Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Պուտինի այցը Թուրքիա. ռուս-թուրքական տնտեսական շահերը ստվերում են առկա տարաձայնությունները

analitik.am

Թուրքիան և Ռուսաստանը, երկու պետությունների միջև առկա միջազգային և տարածաշրջանային քաղաքական խնդիրների հետ մեկտեղ, շարունակում են զարգացնել տնտեսական համագործակցությունը, ինչը վերջին տարիներին դրական աճ է գրանցում:



Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների հերթական կարևոր կետը դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկօրյա այցն էր Թուրքիա, որն իրենից մեծ հետաքրքրություն ու կարևորություն էր ներկայացնում:



Վերջին տարիներին Թուրքիան և Ռուսաստանն աշխարհաքաղաքական կարևորագույն զարգացումների հարցում հակադիր ճամբարներում են, ինչը, սակայն, սպասվածի պես չի անդրադառնում երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների վրա, որոնց դինամիկան դրական աճ է արձանագրում:



Երկու պետությունն էլ խիստ կարևոր դերակատարում ունեն միմյանց համար, սա ակնհայտ է, մանավանդ, երբ խոսքը տնտեսական շահերի մասին է:

Պարզ ձևակերպելով` Թուրքիային պետք են ռուսաստանցի զբոսաշրջիկները, գազը, ատոմակայաններ կառուցելու հմտությունները, իսկ ռուսաստանյան կողմին պետք են սեփական բնական հարստությունները սպառելու խոշոր շուկա, տրանզիտային գոտի և այլն:

 

Առկա խնդիրները

Երկու պետությունների միջև խնդիրների շարքում, ի թիվս Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերի, կան այլ հարցեր ևս: Ռուսաստանը սիրիական հակամարտության սկզբից ևեթ իր անվերապահ աջակցությունն է հայտնել գործող նախագահ Բաշար Ասադին և նրան է դիտարկում որպես Սիրիայի լեգիտիմ ղեկավար: Մինչդեռ Թուրքիան Սիրիայի ներքին հակամարտության մեկնարկի հետ մեկտեղ հստակ հակաասադյան քաղաքականություն է վարում` լրջորեն աջակցելով Ասադի դեմ պայքարող ուժերին, ինչպես նաև դիվանագիտական ու քարոզչական պայքար մղելով պաշտոնական Դամասկոսի դեմ: Այս հարցում Մոսկվան ու Անկարան հակադիր բևեռներում են, և 2011 թվականից շարունակվող սիրիական հակամարտության սրման փուլերում հաճախ են ծագում ռուս-թուրքական տարաձայնություններ: Մյուս կարևոր հանգամանքը, որտեղ թուրքերն ու ռուսները չեն կիսում ընդհանուր մոտեցումը, ուկրաինական ճգնաժամն է, որը կողմերի միջև առավել ցայտուն է արտահայտվում Ղրիմի հարցում: Օսմանյան կայսրության շրջանից ի վեր Ռուսաստանի և Թուրքիայի դարավոր պայքարը Ղրիմի համար առկա է նաև մեր օրերում: Թուրքական իշխանությունները Ղրիմի թաթարներին համարում են ցեղակիցներ և հանդես գալիս որպես նրանց իրավունքների պաշտպան, բարձր մակարդակով հայտարարում է, որ Ղրիմը տեսնում է միայն Ուկրաինայի կազմում, իսկ թերակղզու անցումը Ռուսաստանին օրինական չի համարում. Անկարան գտնում է, որ Ուկրաինայի կազմում Ղրիմի թաթարների իրավունքներն ավելի պաշտպանված կլինեն: Հասկանալի է, որ ռազմավարական կարևոր այս տարածքի միացումը Ռուսաստանին ուժեղացնում է այդ պետության դիրքերը Սև ծովի ավազանում, որը համարվում է նաև Թուրքիայի շահերի գոտի, և որտեղ թուրքական պետությունը կարևոր դերակատարում ունի:



Ռուս-թուրքական հայացքները տարբեր են նաև Եգիպտոսի հարցում: Մինչ թուրքական իշխանությունները Եգիպտոսի նախագահ ալ Սիսիին ամենատարբեր բացասական որակումներ են տալիս, Մոսկվան դրական է արտահայտվում հյուսիսաֆրիկյան այդ երկրի ներկա իշխանությունների մասին:

 Եվս մեկ կարևոր հանգամանք է այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու ձգտում է ԵՄ անդամ դառնալ: Իսկ Հյուսիսատլանտյան դաշինքը կարելի է դիտարկել որպես ռազմաքաղաքական հակառակորդ ՌԴ-ի համար: Մոսկվայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ևս, մեղմ ասած, դրական գնահատել չի կարելի:



Շատ են խոսակցությունները նաև Էրդողանի և Պուտինի միջև անձնական տարաձայնությունների մասին, որոնք արտացոլվում են գերազանցապես մեդիադաշտի հրապարակումներում: Քիչ չեն նաև երկու պետությունների առաջնորդների նման լինելու օրինակները: Շատերը հղում են կատարում նաև Էրդողանի և Պուտինի` ավտորիտար ղեկավար լինելու հանգամանքին:



Թուրքիայի և Ռուսաստանի միջև խնդիրների շարքը դեռ կարելի է շարունակել, սակայն պակաս կարևոր չէ նաև նրանց միջև համագործակցությունը:

 

Համագործակցության եզրերը

Տարբեր հարցերում ընդգծված տարաձայնություններով հանդերձ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2013 թվականին կազմել է 33 մլրդ ամերիկյան դոլար (ռուսական բաժինը` 27 մլրդ, թուրքականը` միայն 6 մլրդ դոլար), իսկ ՌԴ նախագահն Անկարայում իր ելույթներում Թուրքիային անվանում էր «ռազմավարական գործընկեր» և շեշտում հետագա համագործակցության ծավալների աճի անհրաժեշտությունը:



Տնտեսական շահեր, որոնք ունակ են ստվերել տարածաշրջանային ու միջազգային խնդիրները...



Ռուսաստանը Թուրքիա գազ մատակարարող հիմնական պետությունն է, ՌԴ զբոսաշրջիկները միլիարդավոր դոլարներ են ապահովում թուրքական զբոսաշրջության համար, և որ պակաս կարևոր չէ` Ռուսաստանը կառուցում է Թուրքիայի համար գերկարևոր առաջին ատոմակայանը: Այժմ անդրադառնանք այցի արդյունքներին:

 

Պուտինյան այցի արդյունքները

«2020 թվականին Թուրքիան և Ռուսաստանը ձգտելու են հասնել 100 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության»,-հայտարարում է Պուտինն Անկարայում` կրկին ընդգծելով տնտեսական գործոնի և պրագմատիկ հարաբերությունների կարևորությունը դարեր շարունակ ռազմաքաղաքական տարբեր ճամբարներում եղող Թուրքիայի և Ռուսաստանի համար:

Էներգետիկ ոլորտի գերակայությամբ այս այցի ընթացքում պարզ դարձավ, որ Ռուսաստանը պատրաստվում է Թուրքիային մատակարարվող գազի գինն իջեցնել 6 տոկոսով, ավելացնել գազի ծավալը տարեկան 3 մլրդ խմ-ով, ինչպես նաև քննարկել ՌԴ-ից Թուրքիա նոր գազատարի կառուցման հարցում:

ՌԴ նկատմամբ միջազգային ճնշումների պարագայում Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը Մոսկվայի համար առավել մեծ կարևորություն է ստանում, իսկ Էրդողանին 2015-ի խորհրդարանական ընտրություններից առաջ չէր խանգարի ցույց տալ, որ թուրքական իշխանություններն ունակ են իջեցնել ռուսաստանյան գազի գինը: Միևնույն ժամանակ Թուրքիայի համար հարմար պահ է օգտագործել ՌԴ ներկայիս միջազգային ծանր դրությունը` իր համար շահեկան արդյունքներ ապահովելու համար:



Պուտինի՝ Թուրքիա այցը չսահմանափակվեց գազի գնի և ծավալների ավելացման վերաբերյալ համաձայնագրեր կնքելով, ստորագրվեցին նաև այլ կարևոր փաստաթղթեր: Սակայն, ինչպես և սպասելի էր, առավել մեծ ուշադրություն գրավող հարցը երկու պետությունների միջև «կապույտ վառելիքի» մասին քննարկումներն էին:

 

Հայկական գործոնը

Պատմականորեն ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը բացասական անդրադարձ է ունեցել Հայաստանի և հայերի վրա: Իհարկե, դեռ վաղ է Ռուսաստան-Թուրքիա քաղաքական հարաբերությունները բնորոշել ջերմ և առանց խնդիրների, բայց և փաստ է տնտեսական գործոնի լրջագույն ազդեցությունը քաղաքականության վրա: Այնպես որ հետագա զարգացումները Մոսկվա-Անկարա հարաբերություններում կարող են անդրադարձ գտնել նաև Հայաստանի վրա: Հասկանալի է, որ այս հարցում, նախևառաջ, ակտիվություն է ցուցաբերելու թուրքական կողմը, որը փորձելու է իր հակահայ քաղաքականության համար ուղղակի, թե անուղղակի արդյունքներ ապահովել նաև Ռուսաստանի միջոցով` հարաբերությունների հնարավոր զարգացմանը զուգահեռ:



Ինչպես նկատեցինք, պուտինյան այցի ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների, Հայոց ցեղասպանության կամ Արցախի հարցերն օրակարգում կարևորագույն տեղ չունեին, եթե դատենք ղեկավարների հայտարարություններից և  լրատվամիջոցների տեղեկություններից: Իհարկե, միայն սրա վրա հենվելով` ասել, թե Պուտինն ու Էրդողանը չեն քննարկել ուղղակիորեն մեզ առնչվող հարցեր, այնքան էլ ճիշտ չի լինի: Ի վերջո, հայկական գործոնը ևս իր կարևոր տեղն ու դերն ունի Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում:



Եվ վերջում կարող ենք հիշել հայտնի այս խոսքերը` «Չկան մշտական բարեկամներ կամ թշնամիներ, կան մշտական շահեր»: Դիպուկ է ասված:



Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

 

Նույն շարքից