Հասարակություն 

Այնթափի հերոսամարտից մինչև Հայոց ցեղասպանության թանգարան

analitik.am

Օգոստոսի 29-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու փոխնախարար Դավիթ Սարգսյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մասնակցեցին նվիրատվության միջոցառման: Սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը թանգարանին նվիրաբերեց ընտանեկան մասունք՝ Այնթափի հերոսամարտի ընթացքում օգտագործված 1877թ. արտադրության ատրճանակ:

Արարողությանը  մասնակցում էին նաև Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմը:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստեցին այս նախաձեռնության իրականացմանը. «Երբ մենք պարոն Բարսեղյանից ստացանք տեղեկություն, որ կա նման ցանկություն, անմիջապես կապ հաստատեցինք Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Կրթության և գիտության նախարարության  համապատասխան վարչության հետ, և խնդիրը շատ արագ լուծվեց»:

Նախարարը նաև ընդգծեց, որ այս մասունքն ուղղակի ատրճանակ չէ, այն հայ ժողովրդի ուժի և կամքի իրեղեն ապացույցն է. «Չնայած մեր պատմության ծանր էջերին, կան մի քանի լուսավոր կետեր, երբ ամենածանր իրավիճակում գտնվող մեր հայրենակիցները կարողացել են համախմբվել ու ինքնապաշտպանական մարտեր մղել: Սա հայ ժողովրդի հոգու, կամքի ուժի, միասնականության ու մինչև վերջ հանուն հայրենիքի, հանուն հայության պայքար մղելու պատրաստակամության ապացույցն է»:

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը նշեց, որ ատրճանակի տեղափոխումը Հայաստան, տևել է մոտ 4 տարի. «Դժբախտաբար, նաև պատերազմական պայմանների պատճառով դժվարություններ առաջացան տեղափոխման համար: Միայն վերջերս սիրիացի պաշտոնյաներին դիմելուց հետո կարողացանք այն փոխադրել Հայաստան»:

Նախքան ատրճանակի հանձնումը՝ Ջորջ Բարսեղյանը պատմեց դրա պատմությունն ու թե ինչու էր ուզում, որ այն հանգրվաներ հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում. «Ատրճանակը եղել է իմ մեծ հոր՝ Գրիգոր Բարսեղյանինը: Նա այն օգտագործել է Այնթապի հերոսամարտի ընթացքում, հետո, Սիրիա գաղթելիս, տարել է իր հետ: Պապս ու հայրս դրա մասին շատ պատմություններ են պատմել:

Այս ատրճանակի տեղը Հայաստանը, հատկապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է, քանի որ, մենք հավատում ենք, որ Ցեղասպանությունը վերապրածների հոգիները գտնվում են այս հուշահամալիրում»:

Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմը:

Նույն շարքից