Վերլուծական Տնտեսություն 

Ինչպես և ինչու են ՓՀԷԿ-երը գերշահույթ ստանում

analitik.am

Հայաստանում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) թիվը գնալով ավելանում է, դրան զուգահեռ ավելանում են բողոքները այդ ՀԷԿ-երի դեմ: Թվում է՝ այս թեման անսկիզբ է և անվերջ: Եթե 2012 թվականին Հայաստանում գործում էր ավելի քան 110 փոքր ՀԷԿ, ապա այսօր դրանց թիվը 150–ից ավելի է:


 Բացի այն, որ փոքր ՀԷԿ-երի՝ բնությանը հասցրած վնասներն ակնհայտ են, նաև շատ է շրջանառվում այն բողոքը, որ փոքր ՀԷԿ-երի միջոցով մի քանի բիզնեսմեններ ստանում են գերշահույթ՝ ոտնահարելով բնակչության իրավունքները: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ այս խնդրին: Բանն այն է, որ փոքր ՀԷԿ-եր Հայաստանում կառուցվել և կառուցվում են անգամ այն ժամանակ, երբ Հանրապետությունը էլեկտրաէներգիայի պահանջարկ չունի, նույնիսկ՝ եղած էլեկտրաէներգիան չի կարողանում վաճառել: Ստացվում է, որ զուտ բիզնեսի համար ոչնչացվում է էկոհամակարգը:


Հայաստանի գետերը փոքր են և նման շահագործումը աղետալի և անդառնալի հետևանքներ է թողնում: Այն, որ ՀԷԿ-ի բիզնեսը գերշահույթ ապահովող է, պնդում է նաև Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող, բնապահպան Գևորգ Պետրոսյանը: Նախ այն մասին, թե ինչ է գերշահույթը: Մեկ նախադասությամբ՝ գերշահույթը կապիտալիստական շահույթի միջին նորման գերազանցող շահույթն է: Այսպիսով, ինչպես են փոքր ՀԷԿ-երը գերշահույթի հասնում: «ՓՀԷԿ-ը կառուցելուց հետո հաշվում են էլեկտրաէներգիայի արժեքը՝ հաշվի առնելով նաև, որ պետք է փոխհատուցեն իրենց ծախսերը: Այդ հաշվարկը կատարում են իրականացված փաստացի ներդրումներով, վերցրած վարկերով և այլն: 15 տարի անց ՓՀԷԿ-ը այլևս կապիտալ ներդրումների կարիք չի ունենում, և մնում են միայն սպասարկման ծախսերը: Տրամաբանորեն, 15 տարի անց նույն շահագործվող ՓՀԷԿ-ի մատուցած էլեկտրաէներգիայի գինը պետք է նվազի: Այսինքն, կապիտալ ներդրումների արժեքը հանած, պետք է մնա միայն սպասարկման գումարը: Բայց Հայաստանում կան ՓՀԷԿ-եր, որոնք գործում մեն ավելի քան 15 տարի, մինչդեռ դրանց մատուցած էլեկտրաէներգիայի գինն այս դեպքում էլ չի փոխվում, մնում է նույնը: Մեր ՓՀԷԿ-երը շարունակում են նույն գումարը ստանալ պետությունից, որը ստանում էին առաջին 15 տարում: Այստեղից էլ առաջանում է գերշահույթը»,- Analitik.am-ի հետ զրույցում բացատրեց Գ. Պետրոսյանը:


Իսկ ո՞ր թվականներից են գործում Հայաստանի ՓՀԷԿ-երը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այս պահին ՀՀ-ում գործող ՓՀԷԿ-երից 10-ին լիցենզիա է տրամադրվել 6/25/1999-ին, 2-ին՝ 6/29/1999:


Այսինքն, մաթեմատիկական պարզ հաշվարկներով՝ այս տարվա հունիսի վերջին լրացել է նշված ՓՀԷԿ-երին լիցենզիա տրամադրելու 15 տարին: Սակայն, ըստ Գ. Պետրոսյանի այս ցուցանիշների վրա հիմնվել պետք չէ: Այն, որ օրինակ «Այրում» ՓՀԷԿ-ին լիցենզիա է տրամադրվել 6/25/1999-ին, դա դեռ չի նշանակում, որ այդ ՓՀԷԿ-ը գործում է 1999-ից: Հնարավոր է, որ դա նշված ՓՀԷԿ-ին տրամադրված 2-րդ կամ 3-րդ լիցենզիան է: Այսինքն՝ լրացել է առաջին անգամ տրամադրված լիցենզիայի ժամկետը և տրվել է երկրորդ լիցենզիան:


Ըստ բնապահպանի՝ 15 տարուց ավելի գործող ՀԷԿ-երի շարքում են Որոտանի կասկադ ՀԷԿ-ը (1970 թ. դեկտեմբերին գործարկվել է համալիրի առաջնեկը՝ Տաթևի ՀԷԿ-ը), Սևան-Հրազդան Կասկադ ՀԷԿ-ը (1948-ից), Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան Գյումրիի ՀԷԿ-ը (գործարկվել է 1928-ից, սեփանակաշնորհվել՝ 1997-ից):

«Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ, բնապահպան Լևոն Գալստյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին տվյալներով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) ՀՀ կառավարության կողմից պարտավորվել է 15 տարով գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-ից էլեկտրաէներգիա գնել 20 դրամով՝ 1 կՎ-ի դիմաց, իսկ օրինակ՝ ոռոգման ջրանցքների հիման վրա կառուցվածներից՝ 13 դրամով: Ըստ՝ Գ. Պետրոսյանի այս գները սահմանելիս պետք է հաշվի առնվեն շահագործվող ՓՀԷԿ-երի տարիքները: 20 տարի գործող ՓՀԷԿ-ի համար, օրինակ, պետք չէ 20 դրամ՝ 1 կՎ-ի դիմաց գին սահմանել: Հենց այդ քայլն է, որ չի արվում, ինչն էլ գերշահույթ ստանալու հնարավորություն է տալիս: Եվ դա արվում է բնապահպանության, էկոհամակարգի և բնակիչների իրավունքները խախտելու հաշվին:


Այս և ոլորտին վերաբերող այլ խնդիրների լուծման ուղղությամբ Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) առաջարկներ էր ներկայացրել ինչպես նախորդ, այնպես էլ ներկա կառավարությանը։ Նախորդ կառավարության պատասխաններն, ՀԲՃ-ի կարծիքով, ըստ էության չէին: Իսկ ներկա կառավարությունից ՀԲՃ-ն առայժմ պատասխան է ստացել միայն Բնապահպանության նախարարությունից: Նախարարությունը որոշ հարցերում համակարծիք է եղել ՀԲՃ-ի հետ և փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրները նվազագույնի հասցնելու համար նախընտրելի տարբերակներ է առաջարկել: Նախարարությունը նաև ընդգծել է, որ բարձրացրած խնդիրների մի մասը դուրս է բնապահպանության նախարարության լիազորությունների սահմաններից, ինչը ՀԲՃ-ն ընդունում է: «Այդ պատճառով էլ դիմել էինք հենց ՀՀ կառավարությանը, որպեսզի նա քննարկեր այս խնդիրները բոլոր լիազոր մարմինների հետ և ներկայացներ մեզ համապարփակ պատասխան։ Սակայն, չգիտես ինչու, մեր առաջարկներն ուղարկվել են միայն բնապահպանության նախարարություն, ինչը ճիշտ մոտեցում չէ և վկայում է այն մասին, որ կառավարության ղեկավարը կամ տեղեկացված չէ այս խնդիրներից կամ էլ կառավարությունում դեռևս չեն ընդունում այս խնդիրների կարևորությունը»,- կարծում է Համահայկական բնապահպանական ճակատը:



Նույն շարքից