Վերլուծական Քաղաքականություն 

Ռուսաստանն այլևս չի կարողանում հանդուրժել Հայաստանի ինքնիշխանությունը. Ինչո՞ւ

analitik.am

Իհարկե որևէ մեկը չի կարող ժխտել, որ Ռուսաստանը  Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և այն մշտապես աջակցել ու աջակցում է Հայաստանին բազմաթիվ հարցերում, սակայն ոչ անշահախնդրորեն: Առհասարակ միջազգային քաղաքականության մեջ որևէ երկիր մեկ այլ երկրի համար բարեգործություն չի անում և հստակ գիտակցում է, թե ինչն ինչի դիմաց է անում:

 

 

Այս պարզագույն ճշմարտությունը հայկական կողմը մշտապես գիտակցել է, ինչի հետևանք է Հայաստան պետության կողմից կայացված բազմաթիվ որոշումներ, երբ Հայաստանը հանուն Ռուսաստանի հետ ունեցած դաշնակցային հարաբերությունների կայացրել է ավելի շատ ի օգուտ ՌԴ-ի, քան ՀՀ-ի որոշում՝ այսպես ասած որպես պատասխան ռուսական կողմի աջակցությանը: Այս ամենով հանդերձ Ռուսաստանը վերջին ընթացքում այլևս չի թաքցնում իր իրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, և անգամ այն մարդիկ, ովքեր արտաքին քաղաքական հարթության մեջ  կողմնորոշված են դեպի Ռուսաստանը, չեն կարող հանդուրժել նման մոտեցում:

 

 

 Հայաստանը իր ողջ պատմության ընթացքում պայքարել է ինքնիշխանության համար, և ոչ հայ ազգը, ոչ էլ Հայաստան պետությունը մեղավոր չեն, որ չհիմնավորված ամբիցիաներ ունեցող իշխանավորների կողմից այդ ինքնիշխանությունն այսօր լուրջ վտանգի տակ է դրվել՝ բացառապես այդ մարդկանց անձնական շահերի համար:

 

Ցավալի է, երբ վերջին ընթացքում կարդում եմ ռուսական մամուլը և տեսնում, թե ինչ վերաբերմունք է հայերի նկատմամբ: Օբյեկտիվ լինելու համար ես չեմ կարող ամբողջովին մեղադրել միայն Ռուսաստանին, քանզի մենք բոլորս լավ գիտակցում ենք, որ նման անհարգալից վերաբերմունքի համար հայկական կողմը բազմաթիվ առիթներ է տվել:

 

 

Ինչո՞ւ է հայկական կողմը լռում՝ մասնավորապես իշխանությանն է խոսքս վերաբերում, պատասխանը մեկն է՝ իշխանության գալու մեխանիզմների աղտոտվածության, անարդարության, ինչպես նաև իշխանությունը կրելու ընթացքում կատարած անհամար խախտումների, բյուջեից դուրս գրված ահռելի չափերի հասնող անօրինական գումարների, անձնական գրպանը լցնելու համար վերցված հսկայական փողերի և այլնի մասին տեղեկատվությանը Ռուսաստանը  գերազանց տիրապետում է: Սա հենց այն խաղաքարտն է, որ մշտապես օգտագործվում է՝ ստիպելով ներկայիս իշխանությանը լռել, համակերպվել, ինքնիշխանության որոշակի կորուստներ տալ և այսպես շարունակ, և այս ամենն արվում է բացառապես մի քանի հոգու համար ճոխ կյանք ապահովելու նպատակով: Պետությունը քանդվում է այն բանի համար, որպեսզի մի քանի հոգի կարողանան թանկարժեք կյանքով ապրել և այսպես շարունակ: Այժմ ներկայացնում եմ խորհելու տեղիք տվող մի հոդված, որը տեղադրված  է ռուսական մամուլում.

 

 

«2015 թ.-ի հունվարի 1-ից պետք է ԵՏՄ-ն գործի: Ամերիկացի  քաղաքական գործիչներն արդեն մի քանի անգամ դեմ են արտահայտվել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը: Պետք չէ կասկածել, որ 2014-ի երկրորդ կեսին Ամերիկան կսկսի աշխատել եվրասիական ինտեգրացիան կանխելու ուղղությամբ: Ուկրաինայից հետո, Ամերիկայի երկրորդ կետը, ամենայն հավանականությամբ, կլինի Հայաստանը:

 

Այս կարծիքին լինելու համար կա մի քանի հիմնավորում: Առաջին հերթին Հայաստանը մոտ ապագայում ցանկանում է դառնալ ԵՏՄ անդամ, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Ամերիկան կփորձի քանդել Եվրասիական միությունը՝ հեղափոխություն իրականացնելով դրան անդամակցել ցանկացող երկրներից մեկում:

 

Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանը Կասպից ծովի  նավթային շրջաններ տանող միակ ճանապարհն է:

 

Երրորդ՝ Հայաստանի տարածքում է  գտնվում ռուսական զինվորական բազան, այսինքն՝ կարելի է ռուս զինվորներին երրորդ ձեռքով ներքաշել ռազմական գործողությունների մեջ:

 

 

Այն, որ Ուկրաինայից հետո  հենց Հայաստանը կվերածվի Մայդանի, ապացուցում են նաև Հայաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Հեֆֆերնը և Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Նրանք խորհրդակցություններ են անցկացնում Հայաստանի ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի:

 Տեր-Պետրոսյանը դեսպանների հետ հանդիպումներից հետո հորդորում է դուրս գալ ցույցի, խրախուսում է սահմանադրական հանրաքվե անցկացնել,    դուրս գալ գործող իշխանության դեմ:

 

Հայաստանի խորհրդարանում հակառուսական ընդդիմադիր ուժերը երեքն են, որոնք առաջնորդվում են շատ պրմիտիվ հակառուսական լոզունգներով:

 

Նրանք օրինակ են բերում  XX դարի սկզբում Ռուսստանի ԱԳՆ Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկիի խոսքերը, ով  իբր ասել է, որ ռուսներին Հայաստանը առանց հայերի է հարկավոր:

 

XX դարում երեց  Գրիգորի Գոլիցինը ասել է, որ այնպես կանի, որ Թբիլիսիում միակ հայը կմնա Թբիլիսիի թանգարանում պահպանվող հայի կմախքը:

 

Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ վերոնշյալներից ոչ մեկը չի ապացուցվում պատմական փաստերով, իսկ Լոբանովին հայերի դեմ հանեցին, քանի որ նա դեմ էր ռուս-օսմանական պատերազմին: Իսկ Գրիգորի Գոլիցինը Կովկասում միակ երեցն էր, ով հայամետ կողմնորոշում չուներ: Նա ցանկանում էր Թբիլիսիում ծառայող հայ և ադրբեջանցի երեցների  քանակը հավասարեցնել և մի քիչ սահմանափակել էր Հայ Եկեղեցու իրավունքները:

 

Մի խոսքով, այս երկու ռուս քաղաքական գործիչների այդ նախադասությունները Հայաստանում ընդդիմադիրների համար դարձել են շատ լավ պատճառ՝ հակառուսական ելույթներ ու քաղաքականություն տարածելու համար:

 

Ինչպես ցույց տվեց ուկրաինական Մայդանը, հեղափոխությունն ավելի հեշտ է կազմակերպել, երբ իշխանությունների գաղափարախոսությունը թույլ է կամ ընդհանրապես չկա:

 

Այժմ Հայաստանում գործող Հանրապետական կուսակցությունն ավելի շատ նման է բիզնես-ակումբի, քան իշխանության: Այս կուսակցության գլխավոր գաղափարախոսությունը Գարեգին Նժդեհի ազգայնականությունն է, իսկ  Հայաստանի Առաջին հանրապետության (1918-1920 թթ.) զորավարի գաղափարախոսությունն է՝ ազգը հավատք է:

 

Բացի այդ, զորավարի գաղափարախոսությունն այսօր աշխատում է ոչ թե ազգը միասնական դարձնելու ուղղությամբ, այլ այն  մասնատելու: Հայաստանը, շրջապատված լինելով երկու թուրք ազգերի կողմից, չի կարող հավերժ կոնֆլիկտային վիճակով գոյատևել:

 

Հին և պատմական Հայաստանը միշտ էլ գտնվել է մշակույթի և քաղաքակրթության կենտրոնների միջև՝ հնագույն ժամանակներում՝ Հռոմի և Պարսկաստանի, միջնադարում՝ Բյուզանդիայի և Արաբական Խալիֆայության և այժմ՝ Ռուսաստանի և իսլամական աշխարհի: Հենց այս պատմության շնորհիվ է, որ հայերը կարողանում են ճանապարհ գտնել անգամ այնտեղ, որտեղ, թվում է՝ որևիցե դուռ երբեք չի կարող բացվել: Հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանի բնակիչները հայտնի են իրենց հանդուրժողականությամբ և հյուրասիրությամբ, սակայն այսօր  ազգայնականությունն  ազգին զրկում է այդ առավելություններից:

Վերջապես Գարեգին Նժդեհը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ակտիվորեն համագործակցում էր նացիստների հետ, որոնք հայերին համարում էին կիսամարդ: Գարեգին Նժդեհին հերոսացնելը մի ազգի կողմից, ով Երկրորդ համաշխարհայինի հաղթող ազգերից մեկն է եղել, վիրավորանք է: 

 

1990 թվականի օգոստոսի 23-ին ԽՍՀՄ  Հայաստանի  գերագույն խորհուրդը, որի առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ընդունեց Հայաստանի  Անկախության Հռչակագիրը: Պետականության  հիմքը դարձան 1918 թվականի մայիսի  28-ին ձևավորված Անկախ  Հայաստանի հանրապետության  դեմոկրատական սովորույթները:   Սակայն մոռանում ենք, որ դա արևմտյան  պետականության դաստիարակություն է, որը ձևավորվեց   հեղափոխական-ազգայնականների կողմից: Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ պատերազմելով, այնուհետև նաև Սովետական Ռուսաստանի, պարտություն կրեց: Դրա արդյունքում Թուրքիան վերցրեց ոչ միայն Կարսի տարածաշրջանը, այլև այժմյան Հայաստանի մի մասը: Թուրքերին արտոնություն տրվեց վերահսկողություն հաստատել բոլոր երկաթգծերի և այլ ճանապարհների վրա: Այն, որ Հայաստանը հույսը դրել էր Արևմուտքի վրա, ոչինչ չտվեց:  

 

 

1918-1920 թվականի դեմոկրատական սովուրույթները ինքնահանձման  սովորույթներ են: Հայաստանի պատմության մեջ ավելի արժեքավոր ու ուշադրության արժանի էջեր կան, որոնցից էլ պետք է  օրինակ վերցնել: Արտաշես Առաջինի ստեղծած հզոր Հայաստանը և Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանը, Աշոտ Առաջինի ստեղծած  Հայկական թագավորությունը և այլն:

 

 

Սակայն կարևոր է հիշել, որ չի կարելի ստեղծել ապագա՝ մնալով անցյալի ստվերներում:  Պարզ է, որ այսօր Հայաստանի առջև խնդիր է առաջանում՝ նոր ուղիներ փնտրել ազգը պահպանելու համար: Եվ ահա, հենց դրա համար էլ,  ընդդիմադիրները ճիշտ են գտնում Հայաստանում սահամանադրական հանրաքվե անցկացնել: Սակայն ավելի ճիշտ կլինի ուղիներ փնտրել արևմուտքիազդեցությունից խուսափելու և երկրում Մայդանի սցենարից խուսափելու համար: Այդ ուղիներն են.

 

 

-Պետք է ռուսերենը ճանաչել երկրորդ պետական լեզու

 

 

-Պետական քաղաքականության գաղափարախոսությունը փոխել և դարձնել տարածաշրջանում ապրող   բոլոր ազգերի միասնականության գաղափարախոսություն

 

 

Այսօր Հայաստանը նման է Նոյի տապանին, որը կանգնել է Արարատի քարերի արանքում՝  սեղմվելով հզոր աշխարհաքաղաքական ուժերի կողմից:  Մի կողմից՝ Վրաստանից և Ուկրաինայից եվրաինտեգրացիոն ալիք է գալիս,  Իրաքից և Սիրիայից՝ ծայրահեղ իսլամիստների ազդեցություն: Իսկ Տապանի ներսից օրորում է  ընդդիմությունը:  Մոսկվայից էլ Հայաստանին օգնում են ռուս եվրաինտեգրացիոն ուժերը:

 

 

Պետք է հիշել, որ միշտ ռուս ժողովրդի օգնությամբ է Հայաստանին հաջողվել դուրս գալ դժվարին իրավիճակներից և ոտքի կանգնել, և թե ինչ դիրք կընդունի հայկական Տապանն այսօր, հենց դրանից էլ կախված կլինի հայ-ռուսական հետագա համագործակցությունը և Հայաստանի համար այժմ ստեղծված դժվար իրադրությունից դուրս ելնելու հնարավորությունը»:

 

 

 

Ա.  Հ.

Նույն շարքից