Վերլուծական Քաղաքականություն 

Ռուսաստանը հայկական սփյուռքի աջակցության կարիքն ունի

analitik.am

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները մայիսի 23-ին խորհրդակցություն անցկացրեցին՝ կապված Հյուսիսային Ամերիկայի պետությունների հետ հարաբերություններում երկու երկրների ընդհանուր   մոտեցումներ գտնելու հետ: Ընդդիմադիր լրատվամիջոցները քննադատեցին հայրենի իշխանություններին՝ մեղադրելով նրանց պետության ինքնիշխանության կորստի մեջ, որի հետևանքով Երևանը ստիպված է հրահանգներ ընդունել  Կրեմլից, թե ինչպիսի քաղաքականություն իրականացնել Վաշինգտոնի հետ ու ինչպիսի դիրքորոշում ունենալ այս կամ այն հարցի շուրջ:

 

Ակնհայտ է, որ Երևանն ի վիճակի չէ իրականացնել  ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ սեփական նախաձեռնությամբ սահմանափակելով այդ հնարավորությունները, սակայն պնդել, որ Կրեմլը պարտադրում է Երևանին ամբողջովին իրականացնել Մոսկվային համահունչ արտաքին քաղաքականություն՝ սա  արդեն չափազանցություն է:

 

Ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական կշիռը մեղմ ասած այնքան մեծ չէ, որ այն կարողանա փոխել միջազգային ուժային կենտրոնների դիքորոշումները: Եթե նույնիսկ Երևանի արտաքին քաղաքականությունը միահունչ լինի Կրեմլի քաղաքականությանը, ապա դա ոչ  մի ազդեցություն չի կարող ունենալ միջազգային քաղաքական իրավիճակի վրա:

 

Նառտուն, Վանատունի Նիկարագուայի և Վենեսուելայի հետ ճանաչեցին Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունները, սակայն միջազգային հանրության վերաբերմունքն այս հարցում անփոփոխ մնաց՝ շարունակելով ճանաչելով այս տարածաշրջաններին որպես Վրաստանի անքակտելի տարածքներ: Այդ դեպքում Մոսկվան ի՞նչ նպատակ էր հետապնդում նախաձեռնելով տվյալ խորհրդակցությունները:

 

   2013թ. սեպտեմբերին, մինչ Ուկրաինական ճգնաժամի ի հայտ գալը, երբ Երևանը հայտարարեց, որ միանում է Մաքսային Միությանը, հայկական և ռուսական քաղաքական ու փորձագիտական շրջանակները սկսեցին քննարկել տվյալ որոշման հետևանքները, պատճառներն ու նշանակությունը: Սակայն, տարատեսակ քննարկումների ժամանակ աննկատ մնաց ռուս փորձագետների կողմից առաջ քաշած շատ կարևոր համոզմունք, որի համաձայն Հայաստանի անդամակցումը Մաքսային Միությանը կնպաստի Մոսկվայի և հայկական սփյուռքի կապերի հաստատմանն ու մերձեցմանը:

 

Սիրիական ճգնաժամի ժամանակ Կրեմլին պարզ դարձավ, որ շատ դժվար է արևմտյան քաղաքական շրջանակներում՝ հատկապես Միացյալ Նահագներում, ձեռք բերել ռուսական քաղաքական դիրքորոշման համաձայնություն: Այդ իսկ պատճառով Մոսկվան խիստ կարիք է զգում կայացած և ակտիվ գործող կազմակերպության աջակցությանը, որը կանգնած կլինի արևմտյան քաղաքական շրջանակների մոտ՝ ունենալով նրանց նկատմամբ որոշակի ազդեցություն: Նման կազմակերպություն կարող է հանդես գալ ավանդական հայկական սփյուռքը, որն ունի լայն կապեր արևմտյան տարբեր երկրների քաղաքական շրջանակների հետ և ամենակարևորը տիրապետում է լոբբիստական աշխատանքի երկարատև, հարուստ և նշանակալի փորձի:

 

Նման աջակցության կարիքը Կրեմլի համար էլ ավելի է բազմապատկվել  Ուկրաինական ճգնաժամից հետո: Արևմուտքում Ռուսաստանը ներկայացվում է որպես ագրեսոր պետություն, որն օգտվելով Կիևի քաղաքական ճգնաժամից, բռնակցեց Ղրիմը  և հրահրեց երկրի արևելյան շրջաններում անջատողական շարժում: Հայկական սփյուռքի կազմակերպություններին, եթե անգամ չհաջողվի մեծ հաշվով ազդել արևմտյան էստեբլեշմենթի՝ Ռուսաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշման վրա, ապա այն առնվազն կարող է մեղմել Ռուսաստանի հանդեպ Արևմուտքում առկա բացասական վերաբերմունքը:

 

Այս կոնտեքստում պետք է դիտարկել Կրեմլի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Քեսաբահայության վերաբերյալ բանաձևի ընդունման փորձը: Հետաքրքրական է, որ Մոսկվան ցանկանում է նմանատիպ խորհրդակցություն անցկացնել Լատինական Ամերիկայի պետություների վերաբերյալ, և եթե հաշվի առնենք, որ մայիսի սկզբներին Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այցելեց Հարավային Ամերկիայի մի շարք երկրներ՝ գլխավորապես ռուսական ռազմանավերին ամերիկյան նավահանգիստներում տարատեսակ ծառայություններ մատուցելու հարցը քննարկելու համար, ապա պարզ կդառնա, որ Կրեմլը շահագրգռված է Երևանի միջոցով կապեր հաստատել հայկական սփյուռքի հետ, որն ակտիվ գործում է նաև Լատինական Ամերիկայում:

 

Նման հանգամանքների առկայության դեպքում Երևանի գործոնը մեծանալու է Մոսկվայի աչքերում, և Հայաստանը պարտավոր է առաջ քաշել սեփական քաղաքական և տնտեսական կենսական շահերը՝ ձգտելով զիջումներ կորզել Կրեմլից էներգակիրների հարցում և ստանալ համոզիչ երաշխիք, որ Մոսկվան Ղարաբաղի հարցում չի իրականացնի այնպիսի քաղաքականություն, որը կվնասի հայկական կողմի շահերին:

 

 

Սարգիս Լևոնյան

 

Նույն շարքից