Գլխավոր Իրավական 

Հանգամանք, որը կարող է խանգարել Ռոբերտ Քոչարյանի մասով գործի արդար քննությանը

analitik.am

Երեկ՝ հուլիսի 26-ին ՀՀ ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Առաջին հայացքից նորմալ է, որ Մարտի 1-ի դեպքերով հարուցված քրեական գործը, որը մոտ 10 տարի քննվում է, վերջապես զարգացումներ է ապրում: Սակայն, կա մի հանգամանք, որը կարող է խոչընդոտել գործի արդար և իրավական հարթության մեջ քննությանը:

Այսպես՝ ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը բավականին երկար տարիներ լարված հարաբերություններ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս փոխադարձ հակակրանքը և ընտանեկան թշնամանքը խորն արմատներ ունի, որոնք կապ ունեն Սասուն Խաչատրյանի հոր՝ Մհեր Խաչատրյանի հետ:

Մհեր Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է դատական համակարգում, ինչի մասին խոսել է նաև ներկայիս ՀՔԾ պետն իր հարցազրույցներից մեկում: Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում Մհեր Խաչատրյանի մասնագիտական առաջընթացը վերածվեց հետընթացի: Քոչարյանի ջանքերով Խաչատրյանի պաշտոնը ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնից իջեցվեց նախ մինչև ՀՀ Վերաքննիչ դատարանի նախագահ, ապա՝ Արաբկիր վարչական շրջանի դատարանի նախագահ:

Դատական իշխանության ամենաբարձր ատյանից մինչև ամենացածր ատյան հետընթացը պայմանավորված էր բացառապես Ռոբերտ Քոչարյանի՝ Մհեր Խաչատրյանի նկատմամբ ունեցած, մեղմ ասած, բացասական վերաբերմունքով: Փաստացի առկա է ընտանեկան և անձնական թշնամանք Սասուն Խաչատրյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, ինչը բնականաբար հիմքեր է տալիս ենթադրել, որ Մարտի 1-ի դեպքերի բացահայտման առթիվ հարուցված քրեական գործը կարող է վերածվել անձնական հաշվեհարդարի կամ պարունակել սուբյեկտիվիզմի տարրեր:

Նման դեպքերում, շատ ավելի իրավաչափ մոտեցում է համարվում, երբ գործի քննությունը հանձնվում է մեկ այլ մարմնի, որի ղեկավարն անձնական կամ  ընտանեկան թշնամանք չունի գործով անցնող այս կամ այն անձի՝ այս դեպքում Ռոբերտ Քոչարյանի, նկատմամբ:

Նույն շարքից