Վերլուծական Քաղաքականություն 

Կրեմլի քաղաքական կշիռը Եվրոպայում կնվազի

analitik.am

Ուկրաինական ճգնաժամի հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի քաղաքական առճակատման խորացման ֆոնին, մեծանում է Մոսկվայի և Բրյուսելի միջև առկա էներգակիրների արտահանման և տարանցիկ ճանապարհների հետ կապված անհամաձայնությունները: Բրյուսելի և Վաշինգտոնի աննախադեպ ճնշման հետևանքով Բուլղարիան սառեցրեց Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող «Հարավային հոսք» նախագծի իրագործումը: Անգամ սենատոր Ջոն Մաքքեյն էր եկել Բուլղարիա՝ անձամբ համոզելու պաշտոնական Սոֆիային հրաժարվել տվյալ նախագծից:


Հունիսի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ, որտեղ երկրի վարչապետը հաստատեց «Հարավային հոսք»-ի սառեցման մասին որոշումը, Մաքքեյնը կանգնած էր վերջինիս կողքին՝ ըստ երևույթին չհավատալով բուլղարական կողմի հավաստիքներին և վախենալով կառավարության ղեկավարի մտքափոխումից: Չնայած բուլղարական կողմի ընդունած որոշմանը, որը մեծ դժգոհություն առաջացրեց երկրի քաղաքական լայն շրջանակներում, Մոսկվան հայտարարեց, որ ինքը «Հարավային հոսք» նախագծի սառեցման վերաբերյալ պաշտոնական դիմում չի ստացել և շարունակելու է նախապատրաստական աշխատանքները: «Հարավային հոսք» նախագծով նախատեսվում է Սև ծովի հատակով գազամուղ անցկացնել, որի շնորհիվ ռուսական գազը, շրջանցելով Ուկրաինան, կհասնի Բուլղարիա և Սիրիա, իսկ այնուհետ գազամուղը կունենա ճյուղավորում դեպի հյուսիս՝ գազը հասցնելով Հունգարիա ու Ավստրիա և հարավ՝ կապույտ վառելիքն ուղղելով Մակեդոնիա ու Ալբանիա: Այս նախագծի շնորհիվ Մոսկվան էլ ավելի կամրապնդի իր դիրքերը Եվրամիության էներգակիրների շուկայում, որի դեմ կատաղի պայքար է մղում Վաշինգտոնը:


Բրյուսելն իր դիքորոշումը բացատրում է նրանով, որ ցանկանում է ապահովել Եվրամիության էներգետիկ անվտանգությունը՝ ձգտելով դիֆերսիֆիկացնել էներգակիրների ներկրումը՝ այդպիսով չեզոքացնելով կախվածությունը Կրեմլից, ինչը Բրյուսելի հետ բանակցությունների ժամանակ Մոսկվան օգտագործում է՝ որպես տնտեսական ազդեցության լծակ: Եվրամիությունը փորձում է տարանջատել էներգակիրների ներկրման և գազաբաշխման գործառություները՝ թույլ չտալով որևէ երկրին /իսկ այս պարագայում Ռուսաստանին/ էներգակիրների շուկայում ձեռք բերել մոնոպոլ դիրք, որին ձգտում է Մոսկվան: Պարզ ասած, Բրյուսելը դեմ է Եվրոպային գազ մատակարարող ռուսական Գազպրոմ պետական ընկերության մասնկացությանն ԵՄ անդամ երկրների ներցանցային և գազաբաշխման գործունեությանը ինչպես իրականացվում է Հայաստանում ու Ղրղզսատում: Դրա հետ մեկտեղ Բրյուսելն անհանգստացած է, որ «հարավային հոսք» նախագծի պարագայում որոշ բուլղարական էներգետիկ ընկերություններ ձեռք են բերում արտոնյալ կարգավիճակ եվրոպական այլ ընկերությունների նկատմամբ:



Այս իրավիճակից աշխատում է օգտվել Վաշինգտոնը, որը ցանկանում է ռուսական բնական գազի փոխարեն Եվրամիություն ներկրել ամերիկյան թերթաքարային գազ /сланцевый газ/ : Վերջինիս ինքնարժեքն ավելի թանկ է, իսկ ներկրումը ծախսատար, բացի այդ արդյունահանման ժամանակ հսկայական վնաս է հասցվում շրջակա միջավայրին՝ աղտոտելով ստորջրյա ավազանները՝ դարձնելով ջուրն օգտագործելու համար ոչ պիտանի: ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականությունում կարևոր տեղ է հատկացվում Ուկրաինային: Երկրի հարավ- արևելյան շրջանները, որոնք ձգտում են միավորվել Ռուսաստանին, հատկապես Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, հարուստ են թերթաքարային գազային նստվածքներով: Դեռ Վիկտոր Յուշչենկոյի օրոք Ուկրաինան ամերիկյան Շերոն ընկրությանը արտոնագիր էր տրամադրել՝ երկրի արևելյան շրջաններում հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար:


Պատահակունություն է թե ոչ, սակայն ռուսամետ անջատողական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Սլավյանսկ քաղաքի մոտակայքում, որի շուրջ արդեն երկրորդ ամիսն է, ինչ տեղի են ունենում կատաղի մարտեր, որտեղ Ուկրաինայի կառավարական ստորաբաժանումներն ապարդյուն փորձում են գրավել քաղաքը, Շերոն ընկերությունը իրականացրել է մի շարք հետախուզական աշխատանքներ՝ հորատանցքեր փորելով երկրի ընդերքում:


Եվրամադյանի հաղթանակը հեշտացրեց Վաշինգտոնի ամրապնդումն Ուկրաինայի քաղաքական և տնտեսական շրջանակներում: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Կիևում հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է ձեռք բերի էներգետիկ անկախություն Կրեմլից, իսկ քիչ անց նրա որդին՝ Հանթե Բայդենը ընդգրկվեց ուկրաինական Բարսիմա նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Այս քայլերն ակնհայտորեն բացահայտում են, որ ԱՄՆ-ն նպատակ է դրել եվրոպական էներգետիկ շուկայից դուրս մղել Ռուսաստանին: «Հարավային հոսք» նախագծի սառեցումը, Վաշինգտոնի ազդեցության աննախադեպ ուժեղացումն Ուկրաինայում դժվարացնելու է Ռուսաստանի էներգետիկ ոլորտում գործունեությունը Եվրոպայում՝ նվազեցնելովԿրեմլի քաղաքական կշիռն Եվրոպական մայրցամաքում:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից