Հիշում եմ և պահանջում 

«100 վայրկյան». նախագիծ՝ հիմնված Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը չորս հիմնական սյուների շուրջ է տեղի ունենում՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար, վերածնունդ: «100 վայրկյան» նախագիծը մեծ ներդրում ունի հատկապես հիշողություն բաժնում:

 

Կոմիտասի թանգարան ինստիտուտում ներկայացնելով «100 վայրկյան» նախագծի շնորհանդեսը՝ այս մասին ասաց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Վիգեն Սարգսյանը:

 

«Մեդիամաքս մեդիա» ընկերության ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ղեկավարները ներկայացնելով նախագիծը՝ նշեցին, որ այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա, որոնք հրապարակվել են Հայաստանի ազգային արխիվի կողմից: Աշխարհում կամ իրենց երկրներում հայտնի մարդկանց՝ գրողներին, երաժիշտներին, դերասաններին, լրագրողներին առաջարկվել է կարդալ 100 վայրկյան տևողությամբ հատվածներ այդ վկայություններից:

 

Նախագծի շրջանակներում պատրաստվել է 24 տեսահոլովակ, որոնք մարտի 23-ից սկսած ամեն օր տեղադրվելու են համացանցում:

 

 

«Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանն ասաց, որ նախագծի գլխավոր նպատակը մարդկության ուշադրությունը գրավելն է այն սոսկալի տառապանքների վրա, որոնք 100 տարի առաջ կրել են հայերը. «Այդ վկայությունները հեշտ չի կարդալ և լսել, սակայն որքան շատ մարդ ցնցվի լսածից, այդքան մեծ կլինի հավանականությունը, որ նրանք կանեն հնարավոր ամեն ինչ՝ նոր ցեղասպանություններ թույլ չտալու համար»:

 

«100 վայրկյան»  նախագծի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով՝ այս ծրագիրն ունի շատ կարևոր նշանակություն:

 

«Պատգամ ենք ուղարկում քաղաքակիրթ աշխարհին՝ ասելով, որ պետք է հիշեն և դատապարտեն ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ նշում ենք, որ եթե չդատապարտեն, ապա իրենք խրախուսում են ոճիրը»,-ասաց Ռալֆ Յիրիկյանը:

 

 

Նախագծի հեղինակներն ասացին, որ այն ունի սկիզբ, բայց ավարտ չունի։

 

«Համացանցում դրա տեղադրումն ուղղակի կավարտվի ապրիլի 23-ին, սակայն միշտ բաց և հասանելի է բոլորի համար»,-ընդգծեց Արա Թադևոսյանը:

Նույն շարքից