Հասարակություն Վերլուծական 

Քննադատությունը պետք է ոչ թե կատեգորիա դառնա, այլ` հարցերի լուծման մեխանիզմ

analitik.am

 

ՀՀ Կառավարության հուլիսի 3-ի որոշմամբ Տավուշի մարզպետ  Հովիկ Աբովյանին հանձնարարվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնտեսական գոտու հողամասերից մեկը «Քեմփ վենչուրս» ՓԲԸ հողամասի հետ փոխանակելուց հետո ազգային պարկի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, ՀՀ բնապահպանության նախարարին՝ ներկայացնել նշված հողամասը ազգային պարկին ամրացնելու կառավարության որոշման նախագիծ:

 

 Որոշման նպատակը Դիլիջանի միջազգային դպրոցի անձնակազմի և սաների ուսուցման և հանգստի կազմակերպումն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պայմանագրի կողմերը պետք է բարեխղճորեն կատարեն իրենց պարտավորությունները և խոստացել Տավուշի մարզ այցելելու դեպքում սեփական աչքով տեսնել կատարված աշխատանքը: 

 

 Ինչպես Կառավարության շատ որոշումներ, այս մեկը ևս հասարակության որոշ շրջանակներում դժգոհություններ առաջացրեց: Ոմանք դժգոհում են, որ հատուկ պահպանվող տարածքից չպետք է հողատարածք հատկացվեր մասնավոր ընկերությանը:

 

Փորձենք հասկանալ, թե իրականում  ի՞նչ պայմաններով և ի՞նչ հիմնավորմամբ է նշված որոշումն ընդունվել:

 

 Վերոնշյալ որոշման առաջին կարևոր կետն այն է, որ հողը ոչ թե պարզապես  հատկացվում է մասնավոր ընկերությանը, այլ՝ փոխանակվում: ՀՀ կառավարության որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիայի՝ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնտեսական գոտու 1,3932 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1.3932 հա բնակավայրի հողերի կատեգորիայի հողամասի հետ փոխանակելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնտեսական գոտու 1,3932 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակության փոխադրումը բնակավայրերի հողերի կատեգորիա՝ համաձայն հավելվածով ներկայացված հողամասերի սխեմաների»:

 

Այսինքն՝ տրամադրվող հողատարածքի դիմաց «Քեմփ Վենչուրս»-ը տրամադրում է նույն մակերեսով հողատարածք, սակայն՝ ոչ նույն որակի: Նույն որոշման մեջ  երկու հողատարածքների որակական անհամապատասխանության մասին պարզ գրված է: Մասնավորապես, ասվում է, որ փոխանակման նպատակով առաջարկվող այս երկու հողամասերը, որակական տեսանկյունից համարժեք չեն՝ «Դիլիջան» ազգային պարկ»-ի 1,3932 հա տարածքը 02-03 լրիվության անտառ է, տարածքում հաշվառված թվով 323 հատ տարբեր ծառերով և թփերով: Իսկ  Ընկերության կողմից առաջարկված տարածքն ընդամենը խնձորենու այգի է՝ 158 հատ ծառերով:

 

Սա հենց այն կետն է, որի վրա հիմնականում կենտրոնանում են քննադատները՝ անտեսելով որոշման շարունակությունը: Բանն այն է, որ  «Քեմփ Վենչուրս»-ը սույն որոշման մեջ պարտավորվում է ծառապատման աշխատանքներ իրանականացնել խնձորենու այգում:  Ընկերությունն իր պատրաստակամությունն  է հայտնել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների հետ համատեղ այդ տարածքում կատարելու ծառապատման համապատասխան աշխատանքներ՝ փոխանակվող հողամասերի համարժեքությունն ապահովելու նպատակով:

 

Նշվում է նաև, որ նախագծի մշակման գործընթացում ներգրավված  է լինելու ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալություն:

 

Ինչի՞ համար է արվում այս ամենը: Նախագծի նպատակն է Դիլիջանի միջազգային դպրոցի անձնակազմի և սաների համար միջազգային ստանդարտներին համապատասխան ուսուցման ու հանգստի պայմաններ ապահովելը: Այսինքն՝ մեր երկրում ներդրում կատարողը, այս դեպքում՝ «Քեմփ Վենչուրս»-ը, փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել դպրոցի սաների և անձնակազմի համար, ինչը տրամաբանական է:

 

Ցանկացած ներդրում այս պահին կարևոր շարժիչ ուժ է մեր տնտեսության համար, իսկ այն  նկատառումներին, թե չպետք է դա արվի բնության հաշվին, արդարության համար պետք է նշել, որ բնությունն այս «գործարքից» բացառապես ոչ մի վնաս չի կրում, քանի որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից տարածք ստանալու նպատակը, ոչ թե կանաչապատ տարածքը փչացնելն է, հատելը և այլն,  այլ այն օգտագործելը որպես կանաչ գոտի սաների հարմարավետության համար:  Եվ հաջորդ կարևոր հարցը՝ տվյալ ընկերությունը պարտավորություն է ստանձնում զուգահետ կանաչապատել  այն տարածքը, որը տվյալ պահի դրությամբ համարվում է խնձորենի, այսինքն՝ ավելացնել կանաչապատ տարածքների թիվը:

 

 Պետք է ուղղակի հասկանալ, որ, եթե մենք ցանկանում ենք ինչ-որ մի օր վերջապես զարգացած երկրների նման ապրել, ապա չի կարելի ամեն ինչ սևացնել և ամբիցիաների պատճառով վարկաբեկել, քանզի աշխարհի զարգացած երկրներում ներդրումային գերազանց պայմաններ են ստեղծվում, պետությունը հնարավորինս ամեն ինչ անում է ներդրողների պահանջները բավարարելու համար, որպեսզի բիզնես ոլորտը զարգանա, հասարակությունն էլ իր հերթին չի քննադատում մի բան, ինչը տրամաբանորեն քննադատման հիմք չունի: Մենք նույնպես պետք է հասկանանք, որ քննադատությունը պետք է ոչ թե կատեգորիա դառնա, այլ հարցերի լուծման մեխանիզմ, իսկ այս դեպքում հարց՝ որպես այդպիսին, չկա, առավել ևս, որ մենք արդյունքում ունենում ենք ոչ թե մեկ, այլ երկու կանաչապատ տարածք:


 Ամբողջական որոշմանը և փոխանակվող հողամասերի սխեմաները ծանոթանալու համար՝ ԱՅՍՏԵՂ:



 Լուսինե Բարսեղյան

 

Նույն շարքից