Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Իսրայելի պատերազմի հնարավոր հետևանքները

analitik.am

Գազայի հատվածում ծայր առած ռազմական գործողությունները, որի պատճառը հանդիսացավ երեք պաղեստինցի և մեկ հրեա պատանիների սպանությունը, իրականում ունի խորը քաղաքական դրդապաճառներ: Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնի է իր կոշտ, ռազմատենչ դիրքորոշմամբ և կտրականապես դեմ է Պաղեստինում արաբական պետության ստեղծմանը, որի մայրաքաղաքը կդառնա Արևելյան  Երուսաղեմը:


Նեթանյահուի ջանքերով 1998թ.-ին վիժեցվեց 1993թ.-ի Սպիտակ տան առջև  Յասեր Արաֆաթի և Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինի միջև ստորագրված այսպես կոչված Օսլոյի համաձայնագիրը, ըստ որի Գազայի հատվածը և Հորդանանի Արևմտյան ափի յոթ քաղաքները պետք է հանձնվեին Պաղեստին Ազատագրության կազմակերպությանը, ինչպես նաև պետք է քննարկվեր արաբ փախստականների և հրեա վերաբնակիչների կնճռոտ հարցերը:

Նեթանյահուի ագրեսիվ քաղաքականությունը և գրգռիչ վարքը նպաստեց նրա պաշտոնանկությանը: Մեկ տասնամյակից հետո նորից գալով իշխանության գլուխ, Նեթանյահուն հավատարիմ է մնացել իր վարքագծին ու քաղաքականությանը: Նեթանյահուի իշխանության օրոք Իսրայելի քաղաքական իրավիճակը տարածաշրջանում սկսեց բարդանալ: 

Մերձավոր Արևելքում Իսրայելի դաշնակից Թուրքիան աննախադեպ քննադատության ենթարկեց Նեթանյահուի կառավարությանը՝ մեղադրելով նրան արաբ բնակչության հանդեպ ցեղասպանություն իրագործելու մեջ: Թել-Ավիվի և Անկարայի հարաբերությունները ծայր աստիճան սրվեցին, երբ Իսրայելի հատուկ ջոկատայինները գրավեցին թուքական դրոշի տակ ընթացող «Ազատության» նավատորմը, որտեղ սպանվեցին ինը թուրքեր:

 


Ուղիղ մեկ տարի անց՝ 2011թ. Մայիսին, Բարաք Օբաման հայտարարեց, որ Պաղեստինում արաբական պետությունը պետք է ստեղծվի 1967թ. սահմաններով: Մեկ շաբաթ չանցած Նեթանյահուն մեկնեց Վաշինգտոն և Կոնգրեսում հայտնեց, որ իր երկիրը չի հրաժարվի ռազմաստատեգիական տարածքներից և Երուսաղեմը չի մասնատվի, քանի որ անհնար  կլինի պաշտպանել պետության սահմանները: Նեթանյահուն հիշատակեց նաև փոխզիջումնեի մասին, սակայն չհստակեցրեց դրանք: Արաբական կողմի գլխավոր պահանջներն են ՝ Արևելյան Երուսաղեմը, արաբ փախստականների վերադարձը և հրեա վերաբնակիչների համար շինությունների կառուցման դադարեցումը:

 

Նեթանյահուն այդ պահանջները համարել է երկրորդական և գլխավոր խնդիր է համարել արաբների կողմից Իսրայել պատության ճանաչումը, նրա պատճառով ընդհատվեցին արաբա-իսրայելական խաղաղ բանակցությունները, քանի որ Թել-Ավիվը չդադարեցրեց օկուպացված տարածքներում հրեա վերաբնակիչների շինարարությունը:


Նեթանյահուն ցանկանում էր արաբական աշխարհը և Արևմուտքն ընդհարել Իրանի հետ և այդ բախման շնորհիվ երկրոդ պլան մղել արաբ փախստականների և Արևելյան Երուսաղեմի հարցերը, իսկ վերաբնակիչների համար շինությունների կառուցման ավարտից հետո փաստի առաջ կանգնեցնել միջազգային հանրությանը: Սակայն, դա էլ չեղավ, 2013թ. նոյեմբերի 24-ի համաձայնագրով հստակեցվեցին Իրանի միջուկային ծրագրի լուծման ուղիները, որի շնորհիվ վերացավ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքը, ինչի մասին այդքան երազում էին Թել Ավիվում: 

 

Նեթանյահուն ամսի 24-ի համաձայնագիրը համարեց Իսրայելի քաղաքականության ձախողում, իսկ Իրանի  և ԱՄՆ-ի մերձեցումը ընդհանրապես ծանր իրավիճակի մեջ է դնում Իսրայելին: Դեռ այս տարվա ապրիլի 25-ին Նեթանյահուն հրաժարվեց բանակցել Ֆաթհի հետ, քանի որ վերջինս խաղաղության համաձայնագիր էր կնքել Համասի հետ: Հասկանալի է Նեթանյահուին ավելի հեշտ էր  բանակցել պառակտված թշնամու հետ, քան միավորված հակառակորդի:


Այսպիսով՝ Իսրայելի պատճառով տապալվեց խաղաղ բանակցային գործընթացը: Թել-Ավիվը հետզհետե հայտնվում է խորը մեկուսացման մեջ և Նեթանյահուին մնում էր մի բան՝ սկսել ռազմական գործողություններ, ձգտելով համոզել միջազգային հանրությանը, որ պայքարում է միայն ահաբեկիչների դեմ, որն այդքան համոզիչ չէ: Անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի  Մունը դատապարտելով Իսրայելին նշել էր, որ դանակն ոսկորին է հասել: Նեթանյահուն լուծում է մեկ հարց՝ երկարաձգել և սառեցրել Պաղեստինի խնդիրը ու միաժամանակ ամրապնդել հրեաների դիրքերը Հորդանանի Արևմտյան ափում: Սա Իսրայելի կողմից վերջին 50 տարվա ընթացքում վարած՝ անփոփոխ քաղաքականության շարունակությունն է:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից