Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Բարաք Օբաման ԱՄՆ-ի առաջնո՞րդ, թե Սպիտակ տան սևամորթ պատանդ

analitik.am

2008թ-ին ԱՄՆ-ի  բնակչության զգալի մասը խանդավառության մեջ էր, առաջին անգամ Միացյալ Նահանգների նախագահ էր դարձել սևամորթ թեկնածուն: ԱՄՆ-ն  ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ամերիկյան երազանքն իրականություն է, և ամեն ոք ի վիճակի է հասնել մեծ հաջողության:


 

Ամբողջ աշխարհն էր ցնծում:  Օբամայի հաղթանակն ուրախություն պարգևեց  ամերիկացիներին, քանի որ ազատվեցին Բուշ կրտսերի անփառունակ վարչակազմից՝ մի վարչակազմ, որ երկիրը հասցրեց տնտեսական ճգնաժամի  և ներքաշեց արյունալի պատերազմների մեջ, իսկ միջազգային հանրությունը գոհ էր, որ ազատվեց ԱՄՆ-ի ռազմատենչ շրջանակներից:


Կարճ ասած՝  արևմտյան աշխարհն ապրում  և շնչում էր Օբամանիայով, անգամ Նոբելյան հանձնաժողովը Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհեց նորընծա նախագահին: Բոլորը հուսով էին, որ Բարաք Օբաման կփոխի աշխարհը՝ դարձնելով այն ավելի լուսավոր, ավելի անվտանգ ու բարեկեցիկ, սակայն իրականությունն ու  հանգամանքները այլ բան նախանշեցին:


Օբամայի նախընտրական գլխավոր խոստումներն  էին ֆինանսատնտեսական ճգնաժամի վերացում և նոր աշխատատեղերի ստեղծում, Իրաքից և Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերում,  Գուանտանամո ռազմակայանի բանտի փակումն ու ամենակարևորը՝ ԱՄՆ-ի  առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացում:


Օբամայի վարչակազմին հաջողվեց աշխուժություն մտցնել տնտեսության մեջ՝ ապահովելով տնտեսական աճ և ստեղծելով նոր աշխատատեղեր, սակայն դա մեծ հաշվով չարդարացրեց ամերիկյան ազգաբնակչության ակնկալիքներն ու հույսերը: Իր հերթին հանրապետականները, որոնք պարտվեցին ընտրություններում, սակայն պահպանեցին իրենց քաղաքական դիրքերն ու ֆինանսատնտեսական լծակները, ամեն կերպ քննադատում էին նախագահին ու հնարավոր բոլոր լծակների միջոցով ճնշում  գործադրում Օբամայի վրա՝ ձգտելով խոչընդոտել նրա գործունեությանը: 


Պետք է նշել, որ հանրապետականների որդեգրած մարտավարությունը տալիս է իր արդյունքները, հատկապես խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտի բարեփոխմանը, որը Օբամայի նախընտրական ծրագրի անկյունաքարն էր: Բարեփոխման արդյունքում 30 մլն քաղաքացիներ կստանան բժշկական ապահովագրություն, սակայն հանրապետականները դեմ էին այս ծրագրին և գտնում էին, որ պետությունը չպետք է խառնվի  մասնավոր ապահովագրական ընկերությունների գործունեությանը՝ վտանգելով ազատ շուկայական հարաբերությունները:


Բայց հանրապետականների քննադատության գլխավոր  թիրախն է Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը:  Հանրապետականները  Օբամային համարում են թույլ և ձախողակ ղեկավար, նա փչացրեց հարաբերությունները դաշնակից Իսրայելի հետ, Եգիպտոսում չպաշտպանեց Մուբարաքին, իսկ Լիբիայում նպաստեց Քադաֆիի կործանմանը, որտեղ իշխանության եկան ահաբեկչական խմբավորումները, որոնք ԱՄՆ-ին  դասում են թշնամիների շարքերին: Սակայն ամենագլխավոր քննադատությունը, որը հայտնում են հանրապետականները, դա Սիրիայի հարցում Օբամայի ցուցաբերած վճռականությունն է:


Օբաման ձգտում էր երկիրը չներքաշել նոր պատերազմի մեջ, սակայն հանրապետականներն ու ռազմաարդյունաբերական ոլորտին մոտ կանգնած շրջանակները, որոնք  դեմ էին պետբյուջեում ռազմական ծախսերի կրճատմանը, պահանջում էին ռազմական գործողություններ ծավալել Ասադի վարչակազմի դեմ: Օբաման ընկրկեց ճնշումներին և հայտարարեց, որ պատրաստ է զինված միջամտություն ցուցաբերել Սիրիայում, բայց միջազգային համայնքի և սեփական երկրի քաղաքացիների աննախադեպ դժգոհության պայմաններում անվճռականություն ցուցաբերեց, որից օգտվեց Պուտինը՝ առաջ քաշելով ճգնաժամի դիվանագիտական լուծում:


Հանրապետականները Սիրիայի հարցը և Ղրիմի վերամիավորումը համարում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ձախողում և Ռուսաստանի ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդում, որի գլխավոր մեղավորը հանդիսացավ, ըստ նրանց, Բարաք Օբաման:


Այսօր Օբամայից դժգոհ են գրեթե բոլորը, նա զորքերը դուրս բերեց Իրաքից և այնտեղ սկսվեց նոր  քաղաքացիական պատերազմ, պարտրաստվում է ամերիկյան զինված ուժերը դուրս  բերել Աֆղանստանից և դժվար  է պատկերացնել, թե այդ երկրում ինչ տեղի կունենա: Դժգոհ են անգամ որոշ դեմոկրատներ, Գունատանամոն դեռ գործում է, երկրի տնտեսական վիճակը հեռու է ցանկալիից: Օբաման գտնվում է հսկայական ճնշման տակ և նրա վարկանիշը հետզհետե նվազում է, անգամ Տեխասի նահանգապետ Րիկ Փերին չցանկացավ դիմավորել նախագահին օդանավակայանում, իսկ նոյեմբերին տեղի են ունենալու Կոնգրեսի ընտրություններ, որտեղ Օբամային օդի ու ջրի պես անհարաժեշտ է դեմոկրատների հաղթանակը, հակառակ պարագայում նա Սպիտակ տան առաջնորդից  կվերածվի Սպիտակ տան ստրուկի:

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից