Վերլուծական Քաղաքականություն 

Գնդապետ Ռալֆ Պետերսի Մերձավոր Արևելքի քաղաքական ապագայի կանխատեսման իրականացումը

analitik.am

2006թ. սեպտեմբերին միջազգային քաղաքագիտական և վերլուծական կենտրոններում մեծ իրարանցում առաջացրեց «Armed Forces» «Զինված ուժեր» ամսագրում տպագրված ամերիկյան բանակի գնդապետ Ռալֆ Պետերոսի ներկայացրած Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը: Այս քարտեզում Մերձավոր Արևելքի համարյա բոլոր պետությունների սահմանները վեաձևած էին, բացառություն էին կազմում Քուվեյթը, Քաթարը, Արաբական Էմիրությունները, Եգիպտոսն ու Օմանը: Անգամ Պակիստանն էր մասնատված՝ Բելուջիստան նահանգը ներկայացված էր որպես անկախ պետություն, սակայն աչքի էր զարնում Իրաքի տարածքում առաջացած երեք նորանկախ երկրներ:

 

 

2006թ-ին Մերձավոր Արևելքն  ապրում էր ԱՄՆ-ի կողմից ստեղծած նոր ռազմաքաղաքական իրականության մեջ՝ գրավված էր Աֆղանստանը և երկրի ղեկավար էր նշանակված Համիդ Քարզայը, իսկ օկուպացված Իրաքում դատում էին վերջինիս բռնապետ Սադամ Հուսեյնին  ու զուր ջանքեր էին գործադրում սուննիների, շիաների և քրդերի համատեղ ուժերով կենսունակ պետություն ստեղծելու համար: Ըստ երևույթին խորոթափանց և հեռատես գնդապետ Պետերոսն արդեն այդ ժամանակ գիտակցել էր, թե ինչպիսի մահացու հարված է հասցրել կրտսեր Բուշի վարչակազմն Իրաքի Հանրապետությանը:

 

Վաշինգտոնն այդպես էլ չգիտակցեց Պարսից ծոցի երկների յուրօրինակությունը և ռազմական մեքենայի բիրտ ուժով ոչնչացրեց առկա փխրուն կայունությունն ու ուժերի հավասարակշռությունը՝ հարվածն ուղղելով Արաբական աշխարհի «սիրտը» հանդիսացող Իրաքին: Վերջինս, տեղակայված լինելով տարածաշրջանի կենտրոնական հատվածում, հանդիսանում էր Մերձավոր Արևելքի գլխավոր խաչմերուկ, որի տարածքով էին անցնում հարավից դեպի հյուսիս և արևելքից դեպի արևմուտք կարևոր հաղորդակցական /կոմունիկացիոն/ ճանապահները:

 

Իրաքում ռազմական ճանապարհով տեղի ունեցող  յուրաքանչյուր քաղաքական  իրավիճակի փոփոխություն միանգամից իր ազդեցությունն էր թողնում շրջակա երկրների վրա: Այսպես՝ 1958թ. Բաղդադում իրականացված ռազմական հեղաշրջման հետևանքով սպանվեց թագավորական ընտանիքն ու վարչապետը: Վախենալով զարմիկին դառը ճակատագրին արժանացնելու վտանգից՝  Հորդանանի միապետը ռազմական օգնություն խնդրեց Մեծ Բրիտանիայից, իր հերթին Լիբանանի նախագահը, երկրի սուր քաղաքական ճգնաժամը լայնածավալ  պատերազմի չվերածելու համար,  դիմեց ԱՄՆ նախագահի օգնությանը:

 

Ներկայիս Իրաքն ԱՄՆ-ի անօրինական և արյունահեղ արկածախնդության հետևանքն է: Գրոհայինների հաջողությունները երկրի կենտրոնական հատվածում դոմինոյի էֆեկտ է ունենալու ամբողջ տարածաշրջանում՝ ստեղծվում է քաոսային վիճակ և անիշխանություն, որտեղ գծված սահմանները կորցնում են իրենց արժեքն ու նշանակությունը: Այս տեսանկյունից կարելի է բացատրել գնդապետ Պետերսի  քարտեզում  պատկերված նորաստեղծ պետությունների և նոր սահմանների առկայությունը:

 

 Իրաքի քայքայման գործընթացը սկիզբ  է դնում շրջակա պետությունների տարածքային ամողջականության մասնատմանը: Իրաքում Սուննի և Շիա երկրների առաջացումը նպաստելու է անկախ և միացյալ քրդական պետության ստեղծմանը, որը ներառելու է Իրաքի Քրդստանը, Թուրքիայի ամբողջ հարավ-արևելյան շրջանը, Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածն,  Իրանի Թուրքիան և Իրաքին սահմանամերձ տարածքները:

 

 Հետաքրքրական է, որ Սիրիայի տարածքային  կորուստները դրանով չեն սահմանափակվելու, երկրի միջերկրածովյան ամբողջ ափամերձ տարածքը՝ Լաթաքիայի կետրոնով, որտեղ հիմնականում բնակվում են ալավիտները , միավորվելու է Լիբանանին՝ ստեղծելով Մեծ Լիբանան պետությունը: Իհարկե չի բացառվում, որ գնդապետ Պետերսի բոլոր կանխատեսումները չիրականանան և Սաուդյան Արաբիայում չստեղծվի  Սրբազան Իսլամական պետությունը՝ Մեքքա  ու Մեդինա կենտրոններով, իսկ Հիջազի հյուսիսային հատվածը  չմիավորվի Հորդանանին, սակայն Մերձավոր արևելքում ստեղծված քաղաքական բարդ իրավիճակը կանխատեսվող աշխարհաքաղաքական երկրաշարժի նախանշանն է, որն ավերակների է վերածելու տարածաշրջանի բազմաթիվ երկրներ:

 

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից