական պատմության հետ: Եվ նրանց այդ մոտեցումը կարելի է հասկանալ: Ըստ էության, միջազգային հանրությունն էապես չի խորանում այն բառերի ու ոչ միանշանակ իմաստային դարձվածքների մեջ, պարզապես ընկալելով այս կամ այն հայտարարության ընդհանրացված իմաստը:


Նման կերպ վերծանվեցին նաև Էրդողանի խոսքերը: Միանշանակ է, որ Էրդողանն ու նրա իշխանական թևը շատ լավ դա գիտակցում է՝ ի գիտություն ունենալով, որ ամեն տեսակ փոքրիկ, անուղղակի անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը ողջունվելու է միջազգային հանրության կողմից, ով անգամ հարկ չի համարելու խորանալ ասվածի էության մեջ: Դրա հետ մեկտեղ, ամեն հնարավոր առիթով նման հայտարարությունները Թուրքիայի ձեռքերում վերածվելու են խաղաթղթերի, թե «ահա մենք փորձում ենք գնալ ընդառաջ, սակայն Երևանն ընդդիմանում է՝ մեզնից պահանջելով ավելին ու ավելին»: Կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետության համար ավելի հարազատ է դարձել բացարձակապես ամեն ինչ հերքող Թուրքիան, քան երկիմաստ խոսքեր բարբառող վարչակազմը, որը լինելով նորություն Երևանի համար, ստիպում է նոր քաղաքականություն մշակել:


Այդ նոր քաղաքականությունը պետք է հաշվի առնի ապագայում Թուրքիայի նման քայլերի կրկնությունն ու մշակի հստակ հակաքայլեր, որոնք կարող են պատադրել գործող կամ թե ապագա թուրքական վարչակազմերին էլ ավելի հստակեցնել իրենց խոսքերն ու դիրքորոշումները 1915 թվականի դեպքերի վերաբերյալ: Այս տեսանկյունից Պրահայում ապրիլի 24-ի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը թվում են պատեհ առիթի պայմաններում «չթարմացված», քանի որ Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, լավագույն հնարավորությունն էր «փոքրիկ անդրադարձ-պատասխան» կատարելու Էրդողանին ու շտկելու նրա փորձը դահիճին հավասարի վրա դնելու մեկ և կես միլիոն զոհերի ու նրանց ժառանգների հետ:



Գևորգ Ղազարյան

Նույն շարքից