Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Երևան-Թեհրան-Բաքու եռանկյունի. Թեհրանը նախապատվությունը տալիս է քրիստոնյա, թե՞ մահմեդական հարևանին

analitik.am

 Հայաստանի անկախացումից հետո  սահմանակից Իրանի հետ աստիճանաբար  հաստատվեցին սերտ, բարիդրացիական հարաբերություններ: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր:


Այդուհանդերձ, Իրանն  իսլամական աշխարհի մի մասն է կազմում, և ինչ-ինչ խաղի կանոնների պատճառով հնարավոր չէ հարևան երկրից պահանջել ավելին, քան ցանկանում ենք:


Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի Իրանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը: Հարաբերությունները մեր երկու հարևանների միջև լարված են, չնայած, որ կողմերն իրենց թատերականացված բեմադրություններով փորձում են հանրությանը հակառակն ապացուցել: Դա է վկայում  անցյալ տարի ամռանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը չմասնացելը:

 


Ադրբեջանի համար շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում ունի Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Իրանին ձեռնտու չէ, որ Արցախի ազատագրված տարածքներում տեղակայվեն խաղաղապահներ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ կկենտրոնացնի իր ուժերը միջազգային նորմերի շրջանակում ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար, և տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխություններն անընդունելի են, ու գոյություն ունեցող տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ և քաղաքական ճանապարհով:



Վերջին երկու տասնամյակներում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում  բազմաթիվ վերելքներ ու անկումներ են եղել: Բաքուն և Թեհրանը հաճախ են հակամարտել, միմյանց դեմ ընդվզել, մեկմեկու պահանջներ ներկայացրել, դիմել քաղաքական բողոքի ցույցերի: Փոխադարձ անվստահության պայմաններում, մշտապես զգացվել է բացահայտ աշխարհաքաղաքական համատեքստ: Ի տարբերություն Իրանի` Ադրբեջանը մշտապես  ցանկանում է մերձեցնել հարաբերությունները Արևմուտքի հետ:


Իրանաադրբեջանական խնդրահարույց հարաբերությունները նպաստում են հայ-իրանական հարաբերությունների էլ ավելի սերտացմանը:


Հետևաբար, անկախ ամեն ինչից, որպես հարևան պետություն, Հայաստանը պետք է խորացնի բազմաբնույթ համագործակցությունը Իրանի հետ, այդ թվում` ռազմական ոլորտում:


Փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, Երևանի և Թեհրանի վաղեմի բարեկամությունը, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների սերտ բարիդրացիական հարաբերությունները, միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների շուրջ Հայաստանի և Իրանի ընդհանրությունը կարևոր դեր են խաղացել և այսօր էլ խաղում են Հայաստանի և Իրանի միջև փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում:


Հետևաբար, Իրանը կշարունակի ռազմավարական համագործակցությունը Հայաստանի հետ և դիրքորոշումը արցախյան խնդրի նկատմամբ չի փոխի, քանի որ Հայաստանն Իրանի իրապես միակ իրական դաշնակիցն է, որի հետ լուրջ գաղափարական և ռազմաքաղաքական խնդիրներ չկան, հակառակը՝ առկա են ընդհանուր շահեր: Կան դրանց զարգացմանը նպաստող մի շարք պատճառներ ևս: Օրինակ՝ Իրանը շարունակելու է մնալ որպես հակաթուրքական պետություն, քանի որ Իրան-Թուրքիա  հակասություններն ունեն գաղափարաքաղաքական արմատներ և դարերի պատմություն (ինչպես՝ հայ-թուրքականը), անկախ երկրներից որևէ մեկում գոյություն ունեցող վարչակարգի աշխարհայացքային բնույթից:


Յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխման դեպքում էլ Իրանը շարունակելու է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը:

 


Արմինե Բեգլարյան

Նույն շարքից