Վերլուծական 

Հովիկ Աբրահամյանի նախագահ դառնալու ամբիցիաները կարդարանա՞ն, թե ոչ

analitik.am

Հետաքրքիր փաստ (հիմնվում ենք մինչև Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը և դառնալու հետո մոտ 1000 մարդու շրջանում անցկացված հարցումների վրա).


Հովիկ Աբրահամյանի վարկանիշը վարչապետ դառնալուց հետո միանգամից մի քանի անգամ նվազել է:


Այն, որ Աբրահամյանը մինչ վարչապետ դառնալն էլ բիզնեսներ ուներ, պետական գործունեությամբ զբաղվելու ընթացքում նաև անձնական հսկայական կապիտալ էր կուտակում, փաստ է, բայց մյուս կողմից Հովիկ Աբրահամյանին ասոցացնում էին տղամարդկային կեցվածք ունեցող քաղաքական գործչի հետ: Դա միանշանակ դուր էր գալիս հասարակությանը, քանզի մեծամասնությունն արդեն հոգնել է կանացի պահվածքով տղամարդ և տղամարդու պահվածքով կին քաղաքական գործիչներից: Գուցե որոշ մարդիկ ասեն, թե էական չէ մարդն իրեն ինչպես է պահում, կարևորն ի շահ պետության և հասարակության գործի, սակայն բնության դեմ ոչ ոք չի կարող:


Պատմության մեջ հաջողություն են հասել այն քաղաքական գործիչները, ովքեր իրենց սեռին համապատասխան պահվածք են ունեցել, թեկուզ անձնական կյանքում այլ կողմնորոշում են ունեցել: Տիգրան Սարգսյանին ամբողջ հասարակությունն ասոցացնում էր խելացի, բայց անկարողունակ, մեղկալի կերպարի հետ, ինչը միանշանակ չէր կարող դրական հետևանքներ ունենալ: Հայաստանի ներկայիս վիճակում հասարակական լուրջ աջակցություն կվայելեն այն քաղաքական գործիչները, ովքեր ուժի, կամքի և հայի կերպարի հետ են ասոցացվում, այլ ոչ թե եվրոպոիդ, լպստած մազերով, չարդարացված ժպիտով և թեթև կեցվածքով քաղաքական գործիչները:


Մինչև վարչապետ դառնալը Հովիկ Աբրահամյանը միանշանակ համապատասխանում էր այդ պահանջներին, քանզի, ի տարբերություն, Տիգրան Սարգսյանի, Աբրահամյանի քաղաքական կերպարը շատ ավելի տղամարդկային էր, մոտ հայ մարդու մտածելակերպին: Անհասկանալի է՝ ի՞նչ կատարվեց, որ վերջինս վարչապետ դառնալուց հետո արմատապես փոխեց իր գործելաոճը՝ նախ Աբրահամյանի առաջին սխալը վարչապետ դառնալուց հետո յուրայիններից սկսելու գաղափարն է, քանզի ի՞նչ է նշանակում՝ սկսել խոշոր գործարարներից, ովքեր վարչապետի յուրայիններն են:


Մի՞թե չկա վտանգ, որ ունենալով խոշոր բիզնեսում յուրայիններ, Հովիկ Աբրահամյանը նպաստելու է իր մտերիմների բիզնեսների ընդլայնմանը, այլ ոչ թե ճնշելու է նրանց, առավել ևս, որ Աբրահամյանը քաղաքական ամբիցիաներ ունի՝ դառնալ ՀՀ նախագահ, դա անզեն աչքով զգացվում է վերջինիս վարած քաղաքականությունից: Սակայն, եթե Հովիկ Աբրահամյանը շարունակի իր նոր քաղաքական կերպարի կերտումն այն ձևով, ինչպես սկսել է, նա մինչև նախագահական ընտրություններն ավելի քիչ վարկանիշ կունենա, քան Տիգրան Սարգսյանն ուներ մինչև հրաժարականը: Տիգրան Սարգսյանի առավելությունը ստացած կրթությունն էր և տնտեսագիտական հմտությունները, իսկ Հովիկ Աբրահամյանի առավելությունը պետք է լինի հենց նրա քաղաքական կերպարը՝ ուժեղ, կարողունակ, տղամարդկային, քանզի հենց նման լիդերի է սպասում հասարակությունը: Հայաստանյան շատ պսեվդոմասնագետներ կփորձեն հակադարձել՝ բերելով Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը, սակայն դա տապալված փորձ է, քանզի Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակական աջակցություն ստացավ ոչ թե իր եվրոպոիդ կեցվածքի և պահելաոճի շնորհիվ, այլ Սերժ Սարգսյանին այլընտրանք լինելու համար՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվեցին, քանզի Սերժ Սարգսյանին չէին ուզում ընտրել: Հովիկ Աբրահամյանի դեպքում այս մեխանիզմը չի կարող աշխատել, քանզի նա նույն Սերժ Սարգսյանի վարչախմբից է և ամբողջովին ասոցացվում է վերջինիս հետ:


Հովիկ Աբրահամյանի քաղաքական կարիերան կարող է շարունակություն ունենալ կամ գոնե նույն մակարդակում մնալ միայն մի դեպքում, եթե նա կարողանա ապացուցել հասարակությանը, որ հենց ինքն է այն գործիչը, ով կարող է երկիրը դուրս բերել այս ծանրագույն վիճակից: Սակայն, շրջանավարտների հետ պարելով, իբր թե աշխարհահռչակ, սակայն անհասկանալի է, թե իրականում ինչ համբավ ունեցող ոմն Մայքլ Արամ Վոլոհոջյանի հետ հանդիպելով, թեթևամիտ պահվածքով, խեղկատակի նման լուսանկարներ Կառավարության կայքում տեղադրելով և բազմաթիվ այլ թերություններով, որոնք առկա են Հովիկ Աբրահամյանի ներկայումս տարվող քաղաքական PR-ում, եթե դա կարելի է այդպես անվանել, դժվար թե Աբրահամյանին հաջողվի հասարակական որևէ աջակցություն վայելել, հակառակը՝ նա կարող է լուրջ կորուստներ ունենալ:


Իրականում, Հովիկ Աբրահամյանն ունի բոլոր հնարավորությունները հետագայում մնալ հայ ազգի պատմության մեջ, քանզի նա ունի ֆինանսական հսկայական ռեսուրսներ, իշխանություն և կարող է իրապես դուրս բերել Հայաստանն այս վիճակից՝ թեկուզ պատմության էջերում դրական և ուժեղ կերպար մնալու համար: Սակայն, անգամ, եթե նա անչափ ցանկանա էլ դա, չի կարող հաջողության հասնել նման անգրագետ կերպարի կերտմամբ: Արտասահմանյան տեխնոլոգիաները լավ մշակված են, բայց ամեն երկիր իր առանձնահատկություններն ունի, ուստի, եթե Եվրատեսիլում Կոնչիտան հաղթեց, դա ամենևին չի նշանակում, որ քաղաքականության մեջ հաջողության են հասնելու թեթև կեցվածք, մեղմ և չափից շատ անմիջական քաղաքական գործիչները: Չէ՞ որ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ այսքան խնդիր ունեցող երկրում ինչու՞ է վարչապետն առաջին հերթին հանդիպում դիզայների հետ, ուրախ-ուրախ հրճվում շրջանավարտների հետ և այսպես շարունակ:


Այս հարցերն առաջանում են առաջին հերթին երկրի 40 տոկոս բնակչության մոտ, ովքեր ծայրահեղ աղքատության շեմին են, երկրորդ հերթին այն մարդկանց մոտ, ովքեր արտագաղթի ճանապարհին են և երրորդ հերթին ապահովված մարդկանց մոտ, ովքեր տիրապետում են վարագույրների ետևում կատարվող կեղտոտ խաղերի մասին տեղեկություններին: Այս վերջին խավն էլ է այսօր դժգոհ, քանզի չկա վստահություն ապագայի նկատմամբ, ուստի դժվար թե նրանց դուր գա վարչապետի նման անհոգ և երջանիկ կերպարը երկրում նման ծանրագույն պայմանների առկայության դեպքում: Այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որ պետք է վարչապետի ուշադրությանն արժանանային, բացի դիզայներից և մնացած անկարևոր խոսակցություններից:



Ա. Հ.

Նույն շարքից