Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Ապրիլի 24-ին Թուրքիայում հիշելու են Դարդանելի գործողության հարյուրամյակը

analitik.am

Թուրքիայի նախագահ Էրդողանը պատասխանում է ՀՀ նախագահ Սարգսյանի հրավերին` մասնակցելու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը: Պատասխանում է թուրքական ձևով, հաշվարկված ու մտածված պատասխան հրավերով: Առաջարկում է Սարգսյանին այցելել Թուրքիա` մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-րդ տարելիցի միջոցառումներին, որոնց մեկնարկը տրվելու է... ապրիլի 24-ին:

 

Այժմ ամեն ինչ հերթականությամբ:

 

Էրդողանի` 2014 թվականի օգոստոսին կայացած նախագահի երդմնակալության արարողությանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը նորընտիր նախագահին փոխանցեց Հայաստանի նախագահի հրավերը` ապրիլի 24-ին ժամանելու Երևան և Ծիծեռնակաբերդում հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Թուրքական կողմը, բնականաբար, անմիջապես չպատասխանեց հրավերին: Այս ընթացքում գլխավոր հարցն այն էր, թե արդյոք Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կժամանի Հայաստան, թե ոչ: Հասկանալի է, որ որքան էլ Թուրքիայի նախագահի այցն անհավանական էր թվում, այնուամենայնիվ, թուրքական իշխանությունների` վերջին տարիների որդեգրած քաղաքականությունն Էրդողանի ժամանելու համար փոքր հնարավորություն թողնում էր:

 

Թեև Էրդողանը դեռ պաշտոնապես չի պատասխանել հայկական կողմի հրավեր-նամակին, սակայն նրա վերջին հայտարարություններն արդեն կարելի է ընկալել որպես պատասխան` պատասխան մերժումի տեսքով:

 

Հունվարի 15-ին Էրդողանն Անկարայում ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իսկ արդեն համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը բացեց խաղաքարտերը` ասելով, որ Թուրքիան պատրաստվում է նշել Դարդանելի գործողության 100-րդ տարին ապրիլի 24-ին: Էրդողանը հավելեց, թե արարողություններին մասնակցելու հրավեր է ուղարկել տարբեր պետությունների ղեկավարների, իսկ Ալիևը հավելեց, որ այդ օրը լինելու է Չանաքքալեում (Դարդանելի թուրքական անվանումը): Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները սկսեցին տարածել տեղեկություն այն մասին, որ Էրդողանը Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումների համար հրավեր է ուղարկել նաև ՀՀ նախագահին:

 

Թուրքական իշխանությունները չէին էլ թաքցնում, որ պատրաստվում են մեծ շուքով ու խոշոր միջոցառումներով նշել Առաջին աշխարհամարտի կարևոր ճակատամարտերից մեկի հարյուրամյակը: Թուրքերը չէին էլ թաքցնում, որ աղմուկ առաջացնող ու զանգվածային միջոցառումներով փորձելու էին թուլացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի ազդեցությունը: Սակայն Էրդողանի վերջին հայտարարության կարևորագույն մասն օրվա ընտրությունն էր: Դարդանելի գործողությունը հիշել այն նույն օրը, երբ աշխարհում նշում են Ցեղասպանության տարելիցը:

 

Կարևոր է կրկնել, որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության ժամանակացույցի տեսանկյունից առանձնացող օր չէ (ֆրանս-բրիտանական զորքերն ափ են իջեցվել ապրիլի 25-ին), ինչը կրկին ու կրկին ընդգծում է այն, որ օրն ընտրվել է Անկարայի քաղաքական խնդիրները լուծելու համար:

 

Օրվա ընտրության մյուս կարևոր ուղերձն այն է, որ հստակ է դառնում` Էրդողանը չի այցելի Հայաստան` ապրիլքսանչորսյան միջոցառումներին մասնակցելու համար: Իհարկե, այն, որ Էրդողանը չէր այցելի Երևան, սպասելի էր, բայց կարևոր էր, թե ինչպես էր ձևակերպելու այցից հրաժարվելու իր որոշումը:  Եվ արդեն ունենք այդ ձևակերպումը: Պատկերն այն է, որ Էրդողանը բավարարվեց ոչ միայն մերժման ուղերձով, այլ նաև փորձ է կատարում ապրիլի 24-ին նախաձեռնողի դերում լինել:

 

Եվ այժմ ապրիլի 24-ին շատերիս հայացքներն ուղղված են լինելու ոչ միայն Ծիծեռնակաբերդ` տեսնելու, թե միջազգային առաջնորդներից ով եկավ մեր վիշտը կիսելու, այլ նաև, թե ով այդ օրը հիշելու համար ընտրեց Թուրքիան և Դարդանելի գործողության հարյուրերորդ տարին:

 

Այստեղ հարկավոր է հիշել մեկ կարևոր փաստ ևս: Դարդանելի ճակատամարտը հիշելու առիթ ունեն նաև հայերը, ինչպես և Օսմանյան կայսրության այլ ազգություններ: Այս ճակատամարտին օսմանյան բանակի կազմում մեծ թվով հայ զինծառայողներ են մասնակցել, որոնցից շատերն աչքի են ընկել իրենց խիզախությամբ: Թուրքիայում ևս հայտնի է «Դարդանելի հայ հերոս», օսմանյան բանակի կապիտան Սարգիս Թորոսյանի պատմությունը, երբ նա օսմանյան բանակի համար հերոսաբար պայքարում էր, իսկ թիկունքում նրա ընտանիքի անդամներին կոտորում և աքսորում էին հարյուր հազարավոր այլ հայերի հետ:

 

Թորոսյանի դեպքը կարող է մեզ համար կարևոր ուղերձ լինել առաջիկա ամիսներին` հաշվի առնելով, որ Թուրքիան արդեն նախանշել է Դարդանելի գործողության միջոցառումները Հայոց ցեղասպանության արարողությունների դեմ կիրառելու իր մարտավարությունը:

 

Հ.Գ. Հոդվածը գրելու պահին ՀՀ նախագահի պատասխանն Էրդողանի հրավերին դեռ հայտնի չէր:

 

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Նույն շարքից