Իրավական Հասարակություն Վերլուծական 

Ո՞վ է փոխհատուցելու վարորդների քայքայված նյարդերի համար

analitik.am

 Այսօր հազարավոր վարորդներ ժամեր, նույնիսկ շաբաթներ են վատնում` հերթ կանգնելով ԴԱՀԿ-ի և այս կարգի այլ գերատեսչությունների «պատերի տակ»` ինչ-որ բան ապացուցելու կամ իրենց իրավունքերը վերահաստատելու հույսով: Կորչում է ո’չ միայն նրանց ժամանակը, այլև հերթերի մեջ քայքայվում`  նրանց նյարդերը:

 

Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի ժամանակ մերժվեց կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագիծը, որով ԴԱՀԿ-ին իրավունք էր տրվում մինչև 200 հազար դրամ տուգանք ունեցող վարորդների բանկային հաշիվների և գույքի վրա առանց դատարանի որոշման կալանք դնել: Շատերը հուսավառվեցին, թե խնդիրը լուծված է և, այսուհետ, իրենց օրն ու ժամանակը չեն կորցնի՝ վատնելով վերջին լուման: Սակայն, այն նախագիծը, որը մերժվեց ԱԺ-ի կողմից՝ հավանության արժանացավ Կառավարության կողմից: Ճանապարհային երթևեկության ոլորտում տեղի ունեցող այս «բարեփոխումները» ոչ թե օգնեցին վարորդներին, այլ հակառակ ազդեցությունն ունեցան՝ խեղաթյուրելով երթևեկության կանոնակարգը. արդյունքում՝ դժգոհ վարորդներ, իրավունքների չպակասող խախտումներ և տուգանքներ:

 

Խախտումները, որոնք բխում են օրենսդրական թերություններից ու բացերից, այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնեցում վարորդներին: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը բազմաթիվ բողոքներ է ստանում վարորդների կողմից:

 

 Analitik.am-ի հետ զրույցում կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ բողոքների մեծ մասն առնչվում է վարորդների նկատմամբ կիրառվող մինչև հնգապատկված տուգանքների խնդրին, որոնք մեծամասամբ անտեղի են: Նրանցից շատերն անգամ տուգանքը վճարելուց հետո են կրկին ծանուցում ստանում, քանի որ համակարգչում ինչ-ինչ խնդիրների պատճառով տվյալները չեն պահպանվում և այլն:

 

Ամենազավեշտալին այն է, որ վարոդներն իրենք էլ չգիտեն` ինչի համար են տուգանվել, քանի որ ՃՈ կողմից կայացված որոշումներում չեն նշվում, թե նրանք ճանապարհային երթևեկության ինչ խախտումներ են կատարել:

 

Հ.Գ. Հետաքրքիր է` եթե ԴԱՀԿ-ն սխալմամբ է կալանք դնում, ապա ո՞վ է դրա համար պատասխանատուն: Հասկանալի է, որ նման դեպքերում դատական կարգով քաղաքացին պետք է վնասի փոխհատուցում պահանջի: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպիսի երկար, դաժան ու բարդ ճանապարհ է անցնում նա: Որևէ բան ապացուցելու համար մարդիկ վազվզում են ԴԱՀԿ-ից  Ոստիկանություն և տարբեր իրավապաշտպան ՀԿ-ներ, իսկ արդյունքում նրանց կրած վնասն, անկասկած, ավելի մեծ է լինում:

Առաջին հերթին սա Կառավարության խնդիրն է, որը պետք է լուծում գտնի` նոր օրենսդրական նախաձեռնություն ստեղծելով: Խնդրին ամբողջական լուծում տալու համար նախ պետք է նվազեցվեն տուգանքների չափերը, հարգվի քաղաքացու սեփականության իրավունքը, հաշվի առնվի նրա ցանկությունն ու բերած փաստարկները: Այսօր հազարավոր քաղաքացիներ լքում են հայրենիքը, շարունակվում է արտագաղթը` երկրում տիրող անարդարության հետևանքով. անարդարությունները բազմաթիվ են, և շատերը, որպես փրկություն, համարում են երկրից հեռանալը:


Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից