Վերլուծական Քաղաքականություն 

Նովոռուսիե. Արևելյան Եվրոպայի ռուսական ֆորպոստը

analitik.am

Արդարացան բազմաթիվ փորձագետների այն կանխատեսումները, որոնց համաձայն Ուկրաինայի նախագահական ընտրությունները չեն նպաստելու երկրում առկա քաղաքական ճգնաժամի լուծմանը. Նորընտիր նախագահն ի վիճակի չի լինելու կարճ ժամանակահատվածում խաղաղեցնել երկրի արևելյան շրջանները: Դա պարզ դարձավ, երբ ռուսամետ ուժերը գրավեցին Դոնեցկի օդանավակայանը՝ յուրահատուկ մեսիջ ուղարկելով Պորոշենկոյին:


Չնայած Ռուսաստանը ճանաչեց Ուկրաինայի նախագահական ընտրությունները, սակայն իր դիրքորոշումն երկրի արևելյան շրջանների նկատմամբ անփոփոխ մնաց: Մոսկվան գիտակցում է, որ երկարաժամկետ առումով Կիևն իր համար կորցված է և այդ իսկ պատճառով ամեն գնով փորձում է իր ներկայությունը պահպանել Ուկրաինայի արևելյան, իսկ եթե հնարավոր է նաև հարավային շրջաններում: Սրանով է բացատրվում Կրեմլի կողմից առաջ քաշած և ռուսական լրատվական միջոցներով պրոպագանդվող Նովոռուսիե նախագիծը: Ըստ այդմ նախատեսվում է Ուկրաինայի հարավ-արևելյան ութ ռուսախոս շրջաններից ստեղծել Նովուռուսիե պետական կազմավորումը, որը սկզբնական շրջանում չի մտնի Ռուսաստանի կազմի մեջ՝ պահպանելով իր ինքնուրույնությունը, սակայն քաղաքական, տնտեսական և պատմամշակութային առումով ամբողջապես կապված կլինի Մոսկվայի հետ:


Պարզ ասած, Նովոռուսիեն ունենալու է նույն կարգավիճակը, ինչն ունեն Աբխազիան և Հարավային Օսեթիան: Կրեմլն այս նախագծով ձգտում է լուծել մի շարք քաղաքական խնդիրներ՝ նախևառաջ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցնում Ուկրաինայի ամբողջ ափամերձ տարածքները՝ բացառելով ամերիկյան ռազմանավերի ներկայությունը Սև ծովի հյուսիսային ափերում, երկրորդ՝ նորաստեղծ պետական միավորման տարածքներն են կազմելու Ուկրաինայի առավել արդյունաբերական զարգացած շրջաններ, որոնք տնտեսապես ամուր կապված են ռուսաստանյան մարզերի հետ և երրորդ՝ նման պայմաններում Կիևը կկորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունն ու չի հետաքրքրի արևմուտքին որպես քաղաքական գործոն, սա Կրեմլի կարծիքով կստիպի Կիևին, որպես «անառակ որդի» վերադառնալ Մոսկվայի «գիրկը»:


Կիևի իշխանությունները նույնպես լավ գիտակցում են , թե ինչպիսի վտանգավոր հետևանքներ է պարունակում ուկրաինական պետության համար Նովոռուսիե նախագիծը և բոլոր միջոցներով փորձում են կասեցնել անջատողական ուժերի առաջխաղացումը դեպի երկրի հարավ-արևելյան շրջաններ: Պատահական չէ, որ անջատողականներից մաքրելով Մարիուպոլը Կիևյան իշխանությունները որոշեցին Դոնեցկի մարզային խորհուրդը ժամանակավորապես տեղափոխվել այս քաղաք: Մարիուպոլն Օդեսայից հետո խոշոր և Ազովի ծովում միակ ուկրաինական նավահանգիստն է, այսպիսով կենտրոնական իշխանությունները փորձում են իրենց վերահսկողության տակ պահել կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Մարիուպոլ քաղաքը, որն անջատողականների դեպի արևմուտք առաջխաղացման համար հանդիսանում է կարևորագույն պատվար:


Դոնեցկում և Լուգանսկում վճռվում է միասնական Ուկրաինայի ճակատագիրը, եթե այստեղ հաղթեն անջատական ուժերը, ապա այն կունենա դոմինոյի էֆֆեկտ մյուս ռուսախոս մարզերի համար: Ռուսաստանն անջատողական ուժերին տրամադրելով ռազմական ու նյութատեխնիկական օգնություն և չխոչընդոտելով կամավորական ջոկատների ներթափանցմանն Ուկրաինա միևնույն ժամանակ ուղղակիորեն չի ներգրավվում ռազմական գործողություններին և չի ճանաչում ինքնահռչակ հանրապետություններին: Մոսկվան գիտակցում է, որ նման քայլով կկորցնի արբիտրի կարգավիճակը՝ վերածվելով հակամարտության կողմի, բացի այդ միջազգային հանրության աչքերում Մոսկվան կվերածվի օկուպանտ երկրի՝ ստիպելով Արևմուտքին իրականացնելով պատժամիջոցների 3-րդ փուլը, որը մեծ հարված կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը: Ուկրաինական քաղաքական ճգնաժամը վերածվում է ուժերի հյուծման պատերազմի, որի պարագայում տեղի կտա այն կողմն, ով առաջինը կսպառի իր նյութական, ֆինանսական և տնտեսական ռեսուրսները:Հասկանալի է, որ տնտեսապես թուլացած Ուկրաինան ի վիճակի չի դիմագրավել հզոր Ռուսաստանին, սակայն Կիևին ֆինանսական ռազմական օգնություն է տրամադրում Վաշինգտոնը:


Վերջինս ձգտում է Ուկրաինային ներառել ԱՄՆ քաղաքական ուղեծրում և մեծ հաջողությունների է հասնում այս գործում: Լուգանսկում հունիսի 13-ին ուկրաինական ռազմական ինքնաթիռի ռմբակոծումը, որին զոհ գնացին 49 զինծառայող, պատճառ դարձան Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացված զանգվածային բողոքի ցույցին: Այս հակամարտությունը պարզապես նպաստում է ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացմանն Արևելյան Եվրոպայի և Սև ծովի ավազանում՝ պարտադրելով Կրեմլին ամեն գնով կյանքի կոչել Նովոռուսիե նախագիծը:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից