Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Սաուդյան Արաբիայի` իսլամի հավատքի մարտիկների հաղթարշավը

analitik.am

Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության խմբավորման զինյալների կողմից հունիսի 10-ին Մոսուլի գրավումն և դիմադրության չհանդիպելով դեպի Իրաքի կենտրոնական հատվածներ հաջող առաջխաղացումն ու վերահսկողության հաստատումն անակնկալ հանդիսացավ ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև տարածաշրջանի երկրների մեծամասնության համար:


Այս խմբավորման գլխավոր նպատակն է Իրաքի կենտրոնական հատվածի գրավումը, որի հիմնական բնակչությունը սուննի արաբներն են, ովքեր Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում ստեղծել են Իրաքի և Լևանտի իսլամիստական աստվածապետական խալիֆայությունները: Այս խմբավորման ղեկավարները ցանկանում են վերացնել 20-րդ դարի 20-ական թթ. այն անարդարությունը, երբ Անգլիան և Ֆրանսիան արհեստական սահմաններ գծեցին Արաբական աշխարհում՝ ստեղծելով Իրաքի և Սիրիայի պետությունները, որի հետևանքով սուննի արաբ ազգաբնակչությունը մասնատվեց երկու հատվածի՝ Իրաքում դառնալով փոքրամասնություն, իսկ Սիրիայում էլ հնարավորություն չունեցավ մասնակցել պետության կառավարմանը և վերածվեց անտեսված և իրավազուրկ ազգաբնակչության:



Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի օրոք սուննի ազգաբնակչությունը կազմակերպել է մի շարք հակառավարական ելույթներ և խռովություններ, որորնց նպատակն էր տապալել ալավիտների փոքրամասնության իշխանությանը, սակայն դրանք խստորեն ճնշվել են: Հատկապես դաժանորեն ճնշվեց 1982թ. Համայի զինված խռովությունը, որտեղ զոհվեցին մոտ 50 հազար սուննիներ: Ներկայումս Իրաքի և Լևանտի խմբավորումն իր վերահսկողության տակ է պահում Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանները, որպեսզի ցամաքային կապ հաստատի Էռ-Ռիադի հետ: Լևանտի խմբավորման աննախադեպ ռազմական հաջողությունները, որին նպաստում են Իրաքի բնակչությունը, գլխովին փոխում են աշխարհաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում՝ սկիզբ դնելով Մերձավոր Արևելքի ազդեցության գոտիների վերաբաժանման գործընթացին: Այս պրոցեսի գլխավոր դերակատարներն են հանդիսանալու Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Իրանը, որոնք անհաշտ պայքար են մղելու տարածաշրջանի յուրաքանչյուր հատվածի համար: Հետաքրքրական է, որ Լևանտի զինյալների ակտիվ գործողությունները տեղի ունեցան իրանա-ամերիկյան հարաբերությունների մերձեցման և Բաշար Ասադի ռազմաքաղաքական հաջողությունների ֆոնին: Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության կազմավորումը ստեղծվել է 2006թ, որպես Ալ Քաիդային կից խմբավորում, սակայն հետագայում այն առանձնացավ և սկսեց գործել ինքնուրույն:


Խմբավորումն ակտիվորեն համագործակցում է Սաուդյան Արաբիայի հետախուզության հետ և ֆինանսական աջակություն ստանում Էռ-Ռիադից: Սաուդիտները ստեղծելով Իրաքի կենտրոնական հատվածում սուննիական պետություն, հետապնդում են մի շարք նպատակներ՝ փորձ է արվում թուլացնել Իրանի ազդեցությունը Պարսից ծոցի ավազանում, վերահսկողություն հաստատել այսպես կոչվող շիիթական միջանցքում, որի հետևանքով կխաթարվի Իրան-Սիրիա հաղորդակցական կապը՝ դժվարին կացության մեջ դնելով ալավիտ Բաշար Ասադին: Գրոհայինների ռազմական հաջողությունները նպաստեցին Արևմուտքին և Իրանին, որոնք պատրաստակամություն էին հայտնել օգնություն տրամադրել Իրաքի շիիթական կառավարությանը, հարաբերությունների մերձեցմանը: Լոնդոնը հայտարարել է, որ Թեհրանում վերաբացվելու է բրիտանական դեսպանատունը, իսկ Սպիտակ տունը խորհրդակցություններ է անցկացնում Իրանի հետ Իրաքում կապված ռազմական դեպքերի վերաբերյալ:


Այսպիսով, Սաուդյան Արաբիան միջազգային ասպարեզում մնում է միայնակ՝ չունենալով ուժեղ վստահելի դաշնակից: Անգամ Թուրքիան, որը ձգտում է թուլացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում և տապալել Ասադի իշխանությունը, կանգնած է դժվար կացության առջև: Մոսուլում թուրքական հյուպատոսարանի գրավումը և աշխատակիցների գերևարումը, Քիրքուքում թուրքմենների օգնության կոչն Անկարային ու երկրի ներսում ընդդիմության սաստկացող քննադատությունը տարածաշրջանում իշխանությունների վարած քաղաքականության ուղղությամբ Թուրքիային ստիպում են չաջակցել ահաբեկիչներին: Լևանտի զինյալների հաջողությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ Էռ-Ռիադի համար: Իրաքի մասնատումն և Քրդական պետության ստեղծումը, Իրանի միջազգային մեկուսացումից դուրս գալը նպաստում են Թեհրանի քաղաքական ազդեցության ամրապնդմանը, որն ամեն կերպ աջակցելու է Ասադի իշխանության ամրապնդմանը Սիրիայում ի չիք է դարձնելու Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ջանքերը:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից