Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Մոսկվայի նոր «ցանկությունները»

analitik.am

Մոլդովայի եվրաինտեգրացման քաղաքական գիծը որդեգրելուց հետո, տեղի ունեցավ ռուս-մոլդովական հարաբերությունների սառեցում: Մոսկվան ձգտելով վերահաստատել իր քաղաքական ազդեցությունը հետխորհրդային հանրապետությունների վրա՝ ամեն կերպ խոչընդոտում և տնտեսական դժվարություններ է առաջացնում Քիշնևի համար: Իրավիճակն էլ ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Մոլդովայի քաղաքական էլիտայի որոշ շրջանակներ ցանկանում են վերամիավորվել Ռումինիայի հետ: Եթե նման ձգտումները Ռումինիայում ընդունվում են մեծ ոգևորությամբ, ապա Ռուսաստանը կտրականապես դեմ է Մոլդովայի միավորմանը Ռումինիային, քանի որ  մոլդովական տարածքն ինքընստինքյան կվերածվի ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածքի: Իսկ սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ստորաբաժանումները հանգիստ կարող են տեղակայվել Մոլդովայի ցանկացած վայրում և բարենպաստ պայմաններ ստեղծել հյուսիս-ատլանտյան բլոկի առաջխաղացմանը դեպի Ուկրաինա, որին կատեգորիկ դեմ է Ռուսաստանը:

 

Բացի այդ, Մերձդնեստրի հիմնախնդիրը Մոլդովայի քաղաքական խնդրից վերածվում է ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածքային ամբողջականության վերականգման հիմնահարցի: Իսկ սա նշանակում է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը դառնում են հակամարտության կողմ և ուղղակիորեն առճակատման մեջ են մտնում Ռուսաստանի հետ: Հաշվի առնելով այս հանգամանքը, Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Քիշնևին, որ Ռումինիայի հետ միավորման դեպքում Մոլդովան վերջնականապես կկորցնի հիմնականում ռուս ազգաբնակչությամբ բնակեցված Մերձդնեստրը: Կրեմլը պնդում է, որ պետք է հարգվի Մերձդնեստրի բնակչության կամաարտահայտությունն ու նրանք ինքնուրույնաբար պետք է որոշեն՝ ցանկանում են Մոլդովայի հետ միավորվել Ռումինիային, թե՞ անկախանալ կամ միանալ Ռուսաստանին:

 

 Իհարկե,  Մոսկվայի առաջ քաշած փաստարկը տրամաբանական է և ամենակարևորն արդարացի: Սակայն, խոսելով ազգերի ինքնորոշման սկզբունքի հարգման մասին, նույն Մոսկվան անդրադառնալով Արցախի հիմնախնդրին` հիշատակում է  Ադրբեջանի, այսպես կոչված, «օկուպացված տարածքների» եզրույթը: Ռուսաստանը, ինչպես բոլոր հզոր երկրները, իրականացնում է երկակի ստանդարտների քաղաքականություն, և օգտվելով Մերձդնեստրի հակամարտության առկայությամբ, փորձում է իր դիրքերն ամրապնդել այդ տարածաշրջանում: Ռուսաստանը ձգտում է առնվազն իր քաղաքական ազդեցության սահմանները հասցնել մինչև Դնեստր գետ, որը բաժանարար գիծ է հանդիսանում Մոլդովայի ու Մերձդնեստրի միջև:  Կրեմլը շրջանառության մեջ դնելով Նովոռոսիեի գաղափարը՝ փորձում է վերջինիս սահմանները հասցնել մինչև Դնեստր գետը:

 

 Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Մոսկվան ցանկանում է իր երկրին միացնել ոչ միայն Ուկրաինայի ամբողջ հարավ-արևելքը, այլև Մոլդովայի Մերձդնեստրի տարածաշրջանը, որը հիմնականում սահմանակից է Ուկրաինայի Օդեսայի մարզին, որտեղ ուժեղ են պրոռուսական հայացքները: Պատահական չէ, որ Եվրամայդանի հաղթանակից հետո, պաշտոնական Կիևի դիրքորշումը Մերձդնեստրի հարցում կտրուկ փոխվել է: Եթե առաջ Ուկրաինան, լինելով հակամարտության միջնորդ կողմ, պահպանում էր չեզոքություն, ապա այժմ այն ամբողջովին պաշտպանում է Քիշնևի դիրքորոշումը, քանի որ Մերձդնեստրի անջատողականների կողմից տեսնում է իր երկրի տարածքային ամբողջականության սպառնալիք:

 

Հակառակ Մոլդովայի եվրաինտեգրացման ձգտումներին, Մոսկվան սկսել է հաճախակի բարձրաձայնել Մերձդնեստրի հետ տնտեսական սերտ հարաբերությունների հաստատման մասին:  Եթե մոլդովական գյուղատնտեսական և ալկոհոլային ապրանքների մուտքը արգելված է ռուսական շուկա, ապա Մերձդնեստրի պարագայում պատկերն ամբողջովին այլ է: Մոսկվան ցանկանում է Մերձդնեստրի և ԵՏՄ-ի միջև ստեղծել ազատ առևտրային գոտի, այդպիսով խորացնելով Քիշնևի ու Տիրասպոլի անջրպետը՝ մեծացնելով իր քաղաքա-տնտեսական ազդեցությունը Մոլդովայից մասնատված տարածքում:

 

Սակայն,  այդ ծրագիրը կյանքի կոչելը շատ դժվար կլինի Կրեմլի համար, քանի որ Ռուսաստանի ու Մերձդնեստրի միջև ցամաքային ուղիղ կապ չկա: Այս հանգամանքը բավականին նվազեցնում է Մոսկվայի հնարավորություններն իր նպատակին հասնելու համար, և վերջինիս այլ բան չի մնում, քան ամրապնդել իր ռազմաքաղաքական դիրքերը Մերձդնեստրում և զգուշացնել Մոլդովային, որ հետագա իրավրճակի առճակատման դեպքում ամբողջ քաղաքական պատասխանատվությունն ընկնում է Քիշնևի վրա:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից