Հասարակություն 

Սևանի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսվարողները և վարձակալները բողոքի ակցիա են իրականացրել

analitik.am

Օգոստոսի 7-ին Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսվարողներ և վարձակալներ բողոքի ակցիա են իրականացրել Սևան-Երևան մայրուղու Գագարինի հատվածում՝ իրենց պահանջները չլսելու դեպքում սպառնալով փակել մայրուղին:
Բողոքի ակցիա իրականացնողների հետ անձամբ տեղում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

«Մեզ զայրացնում է որոշ բնապահպանների շինծու պահվածքը և նրանց կողմից շրջանառվող այն ապատեղեկատվությունը, որ իբրև թե Սևանի ջուրը թունավորված է ազոտով, որի ջրերում լողանալը վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար: Այս անհիմն կարծիքին ավելանում են նաև իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող ապատեղեկատվություններ սոցցանցերով կամ առանձին լրատվամիջոցներով, որ իբր ծովագյուղցի ձկնորսի ցանցում ծովահրեշ է հայտնվել, որ զանազան այլ վտանգների հետ է կապված Սևանա լճի ափին հանգստանալը կամ լճում լողանալը: Այս շինծու քարոզչությունը հանգեցրել է նրան, որ այս հանգստյան սեզոնում Սևանի ափին կտրուկ նվազել է հովեկների և զբոսաշրջիկների հոսքը: Փոխարենը պետության կողմից չի իրականացվում համարժեք ու բավարար քարոզչություն, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները չտուժեն տարածվող ապատեղեկատվությունների արդյունքում»,-իրենց պահանջը ներկայացրին տնտեսվարողները և վարձակալները:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը բողոքի ակցիա իրականացնողներին տեղեկացրեց, որ թե իր, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, թե «Սևան Ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանի կողմից արդեն արվել են քարոզչության համար բոլոր անհրաժեշտ ակցիաները, որպեսզի հանրությունը լիարժեք համոզված լինի լճի ջրի մաքրության, հանգստյան անվտանգ սեզոնի կազմակերպման հետ կապված հարցերում:

«Մենք հավաստում ենք, որ Ձեր, ՀՀ առողջապահության նախարարի ու Ազգային պարկի տնօրենի կողմից վերջերս իրականացված ակցիաների արդյունքում Սևանի հանգստյան գոտիներում սկսեց աճել հովեկների և զբոսաշրջիկների հոսքը: Սակայն դրանից օրեր անց հետևեցին որոշ բնապահպանների հայտարարությունները Սևանա լճի ջրի թունավորված լինելու մասին, և ամեն ինչ գնաց արդեն հակառակ հունով: Մենք խնդրում ու պահանջում ենք՝ հրապարակավ լաբորատոր փորձաքննության ենթարկել Սևանի ջուրը և պետական մարմինների միջոցով հավաստել, որ այն մաքուր է, վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը: Հանգստյան սեզոնն արդեն կիսվում է, իսկ եթե մենք այս ոչ բավարար տեմպերով փակենք այն, չենք կարողանա աշխատավարձեր վճարել, հարկային պարտավորություններ կատարել»,-բողոքեցին տնտեսվարողները:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը տեղում հեռախոսով կապ հաստատեց ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարների հետ՝ նրանց ներկայացնելով տնտեսվարողների բողոքը և ստեղծված իրավիճակը: Մարզպետի և նախարարների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համատեղ քննարկել ստեղծված իրավիճակը և ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի հովեկների և զբոսաշրջիկների հոսքը Սևանի ափ անհիմն տեղեկությունների կամ քայլերի պատճառով նվազման միտումներ չդրսևորի:

«Մենք ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ կանենք հնարավորը, որպեսզի ապահովենք ապատեղեկատվությունը լիարժեքորեն հերքող քարոզչություն: Միաժամանակ կառավարության հետ համատեղ մշակում ենք ձմեռային տուրիզմի համար անհրաժեշտ ենթակառուցվածների զարգացման ծրագրերի ներդրումային քաղաքականություն, որպեսզի մոտ ապագայում հանգստյան սեզոնը դառնա ավելի տևական ու եկամտաբեր»,-բողոքի ակցիա իրականացնողներին դիմեց մարզպետը՝ հորդորելով դադարեցնել բողոքի ակցիան և անցնել իրենց առօրյա աշխատանքին:

 

Նույն շարքից