Վերլուծական Քաղաքականություն 

ԱՄՆ-Իրան հնարավոր համագործակցության հետևանքները

analitik.am

Խորհրդային Միության փլուզումից և 1991թ. Պարսից ծոցի պատերազմից հետո Միացյալ Նահանգները կարծում էին, թե Մերձավոր Արևելքում իրենք այլևս լուրջ քաղաքական հակառակորդ չունեն: Սակայն  իրականությունն այլ էր, Իրանում 1979թ. տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունը, որտեղ երկրի իշխանության եկավ շիա կղերական հոգևորականությունը, և Իրաքի նախագահ սուննի Սադամ Հուսեյնի սանձազերծած պատերազմի դիմագրավումը՝ Իրանին  տարածաշրջանում դարձրեց կարևոր քաղաքական գործոն:

 

 Թեհրանը Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի համար հանդիսացավ գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը: Երկու երկրներն էլ ձգտում էին իրենց վերահսկողությունը հաստատել Մերձավոր Արևելքի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ափամերձ տարածքների նկատմամբ: Խոսքը գնում է գլխավորապես Պարսից ծոցի և Օրմուզի նեղուցի, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան ափամերձ տարածքների մասին: Այս շրջանների հետ մեկտեղ նշանակալի դեր սկսեց խաղալ Կասպից ծովի ավազանը, որը հաղորդակցային խաչմերուկ է հանդիսանում Հարավային Կովկասի, Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքի համար:

 

                                    

Շնորհիվ աշխարհագրական դիրքի Իրանը սահմանակից է Պարսից ծոցին ու Կասպից ծովին, ինչի շնորհիվ կարողանում է ամուր պահել իր ռազմաքաղաքական դիրքերն այս ջրային ավազաններում: Միացյալ Նահանգները, ձգտելով թուլացնել իրանական գործոնը Պարսից ծոցում՝  հատկապես Օրմուզի նեղուցի շրջակայքում,  պահում էին ԱՄՆ ռազմածովային 6-րդ նավատորմը, որի գլխավոր հարվածային ուժն են հանդիսանում ավիակիրները: Ինչ վերաբերում է Կասպից ծովի ավազանին, ապա 1995թ.-ին, երբ Բաքվում կնքվում էր, այսպես կոչված, «Դարի համաձայնություն» պայմանագիրը, որի համաձայն օտարերկրյա՝ հիմնականում արևմտյան նավթային ընկերությունները, պետք է իրագործեին ադրբեջանական նավթի արդյունահանումն ու Եվրոպա տեղափոխումը, ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնն անձամբ դիմեց Հեյդար Ալիևին, որպեսզի իրանական նավթային ընկերությունները դուրս հանվեն այդ պայմանագիրից, որն էլ իրականացվեց:

 

 

 Միջերկրական ծովի Արևելյան ափամերձ տարածքներում Իրանը պաշտպանում էր հակաամերիկյան և հակաիսրայելական քաղաքական ու կառավարական ուժերին: Մինչ օրս Թեհրանը հետևողականորեն շարունակում է իրականացնել վերոնշյալ քաղաքականությունը: Լիբանանում ֆինանսական և ռազմական օգնություն է տրամադրում Հեզ-Բոլահ շիիթական կազմակերպությանը՝ ամեն գնով սատարելով Ասադի կառավարության պահպանմանը Սիրիայում և տնտեսական ու հումանիստ աջակցություն ցույց տալով Սինայի  թերակղզուն սահմանակից Պաղեստինի Գազայի հատվածում առաջատար դիրք զբաղեցնող Համազ շարժմանը:

 

 

Հեզբոլհի և Համազի գլխավոր նպատակն է  հրեական պետության կործանումն և ամերիկայինների վտարումը տարածաշրջանից: Այսպիսով,  Լիբանանից մինչև Սինայի թերակղզի, որտեղից սկիզբ է առնում Սուեզի ջրանցքը, զգացվում է իրանական շունչը:

 

Իրանա-ամերիկյան քաղաքական առճակատման գագաթնակետը Թեհրանի միջուկային ծրագրի  իրականացումն էր, երբ ԱՄՆ-ն անգամ պատրաստ էր ռմբակոծել իրանական միջուկային օբյեկտները, սակայն Արաբական գործոնը և ահաբեկչական ռազմական խմբավորումների ակտիվ գործունեությունը, ինչպես նաև Իրանի նորանշանակ նախագահ Հասան Ռոհանու կոնստրուկտիվ քաղաքականությունը նպաստեցին  ԱՄՆ-ի և Իրանի առճակատման նվազեցմանը: Սուննի ահաբեկչական զինված խմբավորումների հաջողություններն Իրաքում, որը սպառնում է ամբողջ տարածաշրջանը վերածել քաոսի և անիշխանության, հարվածում է ոչ միայն ԱՄՆ-ի քաղաքական դիրքերին , այլ նաև հատվածի տակ է դնում Իրանի անվտանգությունը:

 

 

Իրաքում ստեղծված քաղաքական իրավիճակի շուրջ տեղի ունեցող իրանա-ամերիկյան խորհրդակցությունները, թերևս երկու երկրների միջև մերձեցման գործընթացի  առաջին քայլերն են: Թեհրանի համագործակցությունը Վաշինգտոնի հետ վերջնականապես դուրս կբերի Իրանին միջազգային մեկուսացումից՝  մեծացնելով երկրի կշիռը միջազգային ասպարեզում: Սակայն Իրանը պետք է շտապի, քանի որ նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի են ունենալու Կոնգրեսի ընտրություններ, իսկ երկու տարի անց՝ նախագահական: Դեմոկրատների և Օբամայի վարկանիշը ցածր է, ու հնարավոր է իշխանության գահին գան հանրապետականները, որոնք միանշանակ սատարում են Իսրայելին և Սաուդյան Արաբիային: Իրանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կտրուկ կփոխի քաղաքական իրավիճակը տարածաշրջանում՝ բարենպաստ ազդեցություն ունենալով Մերձավոր Արևելքի վրա, ինչպես նաև նպաստելով ահաբեկիչների դեմ արդյունավետ  պայքար  իրականացնելուն:

 

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից